Microsoft-ը հայաստանցի մասնագետին պատվիրել է հայերեն տառատեսակներ ստեղծել
Microsoft ընկերությունն առաջին անգամ հայաստանցու՝ հանրաճանաչ տառաստեղծ Ռուբեն Թառումյանին պատվիրել է հայերեն տառատեսակներ ստեղծել, որն այնուհետև կօգտագործվի ընկերության ծրագրերի հայերեն տարբերակների մեջ: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Microsoft-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Գրիգոր Բարսեղյանը: Նրա խոսքով՝ նոր տառատեսակները կլինեն հատուկ ընկերության շուկայի և արտադրանքը սպառողների համար:
«Դրանք ավելի կհարստացնեն այն հայկական տառատեսակների ցանկը, որը ներկայում օգտագործվում է Microsoft-ի պրոդուկտների հայերեն տարբերակներում»,- ասաց Գ. Բարսեղյանը:
Նրա խոսքով՝ Windows 8-ը և նոր MS Օffice-ն արդեն հասանելի են նաև հայերեն լեզվով:
«Միանգամից նշեմ, որ հպարտ ենք, որովհետև մեր տարիների աշխատանքի արդյունքում, առաջին անգամ, նման արագությամբ մենք կարողացանք գրեթե միաժամանակ, անգլերեն տարբերակների հետ միասին, նաև ունենալ դրանց հայկական տարբերակները»,- ասաց Գ. Բարսեղյանը: Նրա խոսքով՝ այդ ամենից բացի, ծրագրերի հայերեն տարբերակներում բավականին բարելավումներ են կատարվել. խոսքը վերաբերում է թե ծրագրերի թարգմանության որակին, թե ուղղագրական մասին:
Microsoft-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Գրիգոր Բարսեղյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ առաջիկայում կարող եք կարդալ «168 ժամ» թերթում: