«Ի՞նչ պետք է անի քո տղան, սիրելի պաշտոնյա, երբ բացի ռեստորաններում ուտելև խմելուց` ուրիշ բան չի արել այս քաղաքում»
«Ինձ ընդդիմադիր չեմ համարում: Ես մարդ եմ, ով սիրում է արդարություն, ազնվություն և սիրում է իր քաղաքը: Ես Երևանով հիվանդացած մարդ եմ: Ամեն անգամ երևանյան պրոբլեմները կուտակվելով սրտիս մեջ՝ հանգեցրեց նրան, որ երբ «Ժառանգություն» կուսակցությունն առաջարկեց ինձ լինել ավագանու իր ցուցակում, շատ ուրախացա, որ, կարող եմ օգտակար լինել»,- մեզ հետ զրույցում ասաց երգիչ Արթուր Իսպիրյանը:
Արվեստի, մշակույթի ներկայացուցիչները Հայաստանում, կարելի է ասել, ընդգրկվում են բացառապես իշխող` Հայաստանի հանրապետական կուսակցության համամասնական ցուցակներում: Այդ առումով երաժշտարվեստի ներկայացուցչին ընդդիմության շարքերում տեսնելը փոքր-ինչ զարմանալի էր: Նշենք, որ Արթուր Իսպիրյանը Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից ստեղծված «Բարև, Երևան» նախընտրական դաշինքի Երևանի ավագանու ցուցակի ութերորդ համարն է: Արթուր Իսպիրյանն ասաց, որ թեև ինքը կուսակցական չէ և լավ ընկերներ ունի՝ թե ԲՀԿ-ի, թե ՀՀԿ-ի շարքերում, սակայն առաջարկը եղել է «Ժառանգության» կողմից, և քանի որ մինչ օրս տեսել է, թե այդ կուսակցության ներկայացուցիչներն ինչպես են ակտիվորեն պրոբլեմատիկ հարցեր բարձրացնում, վստահել է: «Ազգային ժողովում այսօր միայն «Ժառանգությունը» և ՀԱԿ-ն են պրոբլեմների մասին խոսում: Շատ վաղուց ճանաչում եմ Րաֆֆի Հովհաննիսյանին և նրա ընտանիքին. վերին աստիճանի ազնիվ և հայրենասեր ընտանիք է»,- նշեց մեր զրուցակիցը: Արթուր Իսպիրյանը նաև նկատեց, որ Երևանում խնդիրներն այնքան են կուտակվել, որ ինքն այլևս չէր կարող մասնակցություն չունենալ: «Ես տեսնում եմ միլիոնավոր պրոբլեմներ, որոնք պետք է լուծվեն: Ես չեմ կարծում, որ դրանք այնպիսի պրոբլեմներ են, որոնք չի կարող լուծել քաղաքապետարանը: Ես ուզում եմ գնալ և բարձրացնել այդ պրոբլեմները»,- ասաց Արթուր Իսպիրյանը: Նրա կարծիքով, Երևանի ամենամեծ խնդիրն այն է, որ քաղաքապետերն այն համարում են իրենց բիզնես նախագիծը: «Որևէ քաղաքապետ, գալով իշխանության՝ Երևանը պատկերացնում է որպես բիզնես: Երևանը բիզնես չէ, Երևանը մարդ է: Բոլոր քաղաքապետերն էլ այդպես են մտածել, քանի որ իրենք կուսակցական են, և կուսակցության անդամների, վերադասի թելադրանքով իրենք ընդունում են որոշումներ, որոնք անընդունելի են այս քաղաքի համար»,- նկատեց երաժիշտը: Ներկայիս քաղաքապետ Տարոն Մարգարյանը ևս, Արթուր Իսպիրյանի կարծիքով, չունի քաղաքական կամք՝ որոշումներն ինքնուրույն կայացնելու համար: Տարոն Մարգարյանին նախորդած քաղաքապետ Կարեն Կարապետյանը, ըստ Ա. Իսպիրյանի, այլ մտածողություն ուներ: «Նա «ո՛չ» ասել գիտեր: Նա Երևանը որպես բիզնես չէր դիտում, նա չէր եկել` այս կամ այն տարածքը գրավեր, եկել էր աշխատելու համար»,- ասաց երգիչը: «Ոչ» չասելու արդյունքում, ըստ Ա. Իսպիրյանի, աղճատվում է քաղաքի ճարտարապետական տեսքը, կրճատվում են կանաչ տարածքները: «Օպերայի կողքի սրճարաններում նորից կառուցապատումներ են ընթանում, Բուսաբանական այգին անտերության է մատնված: Ամեն հարգող կառավարություն քաղաքում ունի ազգային պարկ, ո՞ւր է մեր ազգային պարկը: Այսօր Կենդանաբանական այգու կողքերն այնքան են ռեստորաններով ապականել, որ այդ ռաբիս երաժշտությունից բոլոր գազանները երևի ռաբիս դառնան՝ ռաբիս առյուծ, ռաբիս փիղգ Աղբի հարցն այս քաղաքում չեն կարողանում լուծել: Բնակելի որ շենքի մուտքը մտնում ես՝ աղբի հոտ է գալիս, մի օր ժանտախտ կտարածվի»,- քաղաքի խնդիրներն է թվարկում երգիչը: Իբրև հնաբնակ երևանցի՝ Արթուր Իսպիրյանը ցավով նշեց նաև Փակ շուկայի արտաքին տեսքի աղավաղման փաստը: Արթուր Իսպիրյանը համոզված է, որ եղած խնդիրները կարող են լուծել իր նմանները, ովքեր ճանաչում են հին Երևանը և կարող են հասկանալ մայրաքաղաքի վերքերը: «Նայում եմ ՀՀԿ-ի ցուցակները, բոլորը Ազգային ժողովի պատգամավորների տղաներ են: Ի՞նչ պետք է անի քո տղան, սիրելի պաշտոնյա, երբ բացի ռեստորաններում ուտել-խմելուց` բան չի արել այս քաղաքի համար: Ի՞նչ պետք է անի, երբ նա փորձ չունի: Ես կոչ եմ անում բոլոր կուսակցություններին՝ իրենց երեխաներին հանել ցուցակներից»,- նշեց «Բարև, Երևան» նախընտրական դաշինքի թեկնածուն: Արթուր Իսպիրյանը համոզված է, որ կկարողանա խնդիրներ առաջ քաշել քաղաքապետարանում, եթե անգամ «Բարև, Երևանը» մեծամասնություն չկազմի: Նա համոզված է, որ այն, ինչ առաջարկելու է, պետք է ընդունելի լինի Երևանը սիրողների համար. «Ես երբեք չեմ ենթարկվի սխալ որոշումների, երբեք չեմ ստորագրի մի բան, որը Երևանի օգտին չի լինի»: Մեր այն հարցին, թե «Բարև, Երևանի» հաջողությունները որքանո՞վ են կախված Րաֆֆի Հովհաննիսյանի հետընտրական քայլերից, Ա. Իսպիրյանը պատասխանեց, թե Ր. Հովհաննիսյանի հետընտրական քայլերի մասին տեղեկացված չէ, նույնիսկ մինչ հացադուլը չգիտեր, որ «Ժառանգության» առաջնորդը պատրաստվում է հացադուլի, սակայն չի կարծում, թե ժողովրդին հիասթափեցնելու առիթ տվել է Րաֆֆի Հովհաննիսյանը: «Ինչո՞ւ պետք է մարդիկ հուսահատվեն ճիշտ խոսքից: Երբ խոստումներ են տրվում և չեն կատարվում այդ խոստումները՝ դրանից են մարդիկ հուսահատվում: Րաֆֆի Հովհաննիսյանն ի՞նչ սխալ բան է ասել, որ հուսահատվեն, ոչ մի բացթողում չի եղել իր կողմից: Նա ազնվություն է ուզում, արդարություն է ուզում, ուզում է՝ երկիրը դառնա հզոր և բարգավաճ, ինքը ոչինչ չի ասել, որ ժողովուրդը հիասթափվի, ոչինչ խոսք չի տվել և խոսքից ետ կանգնել»,- համոզված է Ա. Իսպիրյանը: Երգիչը կարծում է, որ Րաֆֆի Հովհաննիսյանն, ի տարբերություն մյուս ընդդիմադիրների, լարվածություն չի մտցնում, չի փնովում իր մրցակիցներին, այլ՝ կամաց-կամաց հասկացնում է իշխանություններին, որ այսպես շարունակել չի կարելի: Հարցին, թե արդյոք իշխանությունները «հասկանո՞ւմ» են Ր. Հովհաննիսյանի ասածները, և արդյոք Սերժ Սարգսյանը պատրա՞ստ է կրկին երկխոսել նրա հետ, Ա. Իսպիրյանը պատասխանեց, թե համոզված է միայն մի հարցում՝ Սերժ Սարգսյանը և Րաֆֆի Հովհաննիսյանը կհանդիպեն, բայց թե ի՞նչ կպայմանավորվեն, դժվարացավ պատասխանել: «Ես չեմ հասկանում՝ ի՞նչ է կատարվում, բայց մի բան հասկանում եմ, որ եկել է կրիտիկական պահ, որ ամեն ինչ պետք է փոխել, էսպիսի կառավարություն մեզ պետք չէ: Կառավարության որոշ անդամներ իրենց ռեպլիկներով ավելի շատ են գրգռում ժողովրդին: Նրանք պետք է հասկանան, որ իրենց բերանը պետք է փակել, որ իրենց արտահայտած ամեն մի լկտի արտահայտություն ավելի շատ մարդ է բերում Ազատության հրապարակ»,- եզրափակեց Ա. Իսպիրյանը:
ԱՆԱՀԻՏ ՓԻԼՈՍՅԱՆ