Բաժիններ՝

Հայտնի է դարձել Թուրքիայի երկրորդ ատոմակայանը կառուցողի անունը

Թուրքական The Lira թերթի փոխանցմամբ՝ ճապոնական Mitsubishi ընկերությունը շահել է Թուրքիայի երկրորդ ատոմակայանը կառուցելու մրցույթը, որը կառուցվելու է Սինոպում: Նշվում է, որ Mitsubishi-ն Սինոպի ատոմակայանը կառուցելու է ֆրանսիական Areva SA ընկերության հետ, սակայն նախագծի օպերատորի դերում հանդես է գալու Mitsubishi-ն:

Սինոպի ատոմակայանի կառուցումը մեկնարկելու է 2017 թվականին, իսկ մինչև 2023 թվականը (Թուրքիայի Հանրապետության հիմնադրման 100-ամյակ) ատոմակայանը սկսելու է արտադրել էլեկտրաէներգիա: Նախագիծը գնահատվում է մոտ 22 միլիարդ դոլար:

Ուշագրավ է, որ 2012 թվականի դեկտեմբերին Թուրքիայի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը հայտարարել էր, որ Թուրքիան Ճապոնիային բացառել էր Սինոպի ատոմակայանի կառուցման թեկնածուների թվից՝ նրա առաջարկած նախագծի ոչ ամբողջական լինելու պատճառով: Բացի Ճապոնիայից, Սինոպի ատոմակայանի կառուցման մրցույթին մասնակցում էին Կանադան, Չինաստանը և Հարավային Կորեան:

Հիշեցնենք, որ այն բանից հետո, ինչ Թուրքիայի կառավարությունը տարիներ առաջ Ատոմային էներգիայի ազգային ինստիտուտի առաջարկած 8-9 թեկնածու քաղաքներից ընտրեց Սինոպը (ընտրության հիմքում ընկած էին 43 չափանիշ` ներառյալ կլիմայական պայմանները), այդ քաղաքի և ընդհանրապես սևծովյան ծովափնյա բնակչությունը սկսեց բողոքել:

Միջին տարիքի կանայք ստորագրահավաք կազմակերպեցին և իրենց կազմակերպությունն անվանեցին «Մայրերն ընդդեմ ատոմային էներգիայի»: Ձկնորսները նույնպես բողոքեցին ատոմակայանի կառուցման դեմ` գտնելով, որ նախ` դա կսահմանափակի ձկնորսությունը և երկրորդ` ո՞վ կցանկանա միջուկային ռեակտորի շրջակայքում բռնված ձուկ ուտել:

Սակայն սևծովյան շրջանի բնակիչներն ատոմակայանի կառուցման դեմ ունեին ևս մեկ ծանրակշիռ փաստ: Ծովափնյա բնակչությունն իրեն համարում է Չեռնոբիլյան աղետի ուղղակի զոհը: Ուկրաինայից դեպի Թուրքիա քամու բերած ռադիոկատիվ ամպերի պատճառով երկրի արևելյան-սևծովյան շրջաններում անցկացված բժշկական հետազոտությունները ցույց են տալիս, որ մահացածների 48 տոկոսը տառապում է ուռուցքային հիվանդություններով:

Ընդհանուր առմամբ, Թուրքիան առայժմ պլանավորել է կառուցել 3 ատոմակայան: Թուրքիայի առաջին ատոմակայանը կառուցվելու է միջերկրածովյան Մերսին նահանգի Աքքույու վայրում: 2010 թվականին դրա կառուցման իրավունքը շնորհվեց Ռուսաստանին: Աքքույուի ատոմակայանի կառուցումը մեկնարկելու է 2014 թվականից, այն էլեկտրաէներգիա կսկսի արտադրել 2020 թվականից:

Առաջին փուլում ատոմակայանի էներգետիկ հզորությունը կազմելու է 4800 մեգավատ: Ատոմակայանն ունենալու է 4 էներգաբլոկ, որոնցից յուրաքանչյուրի հզորությունը կազմելու է 1200 մեգավատտ: Նախատեսվում է, որ ատոմակայանի էներգաբլոկները շարք են մտնելու մեկ տարի հաջորդականությամբ: Նախագիծն ընդհանուր առմամբ գնահատվում է 20 միլիարդ դոլար, որից թուրքական մասնաբաժինը կազմում է 7.5 միլիարդ դոլարը:

Ենթադրվում է, որ երրորդ ատոմակայանը կառուցվելու է Թուրքիայի եվրոպական հատվածում գտնվող Իղնեադա վայրում` Բուլղարիայի սահմանից ոչ հեռու: Ավելի վաղ Թաներ Յըլդըզը հայտարարել էր, որ թուրքական ատոմակայաններն էլեկտրաէներգիա են արտադրելու մինչև 2019 թվականը, իսկ մինչև 2023 թվականը (Թուրքիայի Հանրապետության հիմնադրման հարյուրամյակ) Թուրքիան մտադիր է կառուցել ևս մեկ ատոմակայան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս