
Իրանը Սիրիայում շիաներից ու ալավիներից ձևավորել է իրանամետ աշխարհազոր. Le Figaro

Ֆրանսիական Le Figaro թերթի փոխանցմամբ՝ սիրիական անվտանգության համակարգի աստիճանաբար թուլացումն ուժեղացրել է իրանցիների ազդեցությունը, որոնք մասնակցում են անձամբ նախագահ Բաշար Ասադի անվտանգության ապահովմանը:
50.000-անոց «Ժողովրդական բանակը», որը ձևավորվել է սիրիացի-շիաներից ու ալավիներից, սիրիական բանակի հետ մեկտեղ Դամասկոսի վարչակարգը պաշտպանում է սուննի-ապստամբներից: Նրա լավագույն մարտիկները նախապատրաստություն են անցել «Հզբոլլահի» և Իրանի Իսլամական հեղափոխության պահակազորի «Քուդս» հատուկ նշանակության ուժերի մոտ:
Նախորդ տարվա օգոստոսին Պենտագոնի ղեկավար Լեոն Փանեթան ընդգծել էր, որ Իրանը Սիրիայի ներսում ձևավորում է աշխարհազոր: Դեկտեմբերին հաստատվել էր «Ժողովրդական բանակի» մասին տեղեկատվությունը, և Վաշինգտոնը Իսլամական հեղափոխության պահակազորին մեղադրել էր «Բասիջի» օրինակով Սիրիայում իրանամետ աշխարհազոր ձևավորելու, նախապատրաստելու, սպառազինելու ու ֆինանսավորելու մեջ:
Բացի Բաշար Ասադին պաշտպանելուց, «Ժողովրդական բանակը» ստեղծվել է որպես Սիրիայում իրանական ազդեցության գործիք, եթե Ասադը զրկվի իշխանությունից: