«Լրջությունն է հումոր ծնում. ամեն լուրջ բան խորը վերլուծության դեպքում ծիծաղելի է»
Այսօր Նկարիչների միությունում բացվեց երգիծանկարների ամենամյա փառատոնը: Առաջին անգամ անկախ Հայաստանը միացավ երգիծանկարների ամենամյա փառատոնին: Ցուցահանդեսի բացմանը ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին երգիծաբան Արամայիս Սահակյանի հիշատակը, ապա ցուցահանդեսը հայտարարվեց բացված: Ցուցահանդեսի հիմքում գիրքն էր, ընթերցանությունը: Աշխարհի 50-ից ավելի երկրներից, այդ թվում՝ Չինաստանից, Գերմանիայից, Ռուսաստանի Դաշնությունից, ԱՄՆ-ից, շատ երգիծանկարիչներ իրենց աշխատանքներն էին ուղարկել Երևան՝ ցուցահանդեսին մասնակցելու համար: Թեև հավաքված բոլոր երգիծանկարիչները փաստեցին, որ այսօր մեր հասարակության շրջանում հումորը պակասել է, սակայն հույս հայտնեցին, որ հնարավոր է նմանատիպ փառատոների, ցուցադրությունների միջոցով հանրությանը վերասովորեցնել հումորը տեսնելու և գնահատելու արվեստը: Երգիծանկարիչների միջազգային մրցույթների դափնեկիր, երգիծանկարիչ Կարո Ջահանգիրովը, ով ցուցադրությանը ներկայացրել էր իր աշխատանքներից մի քանիսը, մեզ հետ զրույցի ընթացքում ասաց, որ լրջությունն է հումոր ծնում, ամեն լուրջ բան խորը վերլուծության դեպքում ծիծաղելի է: «Ես ցուցադրությանը ներկայացրել եմ իմ մի քանի աշխատանքներից: Քանի որ թեման գիրքն էր, ես իմ աշխատանքներից մեկում պատկերել եմ Աստծուն՝ Աստվածաշունչ կարդալիս: Երբ տեղեկանում ես թեմայի մասին, միանգամից մի քանի հարցեր են առաջանում, որոնք քեզ տրամաբանորեն տանում են այս կամ այն ուղղությամբ: Մտքերի այդ հաջորդականությունից էլ ծնվում են երգիծանկարները: Իհարկե, մեզանում հումորը պակասել է: Ամբողջ աշխարհում, անգամ՝ Ադրբեջանում, ծիծաղի փառատոներ են կազմակերպվում: Երբ մտածում էինք նման փառատոն մեզ մոտ բացելու մասին, կասկած կար՝ արդյո՞ք մեզ աշխարհում կճանաչեն: Համացանցում հայտարարության տարածումից հետո մեզ բազմաթիվ նամակներ եկան, մասնակցելու հայտեր, և հասկացանք, որ մեզ գնահատում և ճանաչում են»,- ասաց երգիծանկարիչը: Գրաֆիկ-երգիծանկարիչ Հարություն Սամուելյանը ոչ միայն մասնակցում էր փառատոնի կազմակերպչական աշխատանքներին, այլև ներկայացված էր ցուցահանդեսին՝ որպես երգիծանկարիչ: Նա, ինչպես նաև հավաքված երգիծանկարիչներից շատերը, հումորով մոտեցավ այն փաստին, որ Նկարիչների միության հարակից բակը քանդվել է՝ նոր սալիկներով պատվելու համար: «Երբ այդ քանդված հրապարակն առաջին անգամ տեսանք, ես մոտեցա աշխատանքների կազմակերպչին և ասացի, որ նման միջոցառում ենք կազմակերպում: Այն միջազգային մակարդակի է, արտերկրից հյուրերի ենք սպասում: Ասացին, որ մի բան կանեն, որ այդպես քանդված չլինի Միության հարակից տարածքը, բայց, ինչպես տեսնում եք՝ մարդիկ հողոտ ոտքերով են Միություն մտնում: Ոչինչ, դրան էլ ենք հումորով մոտենում, ամեն դեպքում լավ է, որ կարողացանք նման ցուցադրություն կազմակերպել, իսկապես հետաքրքիր աշխատանքներ են ներկայացված»,- ասաց Հ. Սամուելյանը:
Նշենք, որ ցուցադրությունը կփակվի ապրիլի 6-ին: Ինչպես կազմակերպիչները նշեցին, փառատոնը կփակեն մեծ շուքով, արտերկրից ժամանած հյուրերի հետ միասին: Ցուցահանդեսի ողջ ընթացքում այցելուներին կբաժանվեն հատուկ թերթիկներ, որոնց վրա այցելուները կգրեն իրենց դուր եկած աշխատանքի համարը: Այնուհետ՝ հաշվարկի արդյունքում, ձայների մեծամասնությունը կորոշի հաղթող աշխատանքները: Հաղթողին որոշելու պատվավոր գործն այս անգամ վիճակվել էր հայտնի երգիծանկարիչ Սուքիաս Թորոսյանին (նույնինքը՝Տոտո), ով այն հարցին, թե ինչո՞ւ է քվեարկությունների արկղիկը բաց դրված, չէ՞ որ քվեարկությունները, որպես կանոն, փակ են լինում, պատասխանեց. «Մենք հիմա հայտարարում ենք , որ մեզ մոտ բաց, ազատ քվեարկություն է, լցոնումներ են լինելու, ընտրակաշառք է լիենլու, հացադուլ ենք հայտարարելու, վերջում ես եմ հաշվելու այդ ամենը ու ես ձայները կտամ ինձ: Վերջ, բոլոր ձայներն իմն են՝ առաջին, երկրորդ, երրորդ տեղերը ես եմ գրավելու»: