Բաժիններ՝

Լույս է տեսել «Գրանիշի» խուժանական համարը (լուսանկարներ)

Օրերս «The Club» ակումբում տեղի ունեցավ «Գրանիշ» գրական հանդեսի նոր համարի շնորհանդեսը: Գրական հանդեսի յուրաքանչյուր համար թեմատիկ է: «Գրանիշի» այս՝ երրորդ համարը կոչվում է «խուժանական»։

168.am-ի հետ զրույցում գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանն ասաց, որ մեր հասարակության մեջ թյուրընկալում կա, և ցանկացած գեղարվեստական գործ, եթե մեջն ունի բաց տեսարաններ, վատն է. «Մեր հասարակությունը հավասարապես խուժանական է համարում և՛ որևէ ֆիլմ, որում կիսաբաց կուրծք կա, և՛ պոռնոֆիլմը: Սա բերում է համահարթեցման, այսինքն` և՛ բարձրարժեք ֆիլմը կամ գրական ստեղծագործությունը, և՛ խոտանը դիտարկվում են մեկ հարթության մեջ։ Մենք ուզում ենք, օգտագործելով հենց իրենց օգտագործած բառը` «խուժանական», վերարժևորել այն և տալ լուրջ նշանակություն»։

Իսկ «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանի կարծիքով էլ՝ այն գրականությունը, որը միտված է վերացնել հասարակության մեջ տիրող կեղծ բարեպաշտական վիճակները, կոչվում է «խուժանական» գրականություն. «Իրականում այն նորմալ գրականություն է, ամբողջ աշխարհը կարդում է։ ԱՄՆ-ը այս փուլն անցել է 30-ական թվականներին, Ֆրանսիան` 90-ականներին, մենք էլ պետք է անցնենք»։

«Անտարես» հրատարակչության տնօրենը նկատում է նաև, որ երբ մենք զրուցում եք մտերմի հետ, բոլոր իրերը հանգիստ, առանց կաշկանդվելու անվանում եք իրենց անուններով. «Գրողն ընթերցողի հետ նույն ինտիմ հարաբերությունների մեջ է, և պետք է քողարկված բառեր չլինեն։ Պետք է պարզ լինեն հարաբերությունները։ Այս գրականությունը լուծում է հենց այս հարցը»:

Նշենք, որ «խուժանական» համարի շնորհանդեսն, ինչպես միշտ, օրիգինալ էր կազմակերպված. գրական մթնոլորտ, լավ երաժշտություն, հաճելի մարդիկ: Մեր այս դիտարկմանն ի պատասխան՝ Արմեն Մարտիրոսյանն ասաց. «Պետք է փորձել օրիգինալ լինել, որովհետև շնորհանդեսների տաղտկալի սովետական մոտեցումը ժամանակակից ընթերցողին, հայաստանցուն հետաքրքիր չէ։ Հայաստանցին աշխարհիկ քաղաքացի է և արժանի է, որ աշխարհում ինչ կա, ինքը նույնպես ունենա։ Մենք դա փորձում ենք իրականացնել»։

Գրող Արամ Պաչյանը ևս կարծում է, որ կան տեքստեր, որոնց մասին մեր հասարակության մեջ այնքան էլ շատ չի խոսվում, և նման թեմաների շուրջ տաբու է դրված։ Մեր այն հարցին, թե «Գրանիշի» այս համարը կվերացնի՞ այդ տաբուն, Պաչյանը պատասխանեց. «Կարծում եմ` Հայաստանում դժվար է միանգամից արդյունքի հասնել: Նման թեմաներին պետք է պարբերաբար անդրադարձ լինի։ Հրաշալի կլինի, եթե ինչ-որ բան փոխվի։ Դա կախված է ընթերցողների քանակից։ Ինչքան շատ մարդ կարդա, այնքան շատ համարի շուրջ բանավեճեր տեղի կունենան»։

«Գրանիշի» հաջորդ համարի մասին խոսելով՝ Արմեն Մարտիրոսյանն ասաց. «Նախորդ համարը պետք է վերաբերեր «Նոր հայացք Ցեղասպանությանը» թեմային: Ի՞նչ դասեր պետք է քաղել, ի՞նչ անել, որ այն չկրկնվի… շատ գլոբալ հարցեր, որոնք մեր գրականության մեջ տարբեր մոտեցումներ ունեն։ Հաջորդ համարներից մեկում այս թեմային անպայման անդրադարձ է կատարվելու»։

Ավելացնենք, որ «խուժանական» համարի վրա աշխատել են «Գրանիշի» խմբագրակազմը` Կարեն Անտաշյանը, Արքմենիկ Նիկողոսյանը, Արամ Պաչյանը, Աշոտ Գաբրիելյանը, Հասմիկ Հակոբյանը:

«Աշխատել են ուրիշ շատ մեծ թվով մարդիկ: Շնորհակալ ենք, որ բոլոր հեղինակներն, առանց որևէ վճարի, ակնկալիքի՝ տրամադրում են իրենց նյութը, որովհետև հասկանում են, որ բոլորս նույն գործն ենք անում»,- եզրափակելով իր խոսքն՝ ասաց Արմեն Մարտիրոսյանը։

DSC_0109 DSC_0111 DSC_0116 DSC_0121 DSC_0122 DSC_0126 DSC_0133 DSC_0134 DSC_0141 DSC_0145 DSC_0147 DSC_0153 DSC_0160 DSC_0165 DSC_0167 DSC_0180 DSC_0191 DSC_0219 DSC_0255 DSC_0125

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս