«Սերժ Սարգսյանն ուղղակի գրոսմայստեր է` քաղաքական գործիչներին փչացնելու հարցում» (տեսանյութ)

«Ես զարմանում եմ, գիտե՞ք` որն է  Միացյալ Նահանգների Սահմանադրության համար առաջին դրույթը, ժողովրդավարության հիմքը, որը սրբության սրբոցն է. բոլորը հավասար են օրենքի առջև»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն այսպես պատասխանեց Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը հարցին, թե ի՞նչ կարծիք ունի ԱԻՄ առաջնորդ, նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանի բուժման համար կառավարության կողմից գումարի հատկացման մասին: Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ ՀՀ կառավարությունը որոշեց 20,5 մլն դրամ  հատկացնել հունվարի 31-ին մահափորձի ենթարկված Պարույր Հայրիկյանի բուժումը Եվրոպայում շարունակելու համար:

Հմայակ Հովհաննիսյանը հիշեցրեց, որ մինչ օրս պետությունը չի փոխհատուցել նախկինում տեղի ունեցած միջադեպերից տուժած մարդկանց վնասները, մասնավորապես` Հոկտեմբերի 27-ի տուժածներին, որոնց թվում Հովհաննիսյանը հիշատակեց նաև իրեն, բանակում զոհված զինվորների կամ 2008 թ. մարտի 1-ի զոհերի ընտանիքներին:

«Մարտի 1-ի հարցով մնացել էին փոքրիկներ, անչափահաս երեխաներ, այդ  բոլոր ընտանիքները կորցրել էին կերակրողների: Ես առաջարկում էի, որ կառավարությունը հատուկ որոշումով փոխհատուցում տրամադրի… Արվե՞ց դա, չարվե՛ց: Եթե չարվեց, ուրեմն սա իսկապես ինչ-որ մի որոշում է, որը մարդկանց մոտ կարող է կասկած առաջացնել, որ Հայրիկյանը հրաժարվեց հետաձգել ընտրությունների օրը երկու շաբաթով, ինչը հաստատ ձեռնտու չէր իշխանություններին, որովհետև այնտեղ միտումներ էին նկատվում, որ իրավիճակը կարող է փոխվել, հենց իշխանությունների շահերը սպասարկելու համար»,- նշեց քաղաքագետը: «Հասարակության մեջ այդպիսի տպավորություն է ստեղծվում, և դրանից տուժում է Պարույր Հայրիկյանը: Ես ձեզ ասեմ` այս իշխանություններն ուղղակի քաղաքական գործիչներին փչացնելու վարպետներ են, այդ հնարքներին տիրապետում են կատարելապես: Սերժ Սարգսյանն ուղղակի գրոսմայստեր է` քաղաքական գործիչներին փչացնելու հարցում: Ես ափսոսում եմ Պարույր Հայրիկյանի համար, ուղղակի ափսոսում եմ, որ հերթը նրան էլ հասավ: Այսինքն` Գեղամյան, Բաղդասարյան և այլն, այդ շարքում հերթը եկավ Պարույր Հայրիկյանին»:

Մանրամասները` 168.am-ի տեսանյութում: 

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս