Իրանը հատուկ մրցանակ է շնորհել ԱՄՆ առաջին տիկնոջը

Ադրբեջանական Salam News լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանը «Թաց վառոդ» հատուկ մրցանակը շնորհել է ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբամային՝ կապված նրա հետ, որ նա հակաիրանական «Օպերացիա «Արգո»» ֆիլմին «Օսկար» շնորհելիս ցուցադրել է հրեական լոբբիի ազդեցությունը Սպիտակ տան վրա:

Այս մասին «Թաց վառոդ» միջազգային կոնգրեսի նիստում հայտարարել է Իրանի Իսլամական հեղափոխության պահակազորի հրամանատար, Սարդար Յաղուբ Սուլեյմանին: Վերջինիս խոսքերով՝ «Օսկար» մրցանակի հանձնմանը ԱՄՆ նախագահի կնոջ մասնակցությունը տվյալ միջոցառումը դարձրել է էլ ավելի կարևոր:

Նա հավելել է, որ այդ ֆիլմը խեղաթյուրում է պատմական փաստերն ու Իրանի կերպարը, և ԱՄՆ նախագահի կնոջ կողմից այդ ֆիլմին մրցանակ շնորհելը վկայում է Հոլիվուդի կինոինդուստրիայի վրա Սպիտակ տան ունեցած ազդեցության մասին:

Իրանական կողմը պլանավորել էր այս մրցանակը հանձնել Շվեյցարիայի դեսպանին, քանի որ Իրանի ու ԱՄՆ-ի միջև դիվանագիտական հարաբերությունների բացակայության պատճառով Իրանում ԱՄՆ շահերը ներկայացնում է Շվեյցարիան: Սակայն Շվեյցարիայի դեսպանը չի ներկայացել տվյալ միջոցառմանը՝ թեև նախապես ստացել է համապատասխան հրավեր:

Հիշեցնենք, որ սրանից առաջ էլ հաղորդվում էր, թե Իրանը դատի է տալու Հոլիվուդին՝ կապված «Օպերացիա «Արգո»» ֆիլմի նկարահանման հետ և նկարահանելու է դրա պատասխան ֆիլմը:

Տեսանյութեր

Լրահոս