
Վրաստանի ԱԳՆ-ը դժգոհ է նախագահի աշխատանքից

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի ԱԳՆ-ը նախագահի աշխատակազմին կոչ է արել ժամանակին դիտարկել դեսպանների թեկնածությունը և հաստատման նպատակով դրանք ուղարկել խորհրդարանին:
Այս մասին այսօր տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Վրաստանի փոխարտգործնախարար Դավիթ Զալկալիանին: Վերջինիս խոսքերով՝ խոսքը գնում է ՄԱԿ-ում ու 4 երկրում՝ Գերմանիա, Չեխիա, Մեծ Բրիտանիա ու Բուլղարիա, դեսպանների նշանակման մասին.
«Մենք նախագահին ենք ներկայացրել դեսպանների թեկնածությունը, բայց քանի դեռ դրանք չեն ուղարկվել խորհդարանին, մենք չենք կարող հայտնել թեկնածուների անունները»:
Զալկալիանին հավելել է, որ ՄԱԿ-ում դիտարկվում է կարևոր բանաձև՝ կապված հարկադիր վերաբնակների հետ և տվյալ քննարկման մեջ դեսպանի դերակատարություն ունենալը շատ կարևոր է. «Այն փաստը, որ մենք չունենք դեսպան, խոչընդոտում է տվյալ գործընթացի առաջխաղացմանը»:
Հիշեցնենք, որ Վրաստանում սահմանափակվելու է նախագահի կողմից դեսպաններ նշանակելու ժամկետը: Նախագահին տրվելու է երկու շաբաթ ժամանակ՝ դեսպաններին նշանակելու համար:
Համապատասխան ուղղումներն արվելու են «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքում: Օրինագծի հեղինակը Վրաստանի ԱԳՆ-ն է: Այն արդեն իսկ ներկայացվել է խորհրդարանի հաստատմանը: