Վրաստանի նախագահի համար սահմանափակվելու է դեսպաններ նշանակելու ժամկետը
Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանում սահմանափակվելու է նախագահի կողմից դեսպաններ նշանակելու ժամկետը: Նախագահին տրվելու է երկու շաբաթ ժամանակ՝ դեսպաններին նշանակելու համար:
Համապատասխան ուղղումներն արվելու են «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքում: Օրինագծի հեղինակը Վրաստանի ԱԳՆ-ն է: Այն արդեն իսկ ներկայացվել է խորհրդարանի հաստատմանը:
Գործող օրենսդրությամբ, դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին կառավարության համաձայնությամբ նշանակում է նախագահը, սակայն որևէ ժամկետ սահմանված չէ այդ հարցում նախագահի կողմից որոշում ընդունելու համար: Նոր օրինագծով՝ նրան կտրվի երկու շաբաթ ժամանակ:
Նշվում է, որ նոր օրինագծի ի հայտ գալու պատճառ հանդիսացավ այն, որ ձգձգվեց մի շարք երկրներում Վրաստանի դեսպանների նշանակման հարցը, որոնց թեկնածությունը խորհրդարանը հաստատել էր մեկ ամիս առաջ:
Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեն իր դժգոհությունն էր հայտնել այդ կապակցությամբ՝ ընդգծելով, որ Սաակաշվիլին ցանկանում է հնարավորինս երկար պահպանել միջազգային կարծիքի վրա իր ազդեցության լծակները:
Հիշեցնենք, որ 2012 թվականի հոկտեմբերին 1-ին Վրաստանում անցկացված խորհրդարանական ընտրություններից հետո, որոնց արդյունքներով հաղթեց ընդդիմադիր «Վրացական երազանք» դաշինքը, Վրաստանում ծավալվեց «դեսպանների պատերազմ»: «Վրացական երազանքը» Սաակաշվիլիին ու նրա համակիրներին մեղադրում էր դեսպանների միջոցով օտար երկրներում իր դեմ հակաքարոզչություն անցկացնելու մեջ: