
Թուրքիան ձգտում է լրագրողների մակարդակով մասնակցել Մյունխենում նեոնացիստների դատավարությանը

Euronews-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն խնդրել է իր գերմանացի գործընկեր Գիդո Վեստերվելեին երաշխավորել թուրք լրագրողների մասնակցությունը նեոնացիստների նկատմամբ դատավարությանը, որոնց զոհերն են դարձել Թուրքիայից Գերմանիա ժամանածները:
Ընդհանուր առմամբ, նեոնացիստները սպանել են 10 մարդու, որոնցից 8-ը հանդիսանում են թուրք ներգաղթյալներ: Այդ պատճառով էլ Անկարան ցանկանում է ակնդետ հետևել դատավարության ընթացքին:
Դատարանում ԶԼՄ-ներին հատկացվել է միայն 50 տեղ, որոնք բոլորն էլ բաժին են ընկել գերմանական մամուլի ներկայացուցիչներին, որոնք, ինչպես վստահեցվում է, առաջինն են ներկայացրել համապատասխան հայտ:
Թուրքական Hürriyet թերթի լրագրող Սելալ Օսքանը տարօրինակ է համարել այն, որ դատարանի դահլիճ մուտք գործելու հնարավորություն չի ընձեռվել անգամ ամերիկյան The New York Times թերթի ներկայացուցիչներին: Նա անհասկանալի ու անընդունելի է համարել այն, որ թուրքական մամուլի որևէ ներկայացուցիչ նույնպես չի կարող ներկա գտնվել դատավարությանը:
Նեոնացիստների նկատմամբ դատական գործընթացը Մյունխենում մեկնարկելու է ապրիլի կեսին: