Google ընկերությունը 10 տարով «փակել» է YouTube-ը
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Google ինտերնետային հսկան ապրիլմեկյան կատակ է արել՝ հայտարարելով մինչև 2023 թվականի ապրիլի 1-ը YouTube վիդեոհոսթինգի «փակման» մասին:
Ընկերության տարածած հայտարարությունում նշված է. «Ուղիղ ապրիլի մեկի կեսգիշերին YouTube պորտալը կդադարեցնի իր աշխատանքները: Դա արվելու է նրա համար, որ մասնագետները հետագա 10 տարիներին կարողանան որոշել, թե ով է պորտալիս տեղծման օրվանից ի վեր՝ բոլոր ժամանակների լավագույն տեսանյութի հեղինակը:
Մենք պետք է նայենք նախորդ 8 տարիներին պորտալում տեղադրված բոլոր տեսանյութերը, ինչից հետո ժյուրին կկայացնի իր որոշումը: Դա կտևի 10 տարի, մենք գործընթացում ներառել ենք մի քանի հազար մասնագետի: Հաղթողը կստանա MP-3 նվագարկիչ և 500 դոլար թոշակ»:
YouTube-ը ստեղծվել է 2005 թվականին, ներկայումս նրա լսարանը կազմում է 1 միլիարդ օգտատեր: Google ընկերությունը 2006 թվականին 1.76 միլիարդ դոլարով գնել է YouTube վիդեոհոսթինգը: Վերջինիս լսարանն այն ժամանակ կազմում էր 50 միլիոն օգտատեր: