Ցանկացած զգեստ ստեղծելիս՝ մի նոր կյանք ես ապրում, որից բաժանվելը դժվար է լինում
168.am-ի զրուցակիցը «Շատվերյան» նորաձևության սրահի տնօրեն, նկարիչ-մոդելավորող Դիանա Շատվերյանն է։
– Դիանա, Ձեր ստեղծած առաջին զգեստը հիշո՞ւմ եք։
– Առաջին զգեստը` որպես լիարժեք աշխատանք, հենց այս սրահում էլ ստեղծվել է, իսկ մինչ այդ շատ դեպքեր են եղել, երբ ինչ-որ բաներ եմ մոդելավորել։ Կարծում եմ` դրանք չենք կարող աշխատանք համարել, մինչև այսպիսի պայմաններում չիրագործվեն։
– Ովքե՞ր են Ձեր հաճախորդները, զգեստները մատչելի՞ են բոլորի համար։
– Չեմ կարող ասել, որ զգեստները բոլոր մարդկանց համար մատչելի են։ Բնականաբար, կլինեն մարդիկ, որոնց համար զգեստները մատչելի չեն լինի։ Հայաստանում գնային սանդղակը բավականին տարբեր է։ Միևնույն ժամանակ` չեմ էլ կարող ասել, թե գներն այստեղ թանկ են։ Ամեն դեպքում, այս սրահում ստեղծվում են անհատական մոդելներ, տարվում է դիզայներական աշխատանք, ստեղծագործական միտք, և այլն։ Կարծում եմ` նորաձևության տուն ասվածի համար այստեղ գները բավականին մատչելի են։ Ես գտել եմ գնային սանդղակ, որը չեմ գերազանցում։
– Դուք կրո՞ւմ եք Ձեր պատրաստած զգեստները։
– Շատ-շատ եմ կրում։ Ես կրում եմ միայն իմ պատրաստած զգեստները, իսկ այն, ինչը ես չեմ արտադրում, օրինակ` ջինսե տաբատ, կոշիկ և այլն, գնում եմ։
– Կթվարկե՞ք մի քանի հատկանիշներ, որոնք դիզայները պետք է անպայման ունենա։
– Ճաշակ, ոճ։ Այս երկուսը պարտադիր են, մնացածը բխում են սրանցից։ Եթե դիզայները ոճ չունի, շատ վատ է։
– Զգեստապահարանում Ձեր ամենասիրելի հատվածը ո՞րն է։
– Ես յուրաքանչյուր հատվածի մոտենում եմ յուրովի։ Խելագարվում եմ ջինսե տաբատների համար, շատ եմ սիրում զգեստներ։ Այնպես չէ, որ ես կողմնակից եմ միայն կլասիկ կամ միայն սպորտային ոճին։ Փորձում եմ շատ տարբեր ներկայանալ, միևնույն ժամանակ` չդավաճանել իմ ոճին։
– Ի՞նչ եք կարծում` որքանո՞վ են համատեղելի կինն ու բիզնեսը։
– Պատերազմի տարիներին էին կարծում, որ կինը պետք է տանը մնա, երեխաներին խնամի, սպասի իր ամուսնուն, և այլն։ Բայց պատերազմից հետո եղավ հեղափոխություն, և Chanel-ի շնորհիվ ստեղծվեց հարմարավետ հագուստ։ Ստեղծվեց նաև տրանսպորտ հասկացությունը, կինը սկսեց աշխատել, և հասկացան, որ ոչ մի սարսափելի բան դրա մեջ չկա։ Կարծում եմ` բիզնեսը բացարձակ բոլորի համար է, ուղղակի պետք է դրան լավ տիրապետել։ Եթե կարողանում ես, ինչո՞ւ ոչ։
– Ձեր կյանքում գումարն ի՞նչ տեղ է գրավում։
– Չեմ կարող ասել, որ առաջնայինը գումարն է։ Ես շատ զգացմունքային մարդ եմ, և այս ամենն ինձ համար շատ ավելի վեր է, քան գումարը, նյութականը։ Եթե չկա սեր հասկացողությունը, նյութականն ինձ համար ոչինչ չի նշանակում։ Բայց միևնույն ժամանակ էլ` բոլոր մարդիկ նյութականի կարիք ունեն։ Ամենակարևորն՝ ագահ մարդ չեմ, կարող եմ և՛ քչով բավարարվել, և՛ շռայլություններ թույլ տալ. չեմ ձգտում ամեն ինչ ունենալ։
– Դիանա, Դուք աշխատում եք շոու-բիզնեսի ներկայացուցիչների հետ։ Կարո՞ղ եք թվարկել մի քանի անուններ, ովքեր նորաձև են և ճաշակով են հագնվում։
– Շոու-բիզնեսի ներկայացուցիչներից կան մարդիկ, ովքեր բավականին լավ հետևում են իրենց ոճին, միշտ անթերի տեսք են ունենում, և ես ինքս հաճույք եմ ստանում նրանց նկարները դիտելիս։ Կարծում եմ` սխալ կլինի անուններ առանձնացնել, որովհետև չենք կարող ասել, թե նրանք, ում անունները չնշեցի, չեն կարող նորաձև և ճաշակով երևալ։ Այս առումով մենք դեռ աճում ենք։ Երբ զգամ, որ Հայաստանը նորաձևության երկիր է դառնում, միգուցե կսկսեմ անուններ թվարկել։
– Իսկ հայ երիտասարդ աղջիկ-տղաների մասին ի՞նչ կասեք։
– Չեմ կարող ասել, թե տղաներն ավելի լավ են հագնվում, քան աղջիկները։ Տղաների մոտ գունային առումով բավականին մեծ աճ եմ տեսնում, մուգ գույներից մենք դուրս ենք գալիս։ Կան շատ համարձակ տղաներ, ովքեր նույնիսկ գույների հետ շատ լավ փորձեր են կատարում։ Իսկ աղջիկները մեծ մասամբ ուղղակի հիասքանչ են հագնվում։
– Կա՞ն այնպիսի զգեստներ, որոնք ուրիշների համար եք պատրաստել և որոնցից դժվարությամբ եք բաժանվում։
– Գրեթե ամեն զգեստի հետ այդպես է լինում, որովհետև ամեն զգեստ ստեղծելիս՝ կյանք ես ապրում, կապվում ես նրա հետ։ Տասը օր շարունակ` ստեղծման փուլից մինչև ավարտ, նրա հետ ես լինում և ուղղակի չես կարող չսիրել այն։ Երբ այն հեռանում է, կարծես ինչ-որ մասնիկ է քեզանից գնում։ Բնականաբար, դժվար եմ բաժանվում, գրեթե հուզվելով (ժպտում է.- Գ.Ա.)։
– Կա՞ ինչ-որ բան, որ կուզենայիք ավելացնել։
– Շատ կուզենամ, որ Հայաստանում նորաձևությանը նվիրված միջոցառումները շատ լինեն։ Լավ կլինի, որ հեռուստաընկերություններում լինեն այնպիսի հաղորդումներ, որոնք կվերաբերեն կոնկրետ Հայաստանի նորաձևությանը։