Google-ն ապրած կենա
Տարիներ առաջ ես մի շատ հայտնի ռուսաստանյան լրատվական կայքի համար, որը մասնագիտանում էր տեղեկատվական տեխնոլոգիաների մեջ, վերլուծական նյութեր էի գրում։ Խմբագրի համար սկզբունքը հետևյալն էր. ինքն ընտրում էր բավականին նեղ, բայց կարևոր թեմա, առաջարկում էր ինձ` երկու շաբաթվա ընթացքում խորը և ծավալուն վերլուծություն գրելու համար։ Ես էլ երկու շաբաթ հետո նյութը հանձնում էի իրեն։
Իմ կողմից, իրականում, ամեն ինչ ավելի տարօրինակ էր լինում։ Խմբագիրը ուղարկում էր թեման։ Օրինակ, նամակը հնչում էր այսպես` «Կարո՞ղ եք OLAP համակարգերի ներկա և հնարավոր զարգացումների մասին գրել»։ Ի՞նչ էի անում ես։ Իհարկե, սկզբում զարմանում էի, քանի որ երբեք չէի լսել OLAP համակարգերի մասին, նույնիսկ չգիտեի` դա ծրագի՞ր է, թե՞ սարքավորում։ Իսկ ի՞նչ էի անում զարմանալուց հետո։ Իհարկե, դիմում էի Google-ին։ Եթե պարզվում էր, որ այնտեղ մի 20 հազար հղում կա այս թեմայով, պատասխանում էի` «Անկասկած` կգրեմ, շատ հետաքրքիր թեմա է, շուտվանից էի ուզում անդրադառնալ»։ Մի քանի անքուն գիշեր… և դառնում ես OLAP-ի մասնագետ։ Հետո իսկապես հաճույքով անդրադառնում ես քեզ հետաքրքրող և արդիական OLAP-ի թեմային, խմբագիրն էլ շատ գոհ է մնում։
Այս ամենը պատմում եմ, որպեսզի արձանագրեմ. համացանցն այնպիսի հզոր ինքնակրթողական գործիք է դարձել մարդկության ձեռքին, որ նույնիսկ դժվար է այսօր դրա իրական գնահատականը տալ։ Միայն թե կրթվելու ցանկություն ունենաս։ Միակ հարցը դա է: Համալսարանները տեղադրում են ամենալավ դասախոսների տեսանյութերը, ուզածդ գիրքը կարող ես գտնել ցանցում, ուզածդ հարցի վերաբերյալ մասնագիտական քննարկումների հարթակներ կարող ես գտնել, հարցեր տալ, պատասխաններ ստանալ։
Մարդկության պատմության մեջ գիտելիքը երբեք այսքան հասանելի չի եղել։ Ավելին, որքան ավելի ենք անդրադառնում պատմության էջերին, այնքան ավելի հետաքրքիր է լինում գիտելիքի հանդեպ վերաբերմունքը. վերնախավը միշտ անում էր ամեն ինչ, որպեսզի գիտելիքը մնար ընտրյալների տնօրինման տակ: Գիտելիքը հանրությանը հասանելի էր դառնում չափավոր, կաթիլ-կաթիլ, որպեսզի հանկարծ տգետների ձեռքն ավելորդ տեղեկություն չընկնի։ Շատ հին ժամանակները չգնանք. 13-րդ դարում Գրիգորի 9-րդ պապը աշխարհականներին արգելեց ընթերցել Կտակարանը, նաև արգելվեց լատիներենից Սուրբ գրքի թարգմանությունը մարդկանց հասկանալի լեզուներով։ Կտակարանի մասին որևէ մարդ պետք է իմանար քահանայից, քարոզի ժամանակ, ընդ որում` իրենց հարմար մեկնաբանություններով։ Կարող է զարմանալի թվալ, բայց այս արգելքը վերացվեց միայն 20-րդ դարում` Վատիկանի երկրորդ տիեզերական ժողովի ժամանակ։ Սա ընդամենը մեկ օրինակ է, բայց փաստացի իրավիճակը սկսեց փոխվել միայն էնցիկլոպեդիստների ժամանակ, որոնք մի քանի դար առաջ դրեցին համացանցի հիմքերից մեկը։
Այսօր իրավիճակը հակառակն է. գիտելիքը չափից շատ է, քաոտիկ է, իսկ մարդիկ չգիտեն` ինչպես վարվել դրա հետ: Նկատած կլինեք, ինտերնետով շփման ժամանակ մարդիկ որոշ հարցերի պատասխանելիս հաճախ թեթևակի հապաղում են. այդ ընթացքում հասցնում են Google-ով պատասխանը գտնել։ Այդ փոքրիկ ժամանակային լյուֆթի շնորհիվ մենք ցանցում թվացյալ շատ խելացի ենք։ Իսկ իրականում մեր խելացի լինելու հիմնական աղբյուրը նկարագրվում է մի փոքրիկ տրամաբանական շղթայով. Google >> Wikipedia։ Մարդկության մեծամասնությունն օգտվում է Google-ից։ Այդ մեծամասնության մեծամասնությունը Google-ում կարդում է միայն վերևի առաջին մեկ-երկու հղումները, իսկ թեմաների մեծամասնության դեպքում դրանք տանում են դեպի Վիքիպեդիա։ Եվ շատերն ընդունում են նույն Վիքիպեդիան` որպես վերջին ատյանի ճշմարտություն։ Բայց երբեք չգիտես, թե այդ պահին ո՞վ և ինչպե՞ս է խմբագրել տվյալ էջը, և ընթերցողը կարող է խաբված վիճակում հայտնվել։
Բայց այս ամենի պատճառով առավել հետաքրքիր զարգացումներ են ընթանում մարդկանց ներաշխարհում։ Ցանցը մեզ տալիս է ոչ միայն գիտելիքը հեշտ ստանալու, այլև գիտելիքով կիսվելու հնարավորություն։ Նույն Վիքիպեդիան հենց այդ սկզբունքի վրա է հիմնված` ունե՞ս ինչ-որ մի բանի մասին գիտելիք` կիսվիր մյուսների հետ։ Բայց դե, Վիքիպեդիան նման դրսևորման լավագույն տարբերակներից է։
Հիմնականում ցանցը մարդկանց մեջ արթնացնում է գիտելիքով կիսվելու զգացում, սակայն ընդհանուր կրթությունը, ծուլությունը և մի շարք այլ քաղաքակրթական հանգամանքներ բերում են նրան, որ ցանկությունը վերածվում է մի այլ բանի` մարդկությունը դառնում է ամեն ինչի մասին կարծիք ունեցող և այդ կարծիքը զոռբայավարի տարածող ցանցային ակտիվիստների մի աղմկոտ հանրահավաքի։
Այսօր եթե, օրինակ, նավթի գինը բարձրանում է, ապա բազմաթիվ մարդիկ համարում են, որ հստակ պատկերացնում են դրա պատճառները և հետևանքները։ Ֆուտբոլային թիմը պարտվում է` անմիջապես հստակ բացատրվում է, թե ի՞նչ պատճառով դա տեղի ունեցավ, և ի՞նչ է պետք անել հաջորդ անգամ չպարտվելու համար։ Դե, հասկանալի է, որ շատերս շատ թեմաներից լավ հասկանում ենք։ Բայց ցանցը հնարավորություն է տվել այդ ամենի մասին բարձրաձայն ողջ աշխարհին հայտնելու։ Իսկ նման հնարավորությունը մարդու մոտ պատրանք է ստեղծում, թե իր կարծիքը խիստ կարևոր է։ Իսկ խիստ կարևոր կարծիքը պետք է հաշվի առնվի։ Օրինակ, Հայաստան- Չեխիա խաղը դիտարկենք։ Խաղը դեռ չավարտված` արդեն համացանցում պտտվում էր միանշանակ կարծիք` մարզիչը պետք է հրաժարական տա։ Ցանցում որոշումը կայացված է։ Եվ հաջորդ խաղի վրա ճնշող մթնոլորտն արդեն պատրաստ է։ Այսպիսի բաներ: