Բաժիններ՝

Թուրքիան ճանաչում է Վրաստանի տարածքային ամբողջականությունը. Դավութօղլուի ուղերձը Ռուսաստանին

Грузия Online-ի փոխանցմամբ՝ երեկ երկօրյա այցով Վրաստան ժամանած Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն Թբիլիսիում լրագրողների հետ ունեցած զրույցում հայտարարել է, որ Թուրքիան ճանաչում է Վրաստանի տարածքային ամբողջականությունը:

Դավութօղլուն այդ հայտարարությունն արել է ի պատասխան Վրաստանի կողմից Աբխազիայից վերադարձող թուրքական նավի կալանման վերաբերյալ լրագրողի հարցին: Դավութօղլուի խոսքերով՝ Թուրքիան մշտապես ընդգծել է, որ ճանաչում է Վրաստանի տարածքային ամբողջականությունը:

Նա նաև ընդգծել է, որ Թուրքիայում առկա է աբխազական մեծ համայնք, և ցանկանում է, որ այդ հարցը լուծվի Վրաստանի տարածքային ամբողջականության շրջանակներում: Դավութօղլուի խոսքերով՝ Վրաստանը Կովկասի կարևորագույն երկրներից մեկն է:

Նավերի կալանման հետ կապված՝ Դավութօղլուն նկատել է, որ այդ խնդիրը կլուծվի շուտով, ճիշտ ուղով՝ գոյություն ունեցող թուրք-վրացական հարաբերությունների շրջանակներում:

Հիշեցնենք, որ այսօր Բաթումում տեղի է ունենալու Թուրքիայի, Վրաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հերթական եռակողմ հանդիպումը: Բաթումում երեք երկրների արտգործնախարարներն ընդունելու են 2013-2015 թվականների միջգերատեսչական համագործակցության պլանը:

Այն առնչվում է այնպիսի ոլորտների, ինչպիսիք են տնտեսությունը, էներգետիկան, շրջակա միջավայրի պահպանումը, մշակույթը, կրթությունը, սպորտը և երիտասարդությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս