Աբխազիայի նախագահը Վրաստանի կողմից թուրքական նավի կալանումը որակել է որպես «ծովահենություն»
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Աբխազիայի նախագահ Ալեքսանդր Անկվաբն այսօր հայտարարել է, որ Սև ծովում Աբխազիայից քաղաքացիական բեռով մեկնած թուրքական նավի կալանումը որակում է որպես «Վրաստանի կողմից ծովահենություն». «Այդպես արվել է քանիցս, ծովահենությունը շարունակվում է»:
Նշվում է, որ կալանված նավում գտնվել է 600 տոննա ձկան ալյուր և 300 տոննա ձկան յուղ, որոնք արտադրվել են Աբխազիայում: Վրացի սահմանապահները չորեքշաբի կալանել էին թուրքական «Այդար» նավը, որն Աբխազիայից վերադառնում էր Տրապիզոն:
Կալանված նավը բերվել է Փոթի: Ձերբակալվել է նաև նավի 9 հոգանոց անձնակազմը, որոնցից երկուսը Ռուսաստանի, երկուսը՝ Ուկրաինայի, իսկ մնացյալը՝ Ադրբեջանի քաղաքացիներ են:
Հիշեցնենք, որ վրացական օրենքների համաձայն` Աբխազիայի ծովափն ու նավահանգիստները հայտարարվել են միջազգային նավարկության համար փակ գոտի: Միջազգային հանրությունը, որը չի ճանաչում Աբխազիայի ինքնիշխանությունը, նրա առափնյա 12-մղոնանոց գոտին համարում է վրացական տարածքային ջրեր:
Այդ պատճառով էլ Վրաստանը բազմիցս կալանել է Թուրքիայից Աբխազիա մեկնող առևտրանավերը: Վրաստանի կողմից թուրքական նավերի կալանման գործընթացն սկսվել է 1995 թվականից և շարունակվում է ավելի քան 15 տարի: Միայն 2009 թվականի առաջին 8 ամիսների ընթացքում Վրաստանը կալանել է Աբխազիա ուղևորվող 23 նավ, որոնցից 4-ը` «օկուպացված տարածքների ջրեր մուտք գործելու կանոնները խախտելու» մեղադրանքով: Այդ նավերի մեծ մասը թուրքական են։
Այդ 15 տարիների ընթացքում Վրաստանի իշխանությունները կալանել են շուրջ 100 թուրքական նավ, որոնք սովորաբար հետ չեն վերադարձվել թուրքական կողմին ու հանվել են աճուրդի: Միևնույն ժամանակահատվածում թուրքական կողմը կալանված նավերի ու ձերբակալված անձնակազմերի ազատ արձակման համար վրացական կողմին վճարել է 100 միլիոն դոլարի տուգանք: