Այն, ինչ գրված է գրիչով, չես ջնջի բրիչով

Գիտության, տեխնիկայի զարգացումը, ինչպես տեսնում ենք, անգամ 21-րդ դարում, չեն կարող փոխարինել նամակագրությանը: Սա շփվելու ամենամտերմիկ ձևն է: Տետ-ա-տետ զրույցից հետո, իհարկե:
Սերժ Թանգյանի հայտնի նամակից հետո արխայիկ թվացող շփման այս միջոցը ստացավ իր երկրորդ շնչառությունը: Րաֆֆի Հովհաննիսյանին Սերժ Սարգսյանի ուղարկած պատասխան նամակում ուղղակի գրված է. «Շնորհակալ եմ մեր հանդիպման ժամանակ արված իմ առաջարկությունը վերջապես ընդունելու և Ձեր մտքերը թղթին հանձնելու ու փոխանցելու համար»: Իզուր չէ ասված. «Այն, ինչ գրված է գրիչով, չես ջնջի բրիչով»:
Սերժ Սարգսյանի ` Րաֆֆի Հովհաննիսյանին ուղղված պատասխան-նամակը զարմանալիորեն համառոտ էր: Այն ընթերցելիս այնպիսի տպավորություն կար, թե ի սկզբանե երկար է եղել, որ նամակում մանրամասնորեն հիմնավորված են եղել, թե որքան «հում» են Րաֆֆի Հովհաննիսյանի առաջարկները: Ապա պարոն Սարգսյանն այն կրճատել է, ամբողջ միտքը խտացրել փոքրիկ այդ տեքստում: Սրբագրիչն էլ աննշան շտկումներ է կատարել` «դու»-ն դարձրել է «Դուք», «քո»-ն` «Ձեր», նամակը դրել են ծրարն ու ուղարկել:
Սերժ Սարգսյանը Րաֆֆի Հովհաննիսյանի «գրավոր նյութը» համարել է «հեռու պետության և պետական իշխանության ձևավորման վերաբերյալ պատշաճ պատկերացումներից և ուղղակիորեն հակասող գործող սահմանադրական կարգավորումներին»:
Տեքստի սկիզբը ընթերցողին լարված է պահում. կոնֆլիկտ, կուլմինացիագ Հանգուցալուծումն արդեն թույլ է տալիս ավելի պարզ հասկանալ, թե ի՞նչ էր ասված սկզբում. «Իմ հորդորն է Ձեզ՝ դադարեցրեք, խնդրում եմ, հացադուլը, մեկ-երկու օր կազդուրվեք, և մենք, միասին, թուղթ ու գրիչով, հանգիստ, առանց շոուների, սկսենք աշխատել, լուրջ աշխատել՝ անգամ հիմք ընդունելով հենց Ձեր կողմից առաջարկված, այս պահին թեկուզև շատ հում, շարադրանքը»:
Կարճառոտ այս տեքստում Սերժ Սարգսյանը չի կարողացել կամ չի ցանկացել թաքցնել իր վերաբերմունքը Րաֆֆի Հովհաննիսյանի առաջարկների վերաբերյալ: Միաժամանակ փորձ է արվել նամակին հարգալից տոն հաղորդել, բայցև այդ տոնը միտումնավոր ձախողված է: Րաֆֆի Հովհաննիսյանի առաջարկները` վերանայել երկրի կառավարման կարգը, կադրային լուրջ փոփոխություններ իրականացնել, գնահատված են` իբրև «հում»: Ակնհայտորեն, Սերժ Սարգսյանի նամակն ուղարկված էր «աշխարհի վրա դառնացած, ութ օր սոված մնացած» մարդուն, բայց ոչ քաղաքական գործչին, որը Ազատության հրապարակից ասել էր. «Գողացված, կեղծված, հակահայկական, հակասահմանադրական ընտրություններով հանդերձ` եթե ուզում եք շարունակել՝ որպես դե ֆակտո նախագահ, այդ հնարավորությունն էլ եմ տալիս»:
Այո, Սերժ Սարգսյանը ցանկանում է շարունակել` որպես երկրի նախագահ: Սակայն չի հակադարձում Րաֆֆի Հովհաննիսյանին, չի պահանջում բացատրություն տալ իր այդ խոսքերի համար, այլ նախընտրում է կեցվածքը` իբրև թե դրանց լուրջ չի վերաբերվում: Քանի դեռ Սերժ Սարգսյանը պատրաստ է բանակցել Րաֆֆի Հովհաննիսյանի անգամ «հում» և «ոչ սահմանադրական» առաջարկների շուրջ, լեգիտիմության խնդիրն օդում է: Իսկ սա սկզբունքային հարց է ընտրողների համար: Եվ այստեղ ամենևին էական չեն Սերժ Սարգսյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի անձերը: Եվ անգամ նամակագրությունը: Մի կողմից՝ մարդիկ են` նրանք ուզում են տեսնել արդար ընտրություններում հաղթած ղեկավարի (ով էլ նա լինի), ակնկալում են նոր օրակարգ, խաղի ազնիվ, հասկանալի կանոններ, մյուս կողմից՝ իշխանությունն է` մռայլ, ինչպես ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը, և հավերժական՝ ինչպես Գալուստ Սահակյանը: Եվ հենց սա է իշխանությունների միակ քաղաքական ծրագիրը` ամեն ինչ անել` չհեռանալու համար: Եվ այդպես` երկար տարիներ:
Րաֆֆի Հովհաննիսյանի առաջարկությունները` նախագահական, խորհրդարանական նոր ընտրություններ, Ընտրական օրենսգրքի ռադիկալ փոփոխություն` անցում 100-տոկոսանոց համամասնական ընտրակարգի, կադրային լուրջ փոփոխություններ, անհավանական կամ չափազանց մեծ պահանջ են ընկալվում իշխանությունների կողմից: Խոսվում է դրանց մասնակի կատարման, որոշ հարցերի շուրջ ընդհանուր հայտարարի գալու մասին: Սակայն կա մի նրբություն. եթե Սերժ Սարգսյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպեն, պետք է գիտակցվի, որ այս փաթեթը կարող է աշխատել միայն ամբողջական կատարման դեպքում: Պահանջների մասնակի կատարումը կադրային փոփոխություններից յուրաքանչյուրի զիջման դեպքում մյուս պահանջներն արդեն իմաստ չեն ունենա:
Այս դեպքում` խոսքը մեկ անձին մյուսով փոխարինելու մասին չէ: Մեր իշխանական համակարգն այնպիսին է, որ բոլորիս աչքի առաջ այն կարող է խժռել դեռ երեկ կարգին, ազնիվ մեկին, ով միամտություն է ունեցել ազնիվ նպատակներով մուտք գործել իշխանություն: Եթե երկուստեք կա շահագրգռություն` ոչ թե ընդամենը հարթել, խաղաղեցնել վիճակը, այլ արմատական քայլեր անել,երկրում վերականգնելու մարդկանց` ընտրելու իրավունքը, ակնհայտ է, որ ցուցադրական այս նամակագրությունն ամենակարճ և արդյունավետ ճանապարհը չէ:
Այս նամակագրությունը մաշում է ու անլրջացնում բուն նյութը` հիշեցնելով գյուղից վաղուց ստացվող այնքան հարազատ նամակները, որոնք միշտ ունեին նույն նաիվ սկիզբը. «Բարևագիր, նամակագիր, կարոտագիր…»:

Տեսանյութեր

Լրահոս