Բաժիններ՝

Թուրքիայում այսօր կքննարկվի հեռահար գործունեության զենիթա-հրթիռային համալիրների գնման հարցը

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսօր տեղի է ունենալու Պաշտպանական արդյունաբերության գործադիր կոմիտեի արտահերթ նիստ, որը նախագահելու է վարչապետ Ռեջեփ Էրդողանը:

Դրանում քննարկվելու է հեռահար գործունեության զենիթա-հրթիռային համալիրների գնման հարցը, ինչից Թուրքիան հրաժարվել էր ոչ վաղ անցյալում: Թուրքիան այդ համակարգերի գնման մրցույթը հայտարարել էր դեռևս 2009 թվականին, որը Թուրքիայի կառավարության կողմից հավանության է արժանացել 2005 թվականին:

Այն ժամանակ այդ մրցույթին մասնակցելու հայտ էին ներկայացրել ամերիկյան Raytheon և Lockheed Martin ընկերությունները, ռուսական Рособоронэкспорт-ը, չինական CPMIEC և եվրոպական Eurosam կոնսորցիումը:

Թուրքիան պլանավորել էր ավելի քան 4 միլիարդ դոլար ծախսել հեռահար գործունեության հակահրթիռային պաշտպանության (ՀՀՊ) համակարգեր (Т-Loramids – Turkish Long Range Air and Missile Defence System) ձեռք բերելու համար:

Թուրքիայի իշխանություններն այդ պլանում դիտարկում էին 4 տարբերակ. ամերիկյան PAC-3 Patriot, ֆրանս-իտալական Eurosam SAMP/T, ռուսական С-400 Триумф, չինական HQ-9 (FD-2000): Առաջին փուլում Թուրքիան մտադիր է գնել զենիթա-հրթիռային 4 մարտկոց՝ ներառյալ կանխազարկ հրթիռներ ու համապատասխան ռադիոտեղորոշիչ համակարգեր: Հետագայում Թուրքիան պլանավորել էր գնել ևս 8 մարտկոց:

Հիշեցնենք, որ այն բանից հետո, ինչ ՆԱՏՕ-ն սկսեց Թուրքիային հատկացնել Patriot զենիթա-հրթիռային 6 համալիր (երկուական համալիր հատկացրին ԱՄՆ-ը, Գերմանիան ու Նիդերլանդները)՝ կապված սիրիական զարգացումների հետ, Թուրքիան չեղյալ հայտարարեց 4 միլիարդ դոլար ընդհանուր արժողությամբ 12 զենիթա-հրթիռային համալիրների գնման մրցույթը:

Այդ համակարգերի գնումը և սեփական ՀՀՊ ունենալու հարցը վերստին արդիականացավ այն բանից հետո, ինչ ԱՄՆ-ը փոփոխություններ մտցրեց ԵվրոՀՀՊ-ի համակարգում և մասնավորապես հրաժարվեց Լեհաստանում հակահրթիռներ տեղակայելուց:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս