ԵվրոՀՀՊ-ի ծավալման հարցում ԱՄՆ պլանների փոփոխումը չի ազդի Մալաթիայի ռադարի գործունեության վրա. Թուրքիայի ԱԳՆ

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի ԱԳՆ-ն արձագանքել է ԵվրոՀՀՊ-ի ծավալման հարցում ԱՄՆ պլաններում տեղի ունեցած փոփոխություններին (Լեհաստանի տարածքում հավելյալ հակահրթիռներ տեղակայելուց հրաժարում):

Թուրքիայի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Լևենթ Գյումրուքչուն հայտարարել է, որ այդ փոփոխությունները չեն ազդի Թուրքիայի Մալաթիա նահանգի Քյուրեջիք վայրում տեղակայված ռադիոտեղորոշիչ կայանի (ՌՏԿ) գործունեության վրա, որը հանդիսանում է Եվրոպայում ՆԱՏՕ-ի հակահրթիռային պաշտպանության մասնիկ.

«ԱՄՆ-ի որոշումը ոչ մի դեպքում չի ազդի Քյուրեջիքում տեղակայված ՌՏԿ-ի համակարգի գործունեության վրա: Բազան շարունակելու է կատարել իր առջև դրված առաջադրանքները»:

AN/TPY-2 տիպի ՌՏԿ-ն Քյուրեջիքում շահագործման է հանձնվել 2012 թվականի սկզբին: Դրա տեղակայման մասին հուշագիրը Թուրքիան ու ԱՄՆ-ը ստորագրել են 2011 թվականի սեպտեմբերին, Անկարայում:

Թուրքական «Աքշամ» թերթն իր հերթին գրում է, որ Թուրքիան արագացրել է հայրենական արտադրության ՀՀՊ համակարգի ստեղծման հարցը, և որ պլանավորված է այդ հարցը քննարկել մարտի 26-ին կայանալիք Պաշտպանական արդյունաբերության գործադիր կոմիտեի արտահերթ նիստում, որը նախագահելու է վարչապետ Ռեջեփ Էրդողանը:

Դրանում մասնավորապես քննարկվելու է մեծ հեռահարության հրթիռների գնման հարցը: Ավելի վաղ, Թուրքիան մրցույթ էր հայտարարել զենիթա-հրթիռային համալիրների գնման շուրջ, սակայն ավելի ուշ չեղյալ հայտարարեց այն:

Տեսանյութեր

Լրահոս