Ուղեղի գաղտնիքները
Հնագույն ժամանակներում իմաստունները նկատել են, որ կան մարդիկ, որոնք օժտված են «ուշադիր նայելու ընդունակությամ»։
Բառարաններից կարելի է իմանալ, որ լատիներեն «intueri» բառը մեկնաբանվում է հետևյալ ձևով. «Ճշմարտության անմիջական իմացություն առանց որևիցե հիմնավորման»։ Ինտուիցիան թույլ է տալիս նման մարդկանց կասկածի տակ դնել այն փաստացի իրողությունները, որոնք այլոց համար ակնհայտ և անհերքելի են։ Ինտուիցիան հնարավորություն է տալիս երբեմն ընդունել այնպիսի որոշումներ, որոնք առաջին հայացքից առնվազն տարօրինակ են թվում, սակայն, ի վերջո, պարզվում է, որ դրանք միակ ճիշտ որոշումներն են։
Բիլ Գեյթսը ծնվել է 1955թ. հոկտեմբերի 28-ին, 1971թ. ընդունվել է Հարվարդի համալսարան, սակայն չի ավարտել այն։ Գեյթսը կարողացել է կանխագուշակել. որ անհատական համակարգիչները մեծ ապագա ունեն, և հիմնել է իր հայտնի «Մայքրոսոֆթը»։
Գեյթսը բազմիցս ճանաչվել է տարվա մարդ։ «Ես կարող եմ լուծել ցանկացած խնդիր իմ ինտիլեկտի և ինտուիցիայի շնորհիվ»,- ասել է նա հարցազրույցներից մեկի ժամանակ։
Ինտուիցիայի շնորհիվ են կատարվել բազմաթիվ հայտնագործություններ, այդ մասին գրել են. Լ. դա Վինչին, Այնշտայնը, Էդիսոնը, Մենդելեևը, Հ. Ֆորդը, Մ.Ս.-Կյուրին և շատ այլ հանճարեղ մարդիկ։ Երբեմն հայտնագործություններն այն աստիճան անհավանական են թվում, որ շատերը կարծում են, թե դրանք պատահականության արդյունք են։
Տրամաբանությունն իմաստասիրության հիմքն է, սակայն առանց ինտուիտիվ ընկալման «հուշումների»` անհնարին է ինչ-որ շոշափելի արդյունքների հասնել։ Ինտուիցիան նման է հիշողության մեծ ծավալ ունեցող արագ համակարգչի։ Պարզվում է, որ այդ համակարգիչը տրված է ի վերուստ` պարզապես ոմանց մոտ այն ակտիվ է ի ծնե, իսկ ոմանց մոտ կարող է «զարթնել» ավելի ուշ կամ ընդհանրապես չօգտագործվել։
Երրորդ աչքը
Ամերիկացի մաշկաբան Ահարոն Լերները գիտական գրականությունն ուսումնասիրելիս հանդիպել է մի փորձի նկարագրության, որը կատարվել է 1917թ.։ Խոշոր եղջերավոր կենդանիների ուղեղից առանձնացրել են էպիֆիզները (կոնաձև գեղձերը), նկատել են, որ դրանց միջավայրում ներդրված շերեփուկների մաշկն ընդամենը կես ժամ հետո լիովին գունաթափվում է։ Այդ փորձի շնորհիվ հնարավոր է եղել անզեն աչքով ուսումնասիրել ներքին օրգանների աշխատանքը։ Ա. Լերները ենթադրել է, որ էպիֆիզում պարունակվող նյութը հնարավոր կլինի օգտագործել վիտիլիգո հիվանդության բուժման համար։ 1953-1958թթ. ընթացքում նա կատարում է մեծածավալ գիտական ուսումնասիրություններ, որոնց իրականացման համար պահանջվել է 250 հազար խոշոր եղջերավոր կենդանիներից ստացված էպիֆիզի նմուշներ։
Գիտնականի նպատակասլաց աշխատանքը պսակվեց հաջողությամբ. հայտնաբերվեց մի նյութ, որն անվանվեց «melas tosos»=«սև աշխատանք»։ Այդ առեղծվածային նյութն էպիֆիզում արտադրվող հորմոն մելատոնինն է։
Հին աշխարհի իմաստունները կարծել են, որ գոյություն ունի այդպիսի մի զգայարան, որն աստվածային նախանշմամբ տրված է ողջ կենդանի բնությունն։ Ըստ իմաստունների` այդ զգայարանը մարդու «երրորդ աչքն է», որի շնորհիվ ոմանք ձեռք են բերում պայծառատեսության և ինտուիտիվ կանխագուշակման ունակություններ։
Եգիպտացի բժիշկ Հերոֆիլը (Ք.ա. 3-րդ դար) հայտնաբերել և նկարագրել է «երրորդ աչքը», իսկ հռոմեացի Կլավդիուս Հալենը (Ք.հ. 2-րդ դար) անվանել է այն «էպիֆիզ»=«կոնաձև գեղձ»` ուղեղում գտնվող այդ գեղձն ունի կոնի տեսք։
Վերջին տարիներին գիտնականները գտել են համոզիչ ապացույցներ այն մասին, որ կոնաձև գեղձում արտադրվող մելատոնին հորմոնը կարևորագույն նշանակություն ունի մարդու կենսագործունեության համար։ Կարևոր է իմանալ, որ մելատոնինը բնության մեջ գոյություն ունեցող հնագույն կենսաքիմիական նյութերից մեկն է, որ առկա է նույնիսկ միաբջիջ օրգանիզմներում և, իհարկե, բույսերում։
* Մելատոնինը կարգավորում է բոլոր կենդանի օրգանիզմների կենսական ռիթմերը։ Եթե էպիֆիզը կենսաբանական ժամացույցն է, ապա մելատոնինն այդ ժամացույցի ճոճանակն է։
Մելատոնինի հատկությունները
Գիտնականներն ապացուցել են, որ էպիֆիզում արտադրվող և արյան մեջ պարունակվող մելատոնինի քանակը փոխվում է օրվա ընթացքում` այն առավելագույն արժեքին է հասնում գիշերվա ժամը 2-3-ը, զգալիորեն նվազում է լուսաբացին, իսկ ցերեկը տասն անգամ քիչ է, քան գիշերը։ Այս օրինաչափությունը նույնն է գրեթե բոլոր մարդկանց համար, սակայն տարիքի հետ գեղձի ակտիվությունը նվազում է և համապատասխանորեն նվազում է նաև արտադրվող մելատոնինինի քանակը։
Որպեսզի հասկանալի լինի` որքանով է վտանգավոր մելատոնի սակավությունը` 60-ն անց մարդկանց համար կարևոր է իմանալ, թե ինչ հատկություններ ունի այդ հորմոնը։
Եթե օրգանիզմում արտադրվող հորմոնի քանակը բավարար չէ, ապա խանգարվում են կենսաբանական ռիթմերը, մարդու գիշերային հանգիստ քունը, մարդը համոզված է, որ տառապում է անքնությամբ։
Մելատոնինը կարգավորում է իմունային և էնդոկրին համակարգերի աշխատանքը, այսինքն` բարձրացնում է դիմադրողականությունը ինֆեկցիոն, օնկոլոգիական այլ հիվանդությունների հանդեպ։
Կարգավորում է ճնշումը և իջեցնում է խոլեստերինի պարունակությունն արյան մեջ։
Մելատոնինը հզոր հակաօքսիդանտ է, ինչի շնորհիվ կապում է ազատ ռադիկալները, որոնք քայքայում են առողջ բջիջները և արագացնում օրգանիզմի ծերացման ընթացքը։
Մելատոնինն ունի հակասթրեսային հատկություն, նպաստելով գիշերային լիարժեք հանգստին` բարձրացնում է մարդու ֆիզիկական և մտավոր կարողությունը։
Մելատոնինը կամ դրա սինթետիկ նմանակ «մելաքսենը» նշանակում են անքնության, քրոնիկ հոգնածության դեպքում։ Կան տվյալներ, որ մելատոնինի կիրառումը հակաուռուցքային` քիմիաթերապիայի ընթացքում տալիս է շոշափելի դրական արդյունք, հատկապես կրծքագեղձի ուռուցքի դեպքում։
Ինչպես լրացնել մելատոնինի սակավությունը
Բավարար քանակի մելատոնին է արտադրվում այն մարդկանց մոտ, ովքեր քնում են ժամը 23-ից ոչ ուշ և զարթնում լուսաբացի հետ։ Որպեսզի քունը հանգիստ լինի, չի կարելի ուտել ժամը 20-ից հետո, ծխել երեկոյան ժամերին։ Եթե ուժեղ քաղցի զգացում ունեք, կարող եք ուտել 100-150 մլ մածուն կամ կեֆիր։ Կարևոր է իմանալ, որ ժամը 23-03-ը լյարդի ակտիվ ժամերն են, որի բջիջները պետք է հասցնեն կատարել հարյուրավոր կարևորագույն գործողություններ։
Մելատոնինի արտադրությանը նպաստում են մուգ կապույտ և մանուշակագույն գույները։
Բարձի տակ դրեք նարդոսի կամ գայլուկի թարմ (չորացրած) տերևներով լցված պարկիկներ, անկողնու հակառակ կողմը կաթեցրեք 2-3 կաթիլ ռեհանի կամ ուրցի եթերային յուղ։
Կան մթերքներ, որոնց մեջ պարունակվում է զգալի քանակությամբ մելատոնին` գարի, բրինձ, վարսակ, կեղևով եփած կարտոֆիլ, եգիպտացորեն, լոլիկ։
Քնաբեր հատկություն ունի բանանը։
Մելատոնինի արտադրությանը նպաստում են մագնիում (մարոլ, սամիթ, մաղադանոս, անտառային տխլենու պտուղներ) և B խմբի վիտամիններ (ոսպ, գազար, ցորենի ամբողջական հատիկներ, արևածաղկի սերմ, ծիրանի չիր) պարունակող մթերքները։
գ Ժողովրդական բժշկության «զինանոցում» կան բազմաթիվ միջոցներ, որոնք օգտակար են` տարբեր պատճառների հետևանքով առաջացած անքնության դեպքում։
Երազ` անգիտակցականի անդրադարձը
Եղանակային անբարենպաստ պայմանների հետևանքով օդանավակայանում գոյանում է մարդկանց մեծ բազմություն։ Ոմն գիտնական չի կարողանում կենտրոնանալ, որպեսզի ընթերցի իրեն հետաքրքրող ամսագիրը` խանգարում է երեխաների աղմուկը։ Նա կանչում է երեխաներից մեկին, ճմրթում լրագիրը և հանգիստ ձայնով հրահանգում. «Բալիկ ջան, գնա մայրիկիդ մոտ և քնիր, իսկ ահա այն աղջնակին ասա, որ գա ինձ մոտ»։ Շուտով օդանավակայանում տիրում է լիակատար անդորր` բոլոր երեխաները քնած էին։ Դեպքն իրական է, կատարվածը բացատրվում է հետևյալ կերպ։ Գիտնականը անտրոպոլոգ էր և գիտեր, որ միլիոնավոր տարիներ առաջ մարդիկ փրկվել են բազմաթիվ ռեպտիլիաներից` փախուստի դիմելով կամ թաքնվելու և անշարժանալու միջոցով։
Թերթի արձակած ձայնը նման է ռեպտիլիայի արձակած խշշոցին, երեխան մայրիկի մոտ իրեն պաշտպանված է զգում։
Զիգմունդ Ֆրեյդն իր «Երազների մեկնությունում» գրել է. «Երազները» կարող են բացել արքայական ճանապարհ դեպի անգիտակցականը»։ Ֆրեյդն առաջինն էր, որ կարողացավ մշակել երազների մեկնությանը նվիրված կուռ գիտական տեսություն։
Ժամանակակից հոգեբանական գիտության հիմնադիրներից` Կարլ Գուստավ Յունգը դիտարկել է երազներում հայտնվող պատկերները` որպես մարդու հոգեկան կյանքը բացահայտող հաղորդագրություններ։
Յունգն ապացուցել է, որ երազի իմացաբանական ոլորտն արտահայտում է անգիտակցականի ողջ հարստությունը և բարդությունները, ընդորում, ոչ միայն անհատական, այլ նաև հանրային` հավաքական։
Անգիտակցականի անդրադարձը` ռեֆլեքսիան, առկա է ներկայում, երազի հանգամանալից վերլուծությունը թույլ է տալիս թափանցել մտքի անգիտակցական հատվածի ոլորտը։ Երազի ճիշտ գաղտնազերծման համար հարկավոր է դիմել հոգեբանի օգնությանը կամ հենվել սեփական ինտելեկտի և ինտուիտիվ ենթագիտակցության վրա։
Գիտնականները կարծում են, որ երազների մեկնաբանությանը կարող է օգնել պատմական փաստերի, առասպելաբանության, ազգային ավանդույթների, տոհմային առանձնահատկությունների իմացությունը։ Անցյալը հայտնվում է երազում` դեմքերի կամ նշանների ձևով։
Պատմաբաններն ասում են, որ անհնարին է որևիցե շոշափելի արդյունքի հասնել, եթե չկարողանաս հայտնվել ուսումնասիրվող «թեմայի» մեջ։ Հետաքրքիր է հանճարեղ Լ. դա Վինչիի կյանքի պատմությունը, հայտնի է, որ նա քնել է հատվածաբար` 15-20 րոպե, յուրաքանչյուր չորս ժամը մեկը։ Հանճարը փաստացի չի քնել` այդ մի քանի րոպեն նա գտնվել է նիրհի վիճակում, ուրեմն քանի՞ տարի է նա ապրել իր կյանքի (15.04.1452-2.05.1519թ.թ.) ընթացքում։
Ասում են` նիրհի վիճակը որպես ստեղծագործական ներշնչանքի խթանիչ է օգտագործել նաև Ս. Դալին։ Նա նիրհել է` ոտքերի տակ ունենալով մետաղյա կաթսա, իսկ ձեռքին` գդալ, երբ վրա է հասել խոր քունը, գդալն ընկել է կաթսայի վրա, և նա արթնացել է։
Առօրյա կյանքում մարդը նիրհում է օրը 2 անգամ. նախքան քնելը և արթնանալուց հետո, այդ միջանկյալ վիճակում գլխուղեղի կեղևի մի մասն ակտիվ է, իսկ երկրորդը` արգելափակված։
Այս յուրօրինակ վիճակը կարելի է օգտագործել երազ «պատվիրելու» և առավոտյան ստացված պատասխանը հիշելու և գրանցելու համար։
«Նիրհի վիճակը դա յուրահատուկ գործիք է, որը տրված է մարդուն ի վերուստ, այդ վիճակում կարծես բացված է դեպի ուղեղի խորքային շերտերը տանող «դռնակը», որտեղ կոդավորված է մեր ենթագիտակցական կյանքի մոտ 90 տոկոսը,- կարծում է ակադեմիկոս Օլեգ Անդրեևը,- Գիշերային հանգստի ժամանակ ուղեղում կատարվում է օրվա ընթացքում ստացված տեղեկույթի լրացուցիչ վերամշակում։ Բացի այդ, ուղեղը շարունակում է ստանալ արտաքին աշխարհից նոր տեղեկույթ, որը թույլ է տալիս կանխագուշակել իրադարձությունների հետագա ընթացքը։ Ուղեղի նման հատկությունը թույլ է տալիս հասկանալ, թե ինչպես են առաջանում մարգարեական երազները»։
Մարգարեական երազ
Քսան տարեկան երիտասարդը չէր կարողանում կողմնորոշվել, թե ինչպես ընտրություն կատարի։ Նիրհի վիճակում նա մտաբերում էր բազմաթիվ ծանոթ դեմքեր, առավոտյան նա հիշեց իր երազը. «Դասախոսությունները վերջանալուց հետո կգնաս հայրիկիդ աշխատավայրը»։
Նա դժվար թե գնար, սակայն տեղի ունեցավ «անբացատրելին», հայրն ասաց, որ չի հասցնում ավարտին հասցնել իր աշխատանքը, և խնդրեց, որ որդին օգնի իրեն։ Հայրիկի աշխատավայրում նա հանդիպեց այն աղջկան, որի հետ ապրում է արդեն 44 տարի։
Կինը չէր հղիանում, ամուսինը կրկին դիմեց երազի օգնությանը` հայտնվեցին 1, 3, 9 թվերը և երկու բարակ գրքույկներ։ Նորապսակները հասկացան, որ իրենց առաջնեկը կծնվի մեկ տարի հետո, երբ նրանք ավարտած կլինեն իրենց ուսումը, իսկ ևս 2 և 6 տարիներ անց կծնվեն նրանց մյուս երեխաները։ Այդպես էլ ամեն ինչ կատարվեց։
«Լիներ հեռու մի անկյուն
Լինե՜ր մանկան արդար քուն,
Երազի մեջ երջանիկ,
Հաշտ ու խաղաղ մարդկություն»։
Հովհ. Թումանյան
Արդեն վաճառքում է «Պահապան ծառերի բուժիչ զորությունը» գիրքը:
Այն կարող եք ձեռք բերել «Նոյյան տապան», «Բուկինիստ» և «Նոր գիրք» գրախանութներից: