Հինգ տարի անց

Հիմա բոլորին նոր կառավարությունն է հետաքրքրում: Ենթադրվող փոփոխություններից ամենաինտրիգայինը վարչապետի պաշտոնին է վերաբերում: «Կշարունակի՞ արդյոք պաշտոնավարել Տիգրան Սարգսյանը, թե՞ նոր վարչապետ կունենանք» հարցն ամենահետաքրքրականն է: Նախագահ Սերժ Սարգսյանի մամուլի ասուլիսն էլ ավելի խթանեց այն: Նախագահը բաց տեքստով հայտարարեց, որ ինքն արագ փոփոխությունների կողմնակից չէ: Չնայած, որ անցած հինգ տարում 20 փոփոխություն է կատարել կառավարության կազմում: Ըստ նրա, նույնիսկ նախարարի արդյունավետ պաշտոնավարման համար երեք տարին բավարար ժամկետ չէ:

Ընդունեք, որ այս հարցում դժվար է չհամաձայնել նախագահի հետ: Բայց ինտրիգը չվերացավ: Շատ ժամանակ չի մնացել: Մի քանի շաբաթից ամեն ինչ պարզ կլինի:

Մյուս կողմից` հինգ տարին բավարար ժամկետ է կառավարության գործունեությունն ամփոփելու համար: Հատկապես, որ հանձին Տիգրան Սարգսյանի` մենք երկարակյաց վարչապետի օրինակ ունենք: Անկախությունից ի վեր 12 վարչապետ ենք ունեցել:

Նրանցից համարյա յոթը մոտ մեկ տարի և ավելի քիչ են պաշտոնավարել: Նաև այդ պատճառով նրանց պաշտոնավարումը համարյա հետք չի թողել երկրի տնտեսության վրա: Չնչին բացառություններով, իհարկե: Ամենաերկարը կառավարել է լուսահոգի Անդրանիկ Մարգարյանը՝ մոտ յոթ տարի: Իր հնգամյա ցուցանիշով Տիգրան Սարգսյանը երկրորդն է: Հինգ տարին կլրանա ապրիլի 9-ին: Գործող վարչապետի պաշտոնավարումը համընկավ համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետ: Ոչ ոք չի մոռացել, թե ինչպես էր մեր վարչապետը պատրաստվում շրջանցել այդ ճգնաժամը: Շրջանցել՝ չտեսնելու տալով: Բնականաբար, չստացվեց ու մամուլի սիրած զվարճալի թեման դարձավ:

Ամիսներ շարունակ: Տնտեսության իրական հատվածը կառավարելու փորձ չունեցող վարչապետը երկար ժամանակ տեսական ելույթներ էր ունենում: Նախարարների ու հատկապես մարզպետ-քաղաքապետերի մի մասը չէին հասկանում և մինչև այսօր էլ չեն հասկանում այդ ելույթները: Անկեղծ ասած, հասարակության մեծ մասը` նույնպես: Հետո հայտնվեցին կառավարության արտագնա նիստերը: Այս կամ այն քաղաքում անցկացված նիստերը, ենթադրվում էր, որ տեղական խնդիրներին կոնկրետ լուծումներ պիտի տային: Կամ խնդիրներն էին շատ, կամ դրանց լուծելու կամք չկար: Հետևաբար` արտագնա նիստերը շոշաոփելի արդյունք չտվեցին ու արագ մոռացվեցին: Ասել, թե սա նորություն էր կամ նոու-հաու` սխալ կլինի: Ժամանակին վարչապետ Արմեն Դարբինյանն էլ էր ամիսը մեկ մի քաղաքի խնդիր քննարկում ու այդ քաղաքի զարգացման պլան կազմում:

Այդ պլանները երևի հիմա փոշու տակ թաղվել են կառավարության արխիվում: Հետո վարչապետը սկսեց ամեն քաղաքի զարգացման ինքնուրույն և ինքնատիպ նախագծեր մշակել: Հիշո՞ւմ եք` Գյումրին պիտի տեխնոպարկ դառնար, Դիլիջանը` ֆինանսական կենտրոն: Կարծեմ` տարածաշրջանային կենտրոն: Սիրուն պլաններ կազմելու համար մանրուքներում խորանալն ամենևին էլ կարևոր չէ: Այդ պլան կազմողները կամ իրենց աշխատանքին լուրջ չէին վերաբերվում, կամ էլ գիտեին` այն ինչ ավարտ է ունենալու: Ոչ մեկին հետաքրքիր չէր՝ կա՞ արդյոք Գյումրիում մասնագետների անհրաժեշտ քանակ, թե՞ ոչ:

Մեր երկրի ու մասնավորապես Գյումրիի ուսումնական հաստատություններում կրթության անհրաժեշտ որակ ապահովվա՞ծ է, թե՞ ոչ: Հանձնարարված է տեխնոպարկ ստեղծել՝ ու վերջ: Կամաց-կամաց «ստեղծում են»: Նույնիսկ այն ժամանակ, երբ «տեխնոպարկի» ղեկավարների պաշտոններին երևանցիներ նշանակեցին, միևնուն է, չհասկացան, որ այդ գործի զարգացման համար անհրաժեշտ որակի մասնագիտական ներուժ չկա Գյումրիում: Եվ ոչ միայն Գյումրիում:

Այնինչ կարող էին ժամանակին գլխի ընկնել: Կառավարությունը նոր տեխնոլոգիաները գերակա ոլորտ էր հայտարարել: Առանց շոշափելի արդյունքների: Սրանք, իհարկե, մանր խնդիրներ են կառավարության գործունեության հնգամյակը գնահատելու համար:

Մինչ վարչապետ դառնալը ԿԲ նախագահի պաշտոնում Տիգրան Սարգսյանն արդեն հասցրել էր «աննախադեպ» քայլեր կատարել, ինչպես, օրինակ, երկրի ոսկու պահուստի վաճառքը ճիշտ այն պահին, երբ ոսկին շատ էժան էր: Հետո այն, իհարկե, ռեկորդային թանկացավ, բայց երկիրն արդեն ոսկի չուներ: Ավելին՝ պարզ չէր, թե ինչ եղավ ոսկու վաճառքից ստացված գումարը: Դրանով, կարծեմ, բաժնետոմսեր գնվեցին: Հետևաբար` կարելի է ենթադրել, որ համաշխարհային տնտեսական ճգնաժամի մամլիչի տակ փոշիացվեցին:

Հետևաբար` արդեն վարչապետ Տիգրան Սարգսյանից հաշվետվություն պահանջելն անիմաստ է: Կառավարության գործունեության շատ ավելի բնութագրական ցուցանիշ է այն, որ այդ հինգ տարիներին երկրի արտաքին պարտքը մոտ 3.5 անգամ ավելացավ: Այն, որ տարադրամային համարժեքով պետական բյուջեն վերջին տարիներին աճելու փոխարեն կրճատվում է:

Այն, որ հինգ տարվա ընթացքում չապահովեցին աշխատավարձ-թոշակների բարձրացման մասին նախագահի 2008թ. նախընտրական խոստումների կատարումը: Բայց սրանք մանրուքներ են մեր կառավարության համար: Կառավարության գործունեության ամենաբացահայտ գնահատականն այն է, որ անցած հինգ տարիների ընթացքում երկրի տնտեսության կառուցվածքը փոփոխության չենթարկվեց: Ճիշտ այնպես, ինչպես չփոփոխվեց նաև կառավարման մեթոդոլոգիան: Մյուս բոլոր հարցերում մեր տնտեսության համար վարչապետի հնգամյա գործունեությունը մնաց աննկատ ու անհետևանք:

Այնինչ հինգ տարի առաջ մեծ հույսեր կային՝ վարչապետ էր նշանակվել երկրի լավագույն տեսաբան տնտեսագետներից մեկը: Ու հիմա կշարունակի՞ պաշտոնավարել, թե՞ կփոխվի վարչապետը. այս հարցն ինքնին սպեկուլյատիվ է: Ի՞նչ կարողացավ անել մեր կառավարությունը վարչապետի ղեկավարությամբ, որ մնա, կամ փոխվի: Չեմ կարծում, թե որևէ մեկը կկարողանա բացատրել տարբերությունը:
«168 ԺԱՄ»

Տեսանյութեր

Լրահոս