Բաժիններ՝

«Եթե անունը դրեցինք H1N1, դրանից ոչինչ չփոխվեց»

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Հայաստանում վերջին շրջանում սուր շնչառական վարակների աճ է գրանցվում: Առողջապահության նախարարության տվյալներով՝ հիվանդացության աճ հատկապես գրանցվում է մանկահասակ երեխաների շրջանում: Սուր շնչառական վարակներից մինչ այժմ մահվան 3 դեպք է գրանցվել: Վերջին շաբաթվա ընթացքում իրականացվել է լաբորատոր 86 հետազոտություն, որի արդյունքում 20 դեպքում հայտնաբերվել է գրիպի H1N1 ենթատեսակը (խոզի գրիպ): 168.am-ի հետ զրույցում ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր թոքաբան Անդրանիկ Ոսկանյանը նշեց, որ գրիպի այդ ենթատեսակը միշտ էլ հունվար-փետրվար ամիսներին ակտիվանում է. «Եթե անունը դրեցինք H1N1, դրանից ոչինչ չփոխվեց: Այն ոչ մի վտանգ չի ներկայացնում, եթե հիվանդը տանը ջերմություն ունենալու դեպքում հակաբիոտիկներ չօգտագործի, ինքնաբուժությամբ չզբաղվի, այլ ժամանակին դիմի բժշկի, և նրան ճիշտ դեղորայք հատկացնեն: Իսկ այն, որ ասում են՝ Հայաստանում մի քանի հոգի մահացել է գրիպի այդ ենթատեսակից, ես շատ կասկածում եմ, որովհետև H1N1 վիրուսը հայտնաբերելու, ճշտելու համար պետք են շաբաթներ: Միայն կլինիկական ախտանիշներով հնարավոր չէ, որովհետև նրա մոտ կարող է, օրինակ, ալվեոլիտ լինել»:

Գրիպից պաշտպանվելու համար Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը խորհուրդ է տալիս պատվաստվել հիվանդության դեմ: 168.am-ի հետ զրույցում ՀՀ առողջապահության նախարարության իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանն ասել էր, որ գրիպի դեմ պատվաստումներ կամավորության սկզբունքով արվել են նախորդ տարի ռիսկի խմբերում (մանկատան երեխաներ, գիշերօթիկ հաստատություններում սովորող երեխաներ, ծերանոցներում ապրողներ, բուժաշխատողներ):

Պատվաստանյութն իմունիտետ ապահովում է 1 տարով: Անդրանիկ Ոսկանյանը, անդրադառնալով պատվաստումներին, նշեց, որ դրա անհրաժեշտությունը լինում է այն դեպքերում, երբ համաճարակային իրավիճակի վտանգ կա: «Ես, ասում եմ, որ օրինակ՝ H1N1-ի դեմ պատվաստում անել պետք չէ, որովհետև այն պատվաստումը, որ կա դրա դեմ, մշակված է եղել նախորդ տարի, այս տարվա վիրուսի վրա չի ազդի, որովհետև վիրուսը փոխվել է: Վիրուսը շուտ է փոխվում»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս