Բաժիններ՝

Շնչառական ալերգիաների կտրուկ աճ է դիտվում

Ալերգոլոգ Աստղիկ Բաղդասարյանն այսօր ասուլիսում հայտարարեց, որ Հայաստանում գարնանը սրվում են հատկապես շնչառական ալերգիաները:

«Երկրորդ խնդիրը, որ կարող է սրվել գարնան ամիսներին, պայմանավորված է արևի առկայությամբ. այն որոշ մարդկանց մոտ առաջացնում է մաշկային խնդիրներ: Մյուս կողմից՝ կարող են գլուխ բարձրացնել միջատների պատճառով առաջացած խնդիրները»,- ասաց նա:

Ալերգոլոգի խոսքով՝ եթե ինչ-որ մարդիկ նախկինում ունեցել են շնչառական ալերգիայի նշաններ (հարբուխ, հաճախակի փռշտոցներ, արցունքահոսություն, հազ, դժվարաշնչություն), ապա պետք է դիմեն մասնագետի՝ համապատասխան օգնություն ստանալու համար:

«Դերմատիտներ ունեցող անձինք հատուկ պաշտպանող քսուքներ օգտագործելու անհրաժեշտություն ունեն: Մաշկը պետք է ավելի ինտենսիվ խնամել: Միջատների խայթոցից ալերգիաները կյանքին սպառնացող ալերգիաներ են: Նրանք պետք է պաշտպանված լինեն, ունենան ադրենալին պարունակող ինքնաներարկիչ»,- նշեց Աստղիկ Բաղդասարյանը:

Կարդացեք նաև

Նրա խոսքով՝ Հայաստանում շնչառական ալերգիաների կտրուկ աճ է դիտվում, միաժամանակ աճում է նաև սուր եղնջացան, կվինկեի այտուց ունեցող անձանց թիվը:

Աստղիկ Բաղդասարյանը նշում է, որ ալերգիաների հետ կապված վիճակագրությունը հակասական է. «Առողջապահության նախարարության հրապարակած թվերը հիմնականում ընդգրկում են ծանր հիվանդներին, որոնք ստիպված են եղել հիվանդանոց դիմել»:

Ըստ մասնագետի, պաշտոնական վիճակագրության համաձայն, բրոնխիալ ասթմայով հիվանդ է ազգաբնակչության 2-3 տոկոսը, իսկ առանձին հետազոտությունների համաձայն՝  նրանց թիվը 7-15, երբեմն նաև 20 տոկոսի է հասնում:

Ալերգոլոգի խոսքով՝ ոչ բոլոր ալերգիաները, սակայն դրանց որոշ տեսակներ, բուժվում են: Օրինակ, բուժվում են շնչառական ալերգիաները, միջատների պատճառով առաջացած ալերգիաները. «Բուժումը դեղորայքի կանոնավոր օգտագործում է ենթադրում, տևում է 3-5 տարի»,- ասաց Աստղիկ Բաղդասարյանը՝ հավելելով, թե երեխաների մոտ վաղ շրջանում տարածված ալերգիկ հիվանդությունները հաճախ բուժվում են ինքնուրույն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս