Բաժիններ՝

Ինչի՞ դեմ են բողոքում ուսանողները

«Գեղեցիկ են այն աչքերը, որ կյանքում գեղեցիկն են տեսնում»,- այս կարգախոսով այսօր ավարտվեց Երևանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի մագիստրատուրա 1-ին կուրսի հերթական դասաժամը: Ուսանելիք թեման վերաբերում էր ուսումնական պրոցեսին, դրա կառավարման ու ղեկավարման դրույթներին: Երբ սկսեցին առանձնացնել ղեկավար և կառավարող մարմիններին՝ տալով նրանց վարքին բնորոշ հատկանիշներ, այն է՝ գիտելիք, խիզախություն, ղեկավարելու ունակություն, ճշտապահություն և այլն, լսարանում իրարանցում սկսվեց:

Դասախոսն օրինակներ էր առաջարկում ոչ թե հայկական մտածելակերպին հասու տեսանկյունից, այլ ներկայացնում էր գործի գիտական, տեսական հատվածը: Այն, որ գործնականում բարությունը, ճիշտ ղեկավարելու ունակությունը, համապատասխան գիտելիքներն այսօր ոչ բոլոր ղեկավար և կառավարող մարմիններն են կիրառում, ստիպեց ուսանողներին ըմբոստանալ՝ թեկուզ լսարանային պայմաններում, թեկուզ 20-30 հոգու շրջանում:

«Եթե մենք  սովորենք, ապա կիրառենք այն մոդելը, որը ճիշտ է, մոտ ապագայում մենք կունենանք ներկայացվող մոդելին համապատասխան կյանք: Մարդիկ չեն լքի այս երկիրը, ուսանողներն էլ գործազուրկ չեն մնա»,- ասաց ուսանողներից մեկը, ով ամեն կերպ փորձում էր ճնշող մեծամասնությանը համոզել, որ կաշառակերությունն ու խարդախությունը մի օր վերանալու է մեր կյանքից:

Ուսանող Հասմիկ Նազարյանը, ով դպրոցներից մեկում աշխատել էր նաև որպես ուսուցչուհի, սեփական փորձով, ստացած վիրավորանքներով փորձում էր համոզել, որ այն, ինչ իր համակուրսեցին ասում է, լոկ երազ է, որը երբեք նման մտածելակերպի պայմաններում կյանքի չի կոչվի: «Ես աշխատել եմ դպրոցում 4 ամիս: Իմ աշխատանքի արդյունքում հասցրեցի նկատել այն մրցակցությունը, որ կա թե՛ ուսանողների, թե՛ մասնագետների՝ ուսուցիչների շրջանում: Երիտասարդ կադրերի համար տեղ ու հնարավորություն չկա: Երբ աշխատում էի, մեզ հետ միասին աշխատում էին նաև թոշակառու մարդիկ, ում աշխատանքային ժամկետն արդեն ավարտվել էր: Մարդիկ ամուր կառչել էին իրենց տեղերին և չէին թողնում, որ երիտասարդ սերունդը զբաղեցնի իրենց տեղը: Նույն վիճակն էլ այստեղ է՝ համալսարանում, երբ մենք պայքարում ենք մեր անվճար տեղերի համար: Ինչո՞ւ պետք է ուսանողների շրջանում թշնամանք ձևավորվի կես կամ 1 բալի համար: Բայց եթե խորն ես վերլուծում, այս կես բալը կարող է քո ընտանիքին 400.000 դրամով  օգուտ տալ: Ուստի, կամա-ակամա ոչ առողջ մրցակցություն է ձևավորվում: Ինչո՞ւ պետք է տեղերն այդքան քիչ լինեն, չէ՞ որ էլի մարդիկ կան, ովքեր այդ անվճար ուսուցման համակարգի կարիքն ունեն և ովքեր իրավամբ արժանի են անվճար ուսուցման»,- ասաց Հ. Նազարյանը:

Կարդացեք նաև

Վերջինս խոսեց նաև 6000 դրամ ամսական կրթաթոշակի մասին, որ ստանում են գերազանց առաջադիմություն և վարք ունեցող ուսանողները: Ուսանողուհին չէր հասկանում և խնդրում էր դասախոսին կամ ուսանող ընկերներին՝ բացատրել, թե ի՞նչ իրավունքով են իր կրթաթոշակից պահումներ կատարում: 80 րոպե տևած քննարկման ընթացքում հնչեցին բազում հարցեր, որոնց պատասխանն ուսանողները մեր օգնությամբ փորձեցին փոխանցել պատկան մարմիններին: Հարցերից գլխավորն այն է, թե ինչո՞ւ առանց ծանոթ-բարեկամի, նույնիսկ այսքան թվացյալ բարեփոխումների պարագայում, հնարավոր չէ աշխատանքի տեղավորվել: Ուսանողներին հետաքրքրում էին հետևյալ հարցերը, թե ինչո՞ւ են անընդմեջ դնում անդադար մրցակցության մեջ, մի՞թե հնարավոր չէ անվճար ուսուցման համակարգի տեղերն ավելացնել, որպեսզի արժանիները ևս հնարավորություն ունենան օգտվելու:

Հնչեց նաև հարց, որն ուղղվեց Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին: Ուսանողներից շատերը ցանկանում են իմանալ, թե ինչո՞ւ իրենք չեն ուսուցանվում միջազգային չափանիշներին համապատասխան, ինչո՞ւ գործնական առարկաներին այսօր առավել մեծ ուշադրություն չեն դարձնում, չկան համապատասխան տեխնիկական հնարավորություններ` պրակտիկ դասերն առավել հետաքրքիր դարձնելու համար: Մագիստրատուրայում սովորող ուսանողները պետք է որ զարգացնեն իրենց ունեցած գիտելիքի պաշարը հենց պրակտիկայի, նորագույն ծրագրերի և մեթոդների հաշվին, ինչը Երևանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում չի գործում:

Երբ հնչում էին այս հարցերը, ուսանողներից ոմանք լուռ էին, չէին արտահայտում իրենց կարծիքն ու դիրքորոշումն այս և նմանատիպ այլ հարցերի մասին: Այն հարցին, թե ինչո՞ւ են լռում, արդյո՞ք այս համակարգում ամեն բան իրենց դուր է գալիս, պատասխանեցին, որ ավելորդ խնդիրներ ունենալ չեն ցանկանում: Այն փաստը, որ մագիստրատուրայի  տարեկան ուսումնական ծրագիրն արժե 420.000 դրամ, այն, որ դասերը կանոնակարգված չեն, ուսումնական պրոցեսում չկան նորամուծություններ, անգամ բանավոր խոսքը դասավանդվում է տեսական նյութերով, չխանգարեց ուսանողներին կրկին լուռ մնալ՝ հուսալով, որ մեկն իրենց փոխարեն մի օր կխոսի:

Ուսանողներից Հասմիկ Նազարյանը, ով անընդմեջ արտահայտում էր իր բողոքը, 168.am-ի հետ զրույցում ասաց, որ չի վախենում իր անունը բարձրաձայնելուց. սա իր երկիրն է, իր համալսարանը: «Գեղեցիկ են այն աչքերը, որ կյանքում  գեղեցիկն են տեսնում: Կրկնենք այս ասույթը և հուսանք, որ ամեն բան մի օր մեր ցանկացածի չափ գունավոր և գեղեցիկ կլինի, և մենք էլ այս կյանքում մեր տեղը կկարողանանք իրավամբ վաստակել»,- ասաց Հ. Նազարյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս