Ամրապնդելու են պաշտպանությունը
Արդեն մի քանի ամիս է՝ Հայաստանում գործում է մարդու իրավունքների պաշտպանության հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողով, որը ղեկավարում է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը:
Այդ հանձնաժողովի ստեղծումը, վերջինիս խոսքով, պայմանավորված էր անցած տարվա սեպտեմբերին ԱԱԽ-ի կողմից «Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության նախագծի» ընդունմամբ: «2012թ. սեպտեմբերի
12-ին Ազգային անվտանգության խորհրդի նիստում քննարկվեց և հավանության արժանացավ «Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության նախագիծը»:
Դրա մշակումը նախատեսված էր Հայաստան-ԵՄ գործողությունների ծրագրի իրականացման շրջանակներում: Ծրագրի նպատակն է` մարդու իրավունքների պաշտպանության և հիմնական ազատությունների ամրապնդումը: Ռազմավարությունը թույլ կտա առավել հետևողական և համակարգված քաղաքականություն իրականացնել այդ բնագավառում, բարձրացնել քաղաքացիների իրազեկվածության մակարդակը, ինչպես նաև կատարել Հայաստանի կողմից իր վրա վերցրած երկկողմ և միջազգային պարտավորությունները,- անդրադառնալով այս հանձնաժողովի ստեղծմանը` մեր թղթակցի հետ զրույցում ասաց Ա. Բաղդասարյանը՝ ավելացնելով,- «Սա շատ կարևոր է մեր երկրի տնտեսության և արդարադատության համակարգը փոխելու և ընդհանրապես բազմաթիվ ոլորտներում բարեփոխումներն առաջ մղելու համար: Ի վերջո, մարդիկ ուզում են լավ ապրել, մարդիկ ուզում են ազատ ապրել, օրենքի երկրում, իրավունքի հասարակության մեջ ապրել: Եվ այն բոլոր բարեփոխումները, որոնք մենք իրականացնում ենք, միտված են հենց այս խնդիրների լուծմանը»: Ըստ նրա, նշված ռազմավարության թիրախային խմբերն են երեխաները, կանայք, հաշմանդամները, փախստականները, դատապարտված անձինք, բռնադատվածները և այլ սոցիալական խմբեր:
«Ռազմավարությունը երեք հիմնական ուղղությամբ է գործելու` օրենսդրական և ենթաօրենսդրական բարեփոփոխումների իրականացում, ինստիտուցիոնալ բնույթի բարեփոխումներ, ստեղծվել է հատուկ միջգերատեսչական հանձնաժողով, որը ուշադրության կենտրոնում կպահի մարդու իրավունքների վիճակը, մոնիտորինգ կանցկացնի տարբեր պետական մարմիններում, գործուն միջոցներ կձեռնարկի, որպեսզի ենթակառուցվածքային հենքի վրա մարդու իրավունքների պաշտպանության վիճակն օրըստօրե կարգավորվի: Ռազմավարության երրորդ ուղղությունը վերաբերում է իրավակիրառական պրակտիկային, այսինքն` կյանքում ինչպես են պաշտպանվում մարդու, քաղաքացիների իրավունքները Հայաստանում»,- ասում է Ա. Բաղդասարյանը՝ ավելացնելով, որ Հայաստանը նման փաստաթուղթ ընդունելու նաև միջազգային պարտավորություններ ունի:
«Մարդու իրավունքների պաշտպանության հետ կապված միջազգային կազմակերպությունները տարբեր կարգի զեկույցներ են հրապարակում, որտեղ նշվում է մեր երկրում իրավունքների պաշտպանության ոլորտում առկա հիմնախնդիրները, թերությունները, իրականացման ենթակա քայլերը: Մենք գիտենք, որ տարբեր սոցիալական խմբերի հետ կապված կան խնդիրներ, նրանց իրավունքների պաշտպանության հետ կապված անհրաժեշտ է ավելի գործուն մեխանիզմների կիրառում, անհրաժեշտ է ուժեղացնել թրաֆիկինգի դեմ պայքարը, բարձրացնել մարդու իրավունքների պաշտպանության վիճակը բազմաթիվ ոլորտներում: Ռազմավարությունը եկել է պատասխանելու այդ հարցերին»,- նշեց նա:
Ինչ վերաբերում է Մարդու իրավունքների պաշտպանության ազգային հանձնաժողովի գործունեությանը, ըստ նրա, հանձնաժողովը պետք է հետևի, որպեսզի պետական մարմինների կողմից մարդու իրավունքների պաշտպանության խնդիրները համարվեն գերակա: «Այսօր կա մարդու իրավունքների պաշտպան, որը հանրային մոնիտորինգ է իրականացնում, նաև հսկողություն է իրականացնում մարդու իրավունքների պաշտպանության վիճակի հետ կապված, բայց մենք պետք է ընդունենք, որ շատ հաճախ մարդու իրավունքները ոտնահարվում են պետական, հանրային սուբյեկտների կողմից, և շատ կարևոր է պետական մարմինների կողմից մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում խիստ հսկողություն իրականացնել:
Այս տարի Անվտանգության խորհրդի և նրա աշխատակազմի կարևորագույն գործառույթներից մեկն էլ լինելու է` հետևել, որպեսզի մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում զգալի տեղաշարժեր լինեն, քանի որ այն ազգային անվտանգության գերակայություններից է: Համենայնդեպս, մենք անելու ենք դիտարկումներ, հրապարակելու ենք դրանց արդյունքները, հետամուտ ենք լինելու, որպեսզի պետական մարմիններում մարդու իրավունքների պաշտպանության խնդիրները լինեն էլ ավելի գերակա և ուշադրության կենտրոնում»:
«168 ԺԱՄ»