Ստևիա՝ բուժիչ շաքարը
«Ես դեռ մանուկ ու, մանկան պես, քաղցրավենու թունդ սիրահար,
Մեր թարեքից, ճարս հատած, մի կոշտ շաքար եմ գողանում»։
Պ. Սևակ
Կան մթերքներ, որոնք առաջացնում են կախվածություն, դրանցից մեկն է շաքարը։ Հնում շաքարի փոխարեն օգտագործվել են տարբեր քաղցրավենիքներ։ Արևելքում հնագույն ժամանակներից պատրաստել են ռահատ-լոխումը, որը պարունակում է մեղր, մրգեր, վարդի ջուր և օսլա։ Ավելի ուշ նկատել են որոշ մրգերի բարձր դոնդողագոյացման հատկությունը` նման մրգերից սկսել են պատրաստել խիտ մուրաբաներ։ Ֆրանսիացի հրուշակագործները նկատել են, որ եփելուց հետո պինդ զանգված կարելի է ստանալ միայն սերկևիլից և խնձորից։
Նման քաղցրավենիքները կոչել են մարմելադ` սերկևիլի պորտուգալերեն «մարմելո» անվանման նմանությամբ։ Հայտնի է, որ մարմելադի պատրաստման համար լավագույն հումք է հանդիսանում նաև ծիրանը, բարձր է ֆիզալիսի, կծոխուրի, կարմիր ջրիմուռների դոնդողագոյացնող հատկությունը։
Նշված մթերքները պարունակում են լուծվող սննդաթելեր` պեկտին, որոնք ունեն յուրահատուկ հատկություն` կլանում են ծանր մետաղները, ռադիոնուկլիդները, այլ վնասակար նյութեր, և հեռացնում օրգանիզմից։ Մարմելադը կարգավորում է մարսողությունը և նպաստում խոլեստերինի մակարդակի իջեցմանը։
Այլ կերպ են հագեցրել քաղցրի հանդեպ պահանջը «նոր աշխարհում», այնտեղ հայտնի է եղել շաքարը, որը 16-րդ դարից սկսած մեծ քանակություններով ներմուծվել է Եվրոպա։ Թեպետ դեռ Կոլումբոսի ժամանակներում իսպանացիները նկատել են, որ տեղաբնակները համեմում են իրենց «մատե» կոչվող թեյն ինչ-որ բույսի տերևներով, նրանք չեն կարողացել մշակել այն Եվրոպայում։
Հարավամերիկյան և հատկապես Պարագվայի բնիկները` գուարանի ցեղի հնդիկները, գրեթե չորս դար կարողացել են պահպանել իրենց «քաղցր խոտի» գաղտնիքը։ Միայն 1887թ. բուսաբան Անտոնիո Բերտոնին կարողացավ ուսումնասիրել և նկարագրեց այդ բույսը, որը գուարանիները անվանում են «կաա-էխ-է»=«քաղցր խոտ» կամ «մեղրային տերևներ»։
Սակայն բույսի մշակման գաղտնիքները յուրացվեցին շատ ավելի ուշ` անցյալ դարի 60-ականներին, թեպետ կա կարծիք, որ առաջինը դա արել են ճապոնացիները, մեր օրերին բույսը մշակվում է Չինաստանում, Վիետնամում, Սինգապուրում, Պորտուգալիայում, Բուլղարիայում, Մոլդովայում, Ռուսաստանի և Ուկրաինայի հարավային մարզերում։
Ստևիայի գաղտնիքը
Կաա-էխ-էն` նույն ինքը` ստևիան, աստղածաղկավորների ընտանիքին պատկանող բազմամյա բույսերի ցեղ է, որն ընդգրկում է մոտ 80 տեսակ, սակայն միայն Stevia rebaudiana տեսակն է, որ ունի արտահայտված քաղցր համ։ Քաղցրահամ են բույսի բոլոր մասերը։ Տերևներն արտաքուստ նման դաղձի, ծաղիկները սպիտակ են։ Տերևները հավաքում են բուսաճական շրջանի ողջ ընթացքում, սակայն դրանք առավել քաղցր են ծաղկման շրջանի սկզբում։ Հետաքրքիր է իմանալ, որ եթե ցերեկային ժամերի տևողությունը կարճ է, ապա բույսն ավելի առատ է ծաղկում և սերմեր տալիս, իսկ օրվա երկարելու հետ աճում են նոր ճյուղեր և տերևներ։
Բարենպաստ պայմանների դեպքում 1 քմ մակերես զբաղեցնող բույսերից կարելի է հավաքել 7 կգ շաքարին համարժեք բերք։ Ստևիայի թարմ տերևը 10-15անգամ քաղցր է շաքարից։ Պարունակում է բուսաշաքար, խաղողաշաքար, ամինաթթուներ, եթերային յուղ, ռուտին, A, E և C վիտամիններ, կալցիում, մագնիում, կալիում, ֆոսֆոր, ցինկ, երկաթ, կոբալտ, մարգանեց, պեկտին, բջջանք և այլն։ Բույսին բնորոշ կարևորագույն նյութերն են գլիկոզիդ ստևիոզիդը, որը բաղկացած է բարդ կառուցվածք ունեցող մոլեկուլներից, պոլիոլը և այլն։ Ստևիայից առանձնացված ստևիոզիդը 200-300 անգամ քաղցր է շաքարից, իսկ 1 գրամի էներգետիկ արժեքն ընդամենը 1 կկալ է։ Վաճառվում են ստևիայի չորացրած տերևի փոշին և ստևիզիդը փոշու, դեղահաբերի, հեղուկ մզվածքի տեսքով։
1990թ. շաքարային դիաբետի բուժման խնդիրներին նվիրված համաշխարհային գիտական համաժողովը հաստատել է, որ ստևիան բարձրացնում է մարդու կենսաէներգետիկ հնարավորությունների աստիճանը` նպաստում է առողջ, երկարակյաց կյանքին։ Կարևոր է, որ ստևիայից ստացված պատրաստուկները նպաստում են ինսուլինի գոյացմանը և իջեցնում են գլյուկոզայի մակարդակն արյան մեջ։ Խորհուրդ է տրվել օգտագործել ստևիան նյութափոխանակության խանգարման դեպքում։
Ստևիան ունի նաև այլ օգտակար հատկություններ.
1. ամրացնում և երիտասարդացնում է արյունատար անոթները,
2. կանխարգելում է ստամոքսի և 12-մատնյա աղիի խոցի զարգացումը,
3. իջեցնում է խոլեստերինի մակարդակն արյան մեջ,
4. պաշտպանում է ատամները կարիեսից, ամրացնում լնդերը,
5. ունի բարերար ազդեցություն լյարդի բջիջների վրա,
6. բարձրացնում է ֆիզիկական և մտավոր աշխատունակությունը, պաշտպանում է սթրեսից,
7. օգտակար է անքնության դեպքում,
8. երկարացնում է կյանքի տևողությունը։
Թարմ տերևից ստացված հյութով բուժում են այրվածքները, թարախային վերքերը, տրոֆիկ խոցերը։ Տերևի ջրային թուրմը կարելի է կիրառել ցանկացած տեսակի մաշկի խնամքի համար, ունի բուժիչ ազդեցություն մաշկի բորբոքման դեպքում, նպաստում է մազերի աճին։
1931թ. ակադեմիկոս Վավիլովը հիմնել է ստևիայի մշակմամբ զբաղվող տնտեսություն, որը մատակարարում էր Կրեմլի պաշտոնյաներին թարմ սննդարար հումքով։ Այդ աշխատանքները երկար ժամանակ գաղտնի են պահվել։
1997թ.-ից Պենտագոնն ընդգրկել է ստևիան ամերիկյան բանակի սննդակարգում։
Ստևիան` որպես դեղամիջոց
Շաքարային դիաբետ. Ստևիան խթանում է ինսուլինի արտազատումը, միևնույն ժամանակ կարող է յուրացվել առանց ինսուլինի։ Ստևիայի օգնությամբ անհնարին է բուժել առաջին կարգի դիաբետը, սակայն ստևիան կանխարգելում է հիվանդության հետևանքով առաջացող հնարավոր բարդացումները` տրոֆիկ խոցեր, հիպերտոնիա, մանր երակների աթերոսկլերոզ, վաղաժամ ծերացում։ Ստևիան կայունացնում է գլյուկոզայի մակարդակը և կանխարգելում նոպաների առաջացումը։
Գիրություն. Քաղցրեղենի` շաքարի և բջջանք չպարունակող ածխաջրերի չարաշահումը ճարպակալման հիմնական պատճառներից են։ Ստևիան հագեցնում է քաղցրի պահանջը, չի առաջացնում ինսուլինի կուտակում արյան մեջ, ունի գրեթե զրոյական էներգետիկ արժեք։
Հորմոնալ խանգարումներ. Ստևիան պարունակում է ֆիտոստերոիդներ, որոնք նպաստում են էնդոկրին համակարգի բնականոն աշխատանքին։
Օնկոլոգիա. Հետազոտությունները ցույց են տվել, որ ստևիայի կանոնավոր օգտագործումը կանխարգելում է նորագոյացությունների զարգացումը, նպաստում է առողջ բջիջների վերարտադրմանը և արյան մակարդելիության կարգավորմանը։
Դիսբակտերիոզ. Ստևիան նպաստում է աղիների միկրոֆլորայի բարելավմանը` ունի պրեբիոտիկի հատկություն, և ոչնչացնում է վնասակար բակտերիաները, մաքրում է օրգանիզմը թույներից։
Ստամոքսի, 12-մատնյա աղիի խոց. Խառնեք հավասար քանակի ստևիայի չորացրած տերևի փոշի, ջղախոտ մեծի և պատրինջի տերևներ, վաղենակի, երիցուկի և եղեսպակի ծաղիկներ, սրոհունդի խոտ (ծաղիկ)։ 2 ճ/գ հումքի վրա լցրեք 300 մլ տաք ջուր, 15 րոպե եփեք ջրային բաղնիքի վրա` փակ կափարիչով, 45 րոպե թրմեք, քամեք, հումքը մզեք թուրմի մեջ։ Խմեք 60-ական մլ` օրը 4-5 անգամ, ուտելուց կես ժամ առաջ։ Շարունակեք 28 օր, ընդմիջեք 10 օր, կրկնեք ևս 3 անգամ։
Օգտակար է նաև քրոնիկ ստամոքսաբորբի և խոլեցիստիտի դեպքում։
Սիրտ-անոթային համակարգի հիվանդություններ, հիպերտոնիա, անքնություն. Խառնեք 3 թ/գ ապուզանի տերև, 2-ական թ/գ կարկադեի ծաղկաթերթ, ստևիայի տերևի փոշի, 20 րոպե թրմեք 800 մլ եռջրում` ապակե տարայի մեջ։ Խմեք 100-ական մլ, օրը 2-3 անգամ։ Շարունակեք 3-4 շաբաթ։
Թեյը կանխարգելում է չարորակ ուռուցքների զարգացումը։
Վարակային ինֆեկցիա, թոքերի հիվանդություններ. Կես թ/գ չոր տերևը 15 րոպե թրմեք 200 մլ եռջրում։ Խմեք 200-ական մլ` օրը 1-2 անգամ։
Ստևիայի մզվածք. 100 գ չոր տերև պարունակող թանզիֆե պարկն իջեցրեք 1 լ օղի պարունակող տարայի մեջ, եփեք թույլ կրակի վրա` այնքան, մինչև մնա 100 մլ հեղուկ, հումքը մզեք։
Կենցաղում օգտագործվող շաքարի տեսակները
Ռաֆինացված. Արտադրվում է ճակնդեղից կամ շաքարեղեգից, որոնցից ստացված շաքարները գործնականում չեն տարբերվում։ Իրենց հատկություններով չեն տարբերվում նաև շաքարավազը և կոշտ շաքարը։ Կենցաղում վաղուց ի վեր սովորական դարձած շաքարը գլյուկոզայի և ֆրուկտոզայի խառնուրդ է։
Եթե մարդու այլ օրգաններին բավարար է ճարպերի և սպիտակուցի տրոհման հետևանքով ստացված էներգիան, ապա ուղեղը, մկանները և արյան կարմիր գնդիկները սնելու համար անհրաժեշտ է գլյուկոզա։ Շաքարն անհրաժեշտ է երիկամների հիվանդությունների, անուժականության, թոքաբորբի դեպքում, սպորտսմեններին, ծանր ֆիզիկական և մտավոր աշխատանք կատարող մարդկանց շաքարն օգնում է հաղթահարել սթրեսը։
Երկու կարծիք. «Սպիտակ շաքարն այն վառելիքն է, որը թեժացնում է քաղցկեղի վառարանի կրակը»,- կարծում է հայտնի ուռուցքաբան Յոսեֆ Բրենները (Իսրայել)։
«Եթե ձեր նախնիները հիվանդացել են քաղցկեղով, ապա վերանայեք ձեր սննդակարգը»,- խորհուրդ է տալիս գիտնականը։
Ամերիկացի բժիշկ Դէվիդ-Սերբան-Շրայբերը, ով կարողացել է ինքնաբուժվել ուղեղի քաղցկեղից, կարծում է, որ սթրեսը նպաստում է քաղցկեղի առաջացմանը։
Անհնար է հերքել, որ քաղցրավենիքի չարաշահումը դառնում է ճարպակալման, աթերոսկլերոզի և շաքարային դիաբետի զարգացման պատճառ։
Շագանակագույն շաքար- Խորհրդային ժամանակներում վաճառվում էր երկրորդ տեսակի որակավորում ունեցող շաքար, որն իր բաղադրությամբ նման է շագանակագույն շաքարին։ Գործարանները չէին հասցնում մաքրել արտադրվող շաքարի ողջ ծավալը։ Եղեգնի մաթի (հյութի) մի մասը թողնում են շաքարի մեջ։
Որքան մուգ է շաքարի գույնը, այնքան շատ է դրա մեջ պարունակվող մաթը և համապատասխանորեն` օգտակար նյութերը։ Նման շաքարի արտադրությունը նվազ ծախսատար է, իսկ վաճառքի գները` մի քանի անգամ ավելի բարձր, քան ռաֆինադինը։ Կարևոր է իմանալ, որ ռաֆինադի և շագանակագույն շաքարի էներգետիկ արժեքները քիչ են տարբերվում, իսկ վերջինի քաղցրությունը մոտ երկու անգամ նվազ է։
Մրգաշաքար- Վաճառվում է դեղատներում և խանութների դիետիկ սննդի բաժիններում նախատեսված է շաքարային դիաբետով հիվանդների համար, երկու անգամ ավելի քաղցր է, քան ռաֆինադը, և ունի գրեթե նույն էներգետիկ արժեքը։
Մրգաշաքարը նպաստում է նիհարելուն և արյան մեջ շաքարի բաղադրության կարգավորմանը, այն պայմանով, որ սովորական 1 թ/գ ռաֆինադի փոխարեն օգտագործեք կես թ/գ ֆրուկտոզա։
Զգուշացում. Ֆրուկտոզան հակացուցված է սիրտ-անոթային հիվանդությունների և խոլեստերինի բարձր պարունակության դեպքում։
Խաղողաշաքար. Տարբերվում է ռաֆինադի մեջ պարունակվող գլյուկոզայից, 30 տոկոսով զիջում է սովորական ռաֆինադին իր քաղցրությամբ, ավելի արագ է յուրացվում, չի առաջացնում խմորում։
Խաղողաշաքարը նախատեսված է երեխաների համար, քանի որ նրանք ավելի շատ էներգիա են ծախսում։ Պետք է հաշվի առնել, որ որքան արագ է յուրացվում շաքարը, այնքան մեծ է հավանականությունը, որ արյան մեջ պարունակվող գլյուկոզան կփոխակերպվի ճարպի։
Ա. Ամասիացին խորհուրդ է տվել. «Շաքարը օժտված է մաքրող հատկությամբ։ Եթե սղկվի, խառնվի հազարի հետ և դրվի գլխի խոցերի վրա, կօգնի։ Փափկացնում է կուրծքը, օգնում է մրսածության և հազի դեպքում։ Դրա վնասակար ներգործությունը չեզոքացնում է թթու նուռը։
Եթե 30 գ շաքարը խառնեն 60 գ յուղի հետ և տաք վիճակում ուտեն, կօգնի պորտի շրջանի ցավերի դեպքում։ Եթե օշարակ պատրաստեն ու տևական ժամանակ խմեն, կբուժի հազը և կմաքրի ձայնը։ Օգնում է հարբուխի, մրսածության ժամանակ, փափկացնում է կուրծքը, վերացնում է չորությունը, մաքրում է միզապարկը։ Կնպաստի էկզեմայից կարմրած աչքի ապաքինմանը։ Բայց եթե շատ ուտեն, աղիքներում քերծվածքներ կառաջացնի։ Դրա վնասակար ներգործությունը չեզոքացնում է սերկևիլը («մարմելո».-Ջ. Ս.)»։
Հ.Գ. Արդեն վաճառքում է «Պահապան ծառերի բուժիչ զորությունը» գիրքը:
Այն կարող եք ձեռք բերել «Նոյյան տապան», «Բուկինիստ» և «Նոր գիրք» գրախանութներից: