Առաջին տեղը գրաված թեկնածուն ստիպված է հացադուլով ապացուցել, որ ինքն է հաղթել. Ա.Սարգսյան

Այսօր  «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանին էր այցելել «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը: Հիշեցնենք, որ Ր. Հովհաննիսյանն արդեն երկու օր է հացադուլ է անում Ազատության հրապարակում: «Րաֆֆի Հովհաննիսյանը խորը քրիստոնյա մարդ է: Նա իր ամբողջ քարոզարշավի ընթացքում որևէ մեկին չփնովեց, որևէ մեկին վատ բան չասաց, այսօր ծայրահեղ քայլի է գնացել` հացադուլի: Ես գիտեմ, թե դա ինչ դժվար է` հացադուլի հասնելը,  և այդ առումով ես իմ պարտքն եմ համարում իմ աջակցությունը հայտնել, ասել, թե ես քաղաքական ի՞նչ զարգացումներ եմ տեսնում, որոնք կօգնի իրեն, և այդ առումով իմ աջակցությունն իրեն հայտնեմ իրեն հարմար պահին»,- լրագրողների հետ զրույցում ասաց Ա. Սարգսյանը:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե հացադուլն ինչ-որ ազդեցություն կունենա՞, Ա. Սարգսյանը պատասխանեց. «Նախ շատ ցավում եմ, որ հասարակության մեծամասնության քվեն ստացած թեկնածուն ստիպված նման քայլի է գնում, շատ տխուր է, որ մենք էս երկրում ենք, որ ընտրությունների հետևանքով առաջին տեղը գրաված թեկնածուն ստիպված է հացադուլով ապացուցել, որ ինքն է հաղթել: Դա ծայրահեղ քայլ է, բայց այդ ծայրահեղ քայլը կդառնա քաղաքական, եթե դրան հետևի քաղաքական քայլերի շարք: Իսկ դրանք հետևյալն են` առաջին. իմ համոզմամբ` Ազգային ժողովի այն խմբակցությունները, ովքեր համարում են, որ մեծամասնությունը՝ 500.000-ից ավելին է  քվեն տվել Րաֆֆի Հովհաննիսյանին, և Րաֆֆի Հովհաննիսյանը հաղթել է, եթե իրենք  էլ են էդպես համարում ու ասում են, որ իրենք ժողովրդի կողքին են, իրենք իրենց մանդատները վայր դնեն ու քաղաքական նոր իրավիճակ ստեղծեն: Ես ինչի՞ եմ ինձ իրավունք վերապահում նման բան ասելու, որովհետև ես էդ մանդատը դրել եմ ու իրենց պարզ օրինակ` դրանից չեմ տուժել»: Նրա խոսքով` ինքը նկատի չունի ԲՀԿ-ին, քանի որ ԲՀԿ-ն իրեն չի հայտարարել որպես ընդդիմություն։

Ըստ Ա. Սարգսյանի՝ քայլերից մեկն էլ հասարակության լայն զանգվածների մասնակցությունն է հանրահավաքին: Իսկ ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչո՞ւ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հրապարակ չի գալիս, թեև հայտարարում է, որ ժողովրդի կողքին է, սակայն հրապարակայնորեն չի ընդունում ո’չ Սերժ Սարգսյանի, ո’չ Րաֆֆի Հովհաննիսյանի հաղթանակը, Ա. Սարգսյանը պատասխանեց. «Ես բացարձակապես իմ խնդիրը չեմ համարում Բարգավաճ Հայաստանի  ուԳագիկ Ծառուկյանի տեսակետները մեկնաբանել կամ իրենց մասին տեսակետներ ասել: Հարցը տվեք իրենց»:

168.am-ի հարցին, թե հնարավոր համարո՞ւմ եք, որ Ր. Հովհաննիսյանի այս քայլը կարող է փակուղու առաջ կանգնել Սերժ Սարգսյանին, Ա. Սարգսյանը պատասխանեց. «Ես փակուղու առջև կանգնած համարում եմ մեր երկիրն ու մեր ժողովրդին, էս պետությունն ու պետականությունը:  Ես գտնում եմ, որ պետք է քայլեր անել, որոնցով այս փակուղուց հնարավոր է դուրս գալ: Րաֆֆի Հովհաննիսյանի արած քայլն այդ փակուղուց դուրս գալու ճիգերից մեկն է, եթե  դրան հետևեն մնացած քաղաքական ուժերն էս երկրի մասին մտաող քաղաքական գործիչների ճիշտ քայլն ու աջակցությունը, այո’, շատ հնարավոր եմ համարում»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս