«Ամենահեշտը երեխային հանձնելն է. դրանից հետո պետք է գալ տուն, կարողանալ քնել ու առավոտյան արթնանալ»

«2010-ին իմ փոքրիկ տղան ծնվեց գլխուղեղային կաթվածով` սուր թթվածնային քաղցով: Ամիսներ անց ախտորոշեցին մանկական գլխուղեղային կաթված (ՄՈՒԿ): Ես ինքս՝ որպես մայր, հնարավորություն ունենալով հաճախել տարբեր կենտրոններ, մասնագետների, բժիշկների մոտ, այն ամենն, ինչ հնարավոր էր անել, մեր բալիկի համար անում էի, բայց ես ամեն օր բախվում էի մայրերի հետ, որոնք ուզում են ամեն ինչ անել, բայց կարողանում են անել միայն պետպատվերի շրջանակում: Պետության տրամադրածը՝ տարեկան 2 անգամ 1 ամսով վերականգնողական բուժում, ծայրահեղ կերպով բավարար չէ, որովհետև այս երեխաները անընդհատ թերապիայի կարիք ունեն»,- պատմում է Նարինե Մանուկյանը: Վերջինս նման խնդիրներ ունեցող երեխաներին օգնելու համար ստեղծել է «Հայ մայրեր» բարեգործական կազմակերպությունը: Այն խնդիր ունի մանկական ուղեղային կաթվածի հետևանքով խնդիրներ ունեցող երեխաների համար գումար գտնել, որպեսզի նրանք հիպոթերապիա (ձիավարություն) և հիդրոթերապիա (ջրային թերապիա) ստանալու հնարավորություն ունենան:

«Մայրեր կան, որ չեն պատկերացնում՝ ինչ է կատարվում իրենց, իրենց երեխայի հետ: Այս բժիշկն ասում է մի բան, մյուս բժիշկը՝ մի ուրիշ բան, հարևանն ասում է ուրիշ բան, տատիկն ասում է՝ իմ հորեղբորս տղան էլ է 4 տարեկանում քայլել, թող մնա, կքայլի, և մայրը հաճախ հնարավորություն էլ չի ունենում իր ուժերի սահմաններում ինչ-որ բան անել»,- ասաց Նարինե Մանուկյանը: Վերջինիս խոսքով՝ այժմ կազմակերպությունում ՄՈՒԿ-ով 57 երեխա է գրանցված: Կազմակերպությունը փետրվարին մեկնարկած «Մի բաժակ սուրճի փոխարեն» ակցիայի շրջանակներում հասցրել է հավաքել մոտ 500.000 դրամ:

Ջրային թերապիայի մասնագետ, «Հայ մայրեր» կազմակերպության փոխնախագահ Միսակ Դարբինյանը նշեց, որ այս հիվանդությամբ երեխաներն ամբողջությամբ չեն բուժվում, բայց նրանց վիճակը կարելի է զգալիորեն լավացնել: Բանախոսները նշեցին, որ Հայաստանում այսօր կան վերապատրաստված մասնագետներ, կենտրոններ, որոնք կարող են անհրաժեշտ օգնություն տրամադրել ՄՈՒԿ-ով երեխաներին:

Խնդիրներ ունեցող երեխաներին մանկատուն հանձնող երեխաներին Նարինե Մանուկյանը չի մեղադրում։ Նա նշում է, որ հատուկ կարիքներոով երեխաների մանկատները ունեն հրաշալի հովանավորներ թե Հայաստանում, թե դրսում, և այդ երեխաները մաքսիմալ ապահովված են թե գույքով, թե հագուստով, սակայն ավելացնում է . «Շատ անգամ բժիշկների մեղավորությունն էլ այդտեղ կա: Ինձ էլ են ասել՝ ծանր է լինելու վիճակը: Եթե չես կարող պահել, ավելի լավ է հանձնի´ր: Ես միշտ ասում եմ ամենահեշտը հանձնելն է, բայց դրանից հետո պետք է գալ տուն, կարողանալ քնել ու առավոտյան պետք է կարողանալ արթնանալ»:

Տեսանյութեր

Լրահոս