Զգուշացեք սալմոնելա մանրէից
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, «Գետամեջ» ապրանքանիշի «Սառեցված հավ» արտադրանքում հայտնաբերվել էր սալմոնելա տեսակի մանրէ: 168.am-ը ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի Հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության սնուցման բաժնի գլխավոր մասնագետ Լիլիթ Գաբրիելյանից հետաքրքրվել է, թե առողջական ինչպիսի՞ խնդիրներ կարող է առաջացնել նշված մանրէն:
Վերջինս նշել է, որ սալմոնելան շրջակա միջավայրում բավական տարածված է, այն կարող է լինել նույնիսկ փոշու վրա: «Այն հանդիպում է և՛ թռչունների, և՛ խոշոր եղջերավորների մսի մեջ: Սրանք բոլորն էլ համարվում են սալմոնելակիրներ: Քանի որ սալմոնելան կա նաև շրջակա միջավայրում՝ հողի մեջ, նույնիսկ սովորական փոշու վրա կարող է լինել, ապա միսը սալմոնելայով կարող է վարակվել նույնիսկ մորթի ժամանակ, տեղափոխելիս: Հիվանդ մարդն էլ է բացիլակիր, առողջանալուց հետո որոշ ժամանակ նա կարող է մնալ բացիլակիր: Արտաքինից առողջ մարդը կամ առողջ կենդանին նույնպես կարող են լինել առողջ բացիլակիրներ և այդ միկրոբն արտազատել արտաքին միջավայր, այսինքն՝ սալմոնելան բավական տարածված է, հատկապես շատ է հանդիպում թռչնի մսի մեջ»: Լիլիթ Գաբրիելյանի խոսքով՝ այս մանրէն կայուն է արտաքին միջավայրում, սակայն եռացելուց հետո այն բավական արագ ոչնչանում է:
Հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության սնուցման բաժնի գլխավոր մասնագետի խոսքով՝ սալմոնելա տեսակի մանրէի՝ օրգանիզմ ներթափանցելու հետևանքով կարող են առաջանալ առողջական 2 տիպի հիվանդություններ. «Նախ, կարող են առաջանալ աղիքային հիվանդություններ, որոնք սննդային թունավորում չեն առաջացնում: Նման խնդիրներ առաջանում են այն դեպքում, երբ այդ մանրէով վարակվում են երկրորդային կեղտոտվածության հետևանքով՝ կոնտակտային եղանակով: Այն դեպքում, երբ ինքը՝ միսը, վարակված է լինում մանրէով, որի ընթացքում սալմոնելան հասցնում է զարգանալ և թույն արտազատել, առաջանում է սննդային թունավորում: Առաջին դեպքում դա համարվում է սուր-վարակիչ աղիքային հիվանդություն, երկրորդ դեպքում՝ սննդային թունավորում»:
Ըստ Լիլիթ Գաբրիելյանի՝ երկուսն էլ ուղեկցվում են աղիքային երևույթներով: Գաղտնի շրջանը բավական կարճ է տևում, մի քանի ժամից՝ մինչև երկու օր: «Հիվանդները նման դեպքերում բարձր ջերմություն են ունենում, լուծ, փսխումներ են տեղի ունենում, ընդհանուր թուլություն է նկատվում: Սալմոնելոզից ապաքինումը լավ է ընթանում, մահացություն շատ քիչ է լինում: Պետք է շատ բացթողնված դեպք լինի, որ մահացություն գրանցվի»,- ասել է Լ. Գաբրիելյանը: Սնուցման բաժնի գլխավոր մասնագետի խոսքով՝ այժմ հանրապետությունում նման հիվանդներ չկան:
Հիշեցնենք, որ Գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը որոշում էր կայացրել արտադրանքը դուրս հանել շրջանառությունից, արգելել «ԳՐԻԳ ԷԼ ՄԵՏ» ՍՊԸ-ի (վերջինս շուկայում առավել հայտնի է՝ որպես «Գետամեջ» ընկերություն) գործունեությունը: Ստուգման ընթացքում պարզվել էր նաև, որ արտադրանքի մակնշումը կատարվում է թերի, արտադրամասի սանիտարական վիճակն անբավարար է, աշխատակիցները չունեն համապատասխան արտահագուստ, արտադրանքի տեղափոխման համար նախատեսված բեռնարկղերը կեղտոտ են, արտադրական տարածքը չունի օդափոխության բավարար համակարգ, արտադրատարածքները և արտադրանքի պահման սառնարաններն ու պահեստային մասն ապահովված չեն ջերմային ռեժիմի վերահսկման սարքավորումներով: Մսամթերքի մորթի և վերամշակման արտադրամասում աշխատող 47 աշխատակիցները չեն անցել պարբերական բժշկական զննություն:
Նշված խախտումների հետ կապված՝ 168.am-ը փորձեց մեկնաբանություն ստանալ նաև ընկերության տնօրենից: Վերջինս, արդեն 2 օր է, չի պատասխանում մեր զանգերին: