Ալենն արդեն կարողանում է ծիծաղել, իսկ Նարինեն՝ լաց լինել (լուսանկարներ)
2 տարեկան Ալեն Հարությունյանի պատմությունը մեզ՝ շարքային քաղաքացիներից սկսած` մինչև պետական բարձրաստիճան պաշտոնյա, սովորեցրեց վերանայել ճիշտ ու սխալի մասին մեր պատկերացումները: Այս փոքրիկ երեխան հազարավոր մարդկանց սովորեցրեց լինել մի մարդու կողքին, որից դեռ մեկ շաբաթ առաջ բոլորս խորշում էինք ու պատրաստ էինք «խեղդել» այն կնոջը, ում երեխան արնաթաթախ, սոված, ցրտից կապտած, անտերության էր մատնված: Ալենը մեզ սովորեցրեց՝ ինչպե՞ս օգնել իր մորը, ու այսօր էլ՝ ստիպում է մեզ հավատալ, որ մեր օգնության հասցեատերը մայրն է, այլ ոչ ինքը:
2 տարեկան Ալեն Հարությունյանը հիմա կոկիկ, ժպտերես ու կյանքով լի փոքրիկ մարդ է, ով հաճախում է «Հայ օգնության ֆոնդ» (ՀՕՖ) կենտրոն և դեռ սովորում է մյուս երեխաների հետ հարաբերվել, ադապտացվել մի միջավայրի, որն իր համար թեև խորթ է, այնուամենայնիվ՝ հետաքրքիր ու հաճելի է: Կենտրոնում Ալենի հետ աշխատում են մասնագետները, որոնք փորձում են երբևէ երեխաների հետ չշփված այս փոքրիկ «մաուգլիի» մեջ արթնացնել մարդկային տարրական բնազդները: Նարինե Հարությունյանը հիմա մի մարդ է, ով հաստատակամ և ինքնավստահ արգելում է իր հարբեցող և անբարոյական ընկերներին մուտք գործել այն տարածք, որն իր տունն է: Ամեն առավոտ նա Ալենին տանում է ՀՕՖ կենտրոն, այնուհետև գնում է հիվանդանոց՝ ստուգումների: Առողջական խնդիրները հոգալուց հետո մի քանի օրից նա արդեն կաշխատի «Coca-Colla» ընկերությունում: Հիշեցնենք, որ այս աշխատանքի հնարավորությունն այս օրերի ընթացքում նա ստացավ սրտացավ մարդկանց օգնությամբ:
«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում ստեղծված «Փրկենք Ալենին» նախաձեռնող խմբի կամավորներն առավոտից մինչև ուշ գիշեր Նարինեի կողքին են: Ի դեպ, Նարինեի կյանքում ամեն օր նկատվող փոփոխությունից ոգևորված՝ երիտասարդները միմյանց հետ կապ հաստատելիս, հարցին, թե` ո՞ւր եք, պատասխանում են՝ «տանն ենք»: Ընդամենը չորս օր առաջ այդ տունը հարբեցողների, անբարոյականների որջ էր, իսկ հիմա, անկեղծ ասած՝ մեր տունն է, որովհետև Ալենի տանը մեզանից ամեն մեկն իր կյանքի ամենախորհրդավոր ու ամենամեծ հաղթանակն է ապրում: Ալենը հիմա կամավորներից ոմանց «պապա» է ասում, իսկ երեկոյան սկսում է լաց լինել այն երիտասարդների հետևից, որոնք իրեն բարի գիշեր մաղթելով հեռանում են: Նարինեն հիմա մեզ հետ այնքան է անկեղծանում, որ մանրամասն նկարագրում է, թե ինչո՞ւ էր ոտքից գլուխ թաղվել հարբեցողության ու մարմնավաճառության մեջ: Նա հիմա իր նախկին՝ ցինիկ ծիծաղի փոխարեն կարողանում էգ լաց լինել: Անցյալի մասին խոսելով` ժամանակ առ ժամանակ օգտագործում է իր միջավայրին հատուկ բառապաշար, բայց, տեսնելով իրեն շրջապատող մարդկանց զարմացած հայացքները՝ անմիջապես մտքերը վերաձևակերպում է: Ասում է՝ չխմելու առաջին օրը ոսկորները շատ են ցավել, բայց ինքն իրեն երդվել է չհուսահատվել: Ցավին դիմացել է՝ նույնիսկ առանց դեղորայքի միջամտության: Նարինեն խոսելու, շփվելու կարիք ունիգ Նրա տանը հերթապահելիս` մենք նաև սկսում ենք Նարինեին ճանաչել: Երեկոյան, երբ նա գնում էր ՀՕՖ կենտրոն՝ Ալենին տուն բերելու, հարցրեց՝ «Կարելի՞ ա էս քաղցրավենիքներից, կոնֆետներից մի տոպրակ լցնեմ՝ տանեմ ՀՕՖ-ի մյուս երեխաներին»: Մի քանի օր առաջ նրա տանը հացի փշուր գտնելն անհնար էր, բայց այսօր նա պատրաստ է իր ընտանիքին ցուցաբերած օգնությունը բաժանել կարիքավորներին ու մյուս անօգնական երեխաներին: Երեկ Նարինեին ոստիկաններն ուղեկցել են Երևան քաղաքի վարչության պետ Ներսես Նազարյանի մոտ: Նա անձամբ երկար զրուցել է Նարինեի հետ, իսկ վերջում կատակելով ասել է՝ «Եթե մեկ էլ օղու շիշը վերցնես ձեռքդ՝ իմ դեմքը կհիշես»: Նարինեի տուն այցելում են մեծահարուստից, պետական պաշտոնյայից սկսած` մինչև շարքային քաղաքացիներ, որոնց օրը, ճիշտ մեր նման՝ սկսվում է Ալենի պատմությամբ ու ավարտվում այս երեխայի ճակատագրի մասին անհանգստություններով: Նարինեին զանգահարում են աշխարհի տարբեր երկրներում բնակվող մեր հայրենակիցները և առաջարկում են իրենց բարեկամությունը: «Օգնենք Ալենին» խմբի կամավորները հոգում են ընտանիքի կենցաղային բոլոր կարիքները՝ շնորհիվ հազարավոր մարդկանց աջակցության: Ի դեպ, երեկ Նարինեի տուն այցելեցին մասնագետներ, որոնք առաջիկա օրերին ձեռնամուխ կլինեն տան վերանորոգման աշխատանքներին: Ի դեպ, մեր հայրենակիցներից մեկը նրան կահույք է նվիրում, մյուսը՝ սառնարան, և շարունակում են հետաքրքրվել, թե փոքրիկ Ալենի մանկությունը վերափոխելու համար ինչի՞ անհրաժեշտություն կա: Ալենին հիմա օգնում են թե՛ այլ երկրներում ապրող մեր հայրենակիցները, թե՛ հայաստանաբնակները: Օգնում են դրամ ունեցողներն ու գործազուրկները: Ալենին օգնում են Նարինեին ցուցաբերվող ուշադրությամբ և սիրով: Ամեն առավոտ Ալենին ՀՕՖ ճանապարհող մայրը րոպեներ ու ժամեր է հաշվում, թե ե՞րբ պետք է որդուն գրկած տուն բերի: Նարինեն հիմա հասկանում է, որ ամեն ինչի պատրաստ է, միայն թե որդու հետ լինի: Նա հիմա նաև ամեն ինչի պատրաստ է` իրեն մարմնավաճառության և հարբեցողության ճանապարհով «ուղեկցած» միջավայրից ձերբազատվելու համար: Ասում է՝ «Իմ կողքին եղեք»: Երեք օր առաջվա Նարինեից մենք վախենում էինք, բայց հիմա նա մեկ-մեկ ուրախությունից մեզ գրկում ու համբուրում է: Երեք օր առաջվա Նարինեի «որջն» այսօր մեր տունն է, որտեղ հավանաբար Ալենի կյանքը փոխելու մեր երազանքը մեզ ստիպում է այնտեղ լինել մինչև ուշ գիշեր: Կամավոր երիտասարդներից շատերը վտանգում են իրենց աշխատանքը, թողել են իրենց ընտանեկան, առօրյա հոգսերը և ամուր կանգնած են այնտեղ, որտեղ իրենց երազանքը ժամ առ ժամ իրականություն դառնալու նշաններ է ցույց տալիս:
Այսօր Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում Նարինե Հարությունյանի հարցով հրավիրված նիստն էր: Հիշեցնենք, որ մեր հրապարակումներից հետո վարչական շրջանի Խնամակալության և հոգաբարձության բաժնում ստեղծված աշխատանքային խումբը 3 օր ժամանակ էր տվել Նարինեին՝ մայրական իրավունքները պատշաճ կատարելու, իր կյանքը վերանայելու համար: Հակառակ դեպքում կարող էին սկսել նրան մայրական իրավունքից զրկելու ընթացակարգը: Մոտ մեկ ժամ տևած նիստի ընթացքում քննարկեցինք, վիճաբանեցինք, միմյանց հասցեին մեղադրանքներ հնչեցրինքգ Վերջում նիստին մասնակցելու համար ներս հրավիրվեց Նարինեն: Ես ու կամավորներից Գոռը մեծ հպարտություն էինք զգում: Նա խոսում էր ինքնավստահ ու փոխված, լավ մայր երևալու համար բացարձակապես ջանք չէր թափում: Աշխատանքային խմբի տասից ավելի անդամներն ակնհայտորեն փոփոխություն արձանագրեցին, բայց, անկեղծ ասած, կլորիկ փորով մեքենայի ղեկին նստած հղի Կատրինի ուղեկցությամբ թաղապետարան եկած Նարինեն առանձնապես լարվածություն չէր զգում: Կատրինը, ով Ֆեյսբուքից էր Ալենի պատմության մասին իմացել և շուտով ծննդաբերելու է՝ Նարինեին ներս ուղեկցելուց հետո ասում էր՝ «Քեզ կսպասեմ, որ հետո իմ մեքենայով տուն տանեմ»: Բոլորը Նարինեի կողքին էին: Նարինեի հետ կապված հարցի քննարկման արդյունքներին սպասում էին՝ առավոտից իրիկուն նրանց նվիրված Գոռը, «տունը» Նարինեի նախկին շրջապատից օրերով հսկող Հակոբը, Հայկը, Արուսյակը ու հազարավոր մարդիկ՝ թե՛ Հայաստանից, թե՛ արտերկրից: Ու քանի որ հազարավոր մարդիկ սպասում են այս տեղեկատվությանը՝ շտապելով եզրափակում ենք հրապարակումը՝ առանց անդրադառնալու մոր ու երեխայի հարցով հրավիրած վերոնշյալ նիստի մանրամասներին:
Հ.Գ. Մեկ ժամ տևած նիստի ընթացքում վիճաբանելուց, քննարկելուց ու նույնիսկ ձայներ բարձրացնելուց հետո` ես, որպես լրագրող և որպես այս երկրի քաղաքացի` ասում եմ՝ «Դուք, Ալենի ու նրա մոր ճակատագիրը որոշող պետության ներկայացուցիչներ, շատ բան ունեք սովորելու «Փրկենք Ալենին» խմբի յուրաքանչյուր անդամից: Դո՛ւք, պետական կառավարման համակարգ, պարտավոր եք փոխել կա՛մ Խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովների գործառույթները, կա՛մ այդ հանձնաժողովի ներկայացուցիչներին»: Ձեզ պահեք մեր թերթին գրավոր շնորհակալագիր ուղարկելու ձեր նախապատրաստական քայլերն ու գովեստի խոսքերը, պարզապես զգույշ վարվեք մարդկանց կյանքի ու ճակատագրերի հետ: Որևէ թուղթ դակելիս` հիշեք, որ դուք գործ ունեք մարդկային զգացմունքների, մարդկային հոգիների, կյանքի և ճակատագրերի հետ: Ալենի ընտանիքում այս օրերին թաղապետարանից ուղարկվող նպաստից ավելի կարևոր էր մարդկային ուշադրությունն ու սերը: