«Գուցե Յուրի Վարդանյանով փորձում են մի քիչ շոյե՞լ գյումրեցիներին»
Ասում է Գյումրիի «Ասպարեզ» ժուռնալիստների ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը
– Որպես գյումրեցի` ինչպե՞ս եք վերաբերվում Շիրակի մարզպետի փոփոխությանը: Համաձայն շրջանառվող լուրերի` Շիրակի մարզպետ է նշանակվելու օլիմպիական չեմպիոն Յուրի Վարդանյանը:
– Ես իրականում ո՛չ սպասելիքներ ունեմ, ո՛չ էլ իրականում էական տարբերություններ կարող են լինել, որովհետև մարզպետի գործը կանոնակարգված է օրենսդրությամբ և օրինական քայլերի մասով` ո՛չ շատ աջ, ո՛չ շատ ձախ շեղվել չեն կարող, այլ խնդիր է, որ մարզպետները` որպես կանոն, այս տեսակ իրադրություններում գործի են դնում վարչական ռեսուրսը, որ իրենք տնօրինում են, ինչը նորություն չէ Հայաստանում: Այս իմաստով դժվար է ասել, թե Յուրի Վարդանյանի թե մեկ այլ մարզպետի դեպքում կլինեն վարչական ռեսուրսի չարաշահումներ, քան նախորդ 5 մարզպետների դեպքում է եղել: Նախորդ 5-ի վարչական չարաշահումները, որ փորձում են հիշել և համեմատել, ընդհանուր առմամբ, նույն պատկերն է. մեկը` մի քիչ խիստ, մեկը` մի քիչ փափուկ, բայց բովանդակությունը միշտ եղել է նույնը` չարաշահել պետական բյուջեի և համայնքային բյուջեներից աշխատողների վրա ունեցած ազդեցությունը` հօգուտ իշխանության վերարտադրման: Որևէ նոր բան չկա, և կարծում եմ, որ բոլոր նրանք, ովքեր մտածում են այստեղ մարզպետի գալու մասին, անպայման գիտեն, որ այդպիսի ծանրաբեռնվածության տակ են ընկնելու, որովհետև իշխանությունները մնում են նույնը: Յուրի Վարդանյանը կլինի, թե մեկ ուրիշ տեղից մարդ կլինի, գիտի այդ ռիսկերը, գիտի, թե ի՞նչ է իրենից սպասում իշխող մեծ ավտորիտատար ռեժիմը` Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, և պիտի կռահի, գնահատի իր դեմ լինելիք քննադատությունը, այլ հարց է, որ Յուրի Վարդանյանն այդքան էլ տեղյակ չէ Շիրակի մարզում զանգվածային լրատվամիջոցների և քաղաքացիական հասարակության դերակատարությունից, բայց հիմա, ինչպես նա, այնպես էլ շատ ուրիշներ, տեսնելով այս «թարս աճած վարունգը» կամ, արդեն ճիշտ կլինի ասել` «ճիշտ ուղղությամբ աճած վարունգը Շիրակի մարզում»` շատ ավելի շրջահայաց պետք է լինեն, և պետք է հաշվի առնեն, որ չի լինի այնպես, ինչպես եղել է միշտ:
– Ինչո՞վ էր պայմանավորված Յուրի Վարդանյանի թեկնածության ընտրությունը: Ինչո՞ւ են ընտրել հենց Յուրի Վարդանյանին:
– Իսկ Դուք տեղեկություն ունե՞ք, որ նա արդեն նշանակվել է: Ես պարզապես տեղյակ չեմ, ես լուրերից եմ տեղյակ, որ տեղեկություններ կան, որ ինքը կնշանակվի: ճիշտն ասած, վստահ չեմ, որ ինքը կնշանակվի, բայց նաև չեմ բացառում դա: Գուցե այս անգամ իշխանությունը մեր մարդուն «ղըրկի» մեզ մոտ: 5 մարզպետներից ոչ մեկը գյումրեցի չի եղել` Ռոմիկ Մանուկյանը եղել է Արթիկի տարածաշրջանից, Նանյան Լիդան և Աշոտ Գիզիրյանը եղել են հյուսիսային Արցախից, Ֆելիքս Փիրումյանը եղել է թիֆլիսեցի, և պետությունը մոտ 20 տարի քաղաքականություն է վարում` Շիրակի մարզում չունենալ այդ պաշտոնում և Ոստիկանության վարչության պետի պաշտոնում որևէ գյումրեցի: Սա դիտավորյալ, հատուկ քաղաքականություն է` մարզերը, չգիտես` ինչո՞ւ, ինչ-որ կերպ ուծացված կամ հսկողության տակ պահելու համար: Երևի ռեժիմը վախենում է, որ այդ մարդիկ կարող են հանրության շահը պաշտպանել, և ոչ թե ավելի շատ` ռեժիմի շահը: Գուցե այս անգամ այդ խոսակցությունները` Յուրի Վարդանյանին կամ որևէ այլ գյումրեցու մարզպետ նշանակելու մասին, հույս ունեն փայփայել գյումրեցիներին կամ մի քիչ շոյել գյումրեցիներին` ասելով` «ձեր մարդուն ենք «ղրկում», յոլա գնացեք»:
– Այսինքն` փորձում են շահե՞լ գյումրեցիների սիրտը:
– Երևի մտածում են, որ մեր լեզուն գյումրեցին լավ կհասկանա, բայց գաղտնիքը դրա մեջ չէ, այլ գաղտնիքն այնտեղ է, որ մի կողմից` ծայրահեղ հուսահատության մեջ մարդիկ, հայհոյելու հետ մեկտեղ, գնացել-քվեարկել են ռեժիմի դեմ, լրատվամիջոցների համեմատական ազատությունը` մյուս մարզերի և Երևանի համեմատ, քաղաքացիական հասարակության որոշակի ակտիվությունը` համեմատած այլ շատ համայնքների, անօթևանությունը, աղքատությունը, գործազրկությունը` այդ ամբողջը բերեց այսպիսի ճշգրիտ ուղղությամբ աճող վարունգի:
– Երևանի Ազատության հրապարակում հանրահավաքներն ու զանգվածային հավաքները կարո՞ղ են ինչ-որ լուրջ փոփոխության հանգեցնել:
– Ես ավելին եմ սպասում, և խոսքը միայն հանրահավաքի մասին չէ: Ես համարում եմ, որ Հայաստանում սկիզբ է առնում համաժողովրդական մեծ շարժում` առանց չափազանցության և առանց վերամբարձության: Հերթական անգամ լայնամասշտաբ կերպով բռնաբարել են հայ հասարակությանը, մեր ապագան են փորձել խլել մեզնից, ուղղակի գողացել են մեր հաջորդների ճակատագիրը: Եվ ոչ միայն այդ հանրահավաքները, այլև բոլոր հնարավոր օրինական բողոքի գործողությունները շատ տեղին եմ համարում և քիչ եմ համարում: Շատ-շատ բան պետք է անել, որպեսզի ռեժիմը հնարավորինս շուտ հասկանա, գլուխը պատով տա, պատը գլխով տա, հրաժարվի այս ռեժիմից: Այսպես երկիր կառավարել չի կարելի: Ես անձամբ ամեն ջանք ներդնելու եմ, որպեսզի Հայաստանն իշխող այս մեծ ավտորիտար ռեժիմը տապալվի: Ես դա ասում եմ, և նոր չէ, որ ես դա անում եմ: Եթե ռեժիմը կհամարձակվի անօրինական միջոցներով ճնշել օրինավոր բողոքողներին, այդ դեպքում ռեժիմի դեմ կլինեն ուրիշ գործողություններ, որոնց մասին հրապարակային չի խոսվում: Ես պատրաստ եմ այդ գործողություններին դիմել:
– Ըստ Ձեզ` սա դեպի իշխանափոխությա՞ն տանող ճանապարհ է:
– Ես համարում եմ, որ այս շարժման համար դա լինելու է ոչ միայն իշխանափոխության, այլև ռեժիմի փոփոխություններ, խոսքը չի վերաբերում Սերժ Սարգսյանի և իր կլանի փոփոխությանը մեկ այլ խմբով, որը որոշ ժամանակ հետո կարող է վերածվել Սերժ Սարգսյան 2-ի, և այլն: Ես համարում եմ, որ մենք ակունքներում ենք: Ես զգում եմ, որ նոր-նոր սկսում է այս շարժումը, բողոքի մեծ ալիք է բացվում, վերջիվերջո, ռեժիմն է փոխվելու Հայաստանում: Երկիրը պետք է վերադառնա քաղաքացուն: Ես Րաֆֆի Հովհաննիսյանին չեմ քվեարկել, ես փչացրել եմ իմ քվեաթերթիկը, այդ մասին արդեն գրել եմ: Ինքն այդ քվեների տիտղոսային տերն է, բայց բոլորն են հասկանում, որ դա բողոքի ահռելի քվե է: Եթե Սերժ Սարգսյանի կողմ եղած 860.000-ից ավելի քվեից հանում ես բանակը, վարչական ճնշումները, կաշառքը, տանե-բերելները և այլն, տակը հազիվ մնում է 7-10%` ոչ ավելին, չեմ ասում, թե նա քվե չունի, նա էլ իր համակիրներն ունի, բայց խոսքը հազիվ 10%-ի մասին է: Բազմաթիվ մաթեմատիկական անալիզներն էլ են ցույց տալիս, որ ընտրությունները բռնաբարված են:
– Կարծիք կա, որ սա ընդդիմության լիդերի տիտղոսը ստանալու պայքար է: Համամի՞տ եք:
– Ես գիտեմ, որ նման կարծիք կա: Օրեր շարունակ ես սպասել եմ Րաֆֆի Հովհաննիսյանի տալիք երաշխիքներին, ես իր բանավոր խոսքից ստացել եմ այդ երաշխիքները, գործողությունների մասով նույնպես սպասում եմ երաշխիքների: Մարդկային կամ անձնական մակարդակում ասեմ, որ չեմ հավատում և լուրջ չեմ ընդունում այդ խոսակցությունները, թեպետ բնության կամ քաղաքականության մեջ չի կարելի ասել` երբեք: Երբեք մի ասա` երբեք: Իմ անձնական զգացողությունն այն է, որ սա ընդդիմության լիդերի կռիվ չէ Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից:
– Մյուս կողմից` մտավախություն կա Մարտի 1-ի դեպքերի կրկնության:
– Նման մտավախություններ պետք է լինեն: Մենք ոչ միայն խոսում ենք տեսական դաշտում, այլև ծանր օրինակ ունենք` դա Մարտի 1-ն է: Պետք է սպասենք նման բաների:
– Ինչպե՞ս կանվանեք իշխանափոխություն տանող ճանապարհը: Ի՞նչ սցենարի մեջ կտեղավորեք այն:
– Գուցե սա նյարդերի կռիվ է, գուցե մեզ սպասվում է նյարդային դիմակայություն որոշ ժամանակահատվածում: Վստահ չեմ, թե գնահատականներս ճիշտ են: Ես իրավունք ունեմ կասկածելու անգամ իմ գնահատականներին, բայց սպասվում է նյարդերի լուրջ պատերազմ: Այս անգամ այլևս նահանջելու տեղ չկա: Այս անգամ ռեժիմը գնալու է տուն և համապատասխան ազատազրկման վայրեր` ըստ արժանիքների, իհարկե: