«Մեզանում չեն հասկանում, որ մշակույթն է ստեղծում պետություն, հասարակություն, ազգային արժեք» (լուսանկարներ, տեսանյութ)
168.am-ի զրուցակիցը նկարչուհի Դիանա Հակոբյանն է։
– Դիանա, կպատմե՞ք «Leave me alone» հոլովակի ստեղծման պատմությունը։ Կյանքում նման պահեր հաճա՞խ են լինում։
– Ես սկսել եմ վիդեո ստեղծել 1997 թվականից, մինչ այդ միայն նկարներ և իստալյացիաներ էի անում։ Այս վիդեոն 2002 թվականին եմ արտադրել։ Ընդհանրապես ինձ համար շատ հետաքրքիր են ֆեմինիստական մոտեցումները, որոնք վիդեո-արտի մեջ ավելի շատ են արտահայտվում, քան նկարներում և իստալյացիաներում։ Վիդեո-արտի միջոցով հնարավոր է շարժում ցույց տալ, որը շատ դժվար է պատկերել նկարներում։ Շարժման միջոցով հնարավոր է ցույց տալ ցանկացած զգացմունք, էքսպրեսիա։ Կոնկրետ «Թողեք ինձ մենակ» աշխատանքն ուղղված է հասարակությանը։ Հոլովակում կինը (ես) կռվում է տեքստի հետ, հասարակության թելադրանքի հետ, թե ինչպես պետք է ապրել, ինչպես պետք է կառուցել սեփական կյանքը։ Այս երևույթը շատ բնորոշ է մեր հասարակությանը, Հայաստանում այսպիսի խոսքեր շատ են կանանց ասում. գիտենք, թե կանանց ինչպիսի դերեր են հատկացնում։ Բոքսի առկայությունը միաժամանակ և՛ ագրեսիա էր, և՛ փորձ` ցույց տալ, որ կինն ուժեղ է։ Վերջում կինը հոգնում է. դա հասկանում ենք նրա շնչառությունից։
Անկեղծ ասած` ես արվեստը կյանքի հետ գուցե կարող եմ ստեղծագործական առումով կապել, բայց չեմ կարող ասել, որ արվեստն իլյուստրացնում է կյանքը, գուցե՝ նույնիսկ հակառակը:
– Մյուս հոլովակը, որն ինձ շատ է դուր եկել, «I am your slave, you are my property» (ես քո ստրուկն եմ, դու իմ սեփականությունը) հոլովակն էր…
– 2000 թվականին ՆՓԱԿ արվեստի կենտրոնում տեղի ունեցավ մի ցուցահանդես, որը կոչվում էր «Պատրանքների փլուզում»։ Բոլոր աշխատանքները, որոնք ներկայացվում էին, պետք է լինեին պերֆորմատիվ, այսինքն` հենց բացման ժամանակ պետք է գործողությունները տեղի ունենային։
Կոնկրետ իմ ներկայացրած աշխատանքը, կարծում եմ, գործունեությանս ընթացքում ամենաքաղաքականն է, որովհետև այնտեղ ներկայացված լուսանկարները ցույց են տալիս տվյալ պահի Հայաստանի քաղաքական, տնտեսական իրավիճակը։ Լուսանկարների վրա մեխերով ես հավաքել էի` «Ես քո ստրուկն եմ, դու իմ սեփականությունը» տեքստը։ Զուգահեռ կար մի վիդեո, որում տղամարդ քաղաքական գործիչն ասում էր, որ ինքն իսկական տղամարդ է, և Հայաստանն ունի իր կարիքը։ Այս միտքն ինձ շատ էր զարմացրել, որովհետև, կարծում եմ, որ «իսկական տղամարդիկ» դիկտատորներն են, իսկ Հայաստանը դրա կարիքը չունի։
– Հոլովակները նայելիս` նկատեցի, որ հիմնական դերակատարները միայն կանայք և երեխաներն են։
– Գրեթե բոլոր վիդեոներում ես օգտագործել եմ իմ և աղջկաս մարմինը։ Դա էլ է ինչ-որ չափով կոնցեպցիա, որովհետև, երբ նկարում ես ինքդ քեզ կամ քո ընտանիքի մի մասը, քո կյանքը, քո զգացմունքները, քո անգիտակցականը շատ ավելի լավ ես կարողանում արտահայտել։
– Իսկ հոլովակներում կնոջ պատկերումն արտահայտո՞ւմ է ֆեմինիզմի թեման, փորձո՞ւմ եք ցույց տալ, որ Դուք կողմ եք գենդերային հավասարությանը։
– Գենդերային հավասարությանն, իհարկե, կողմ եմ, բայց ֆեմինիզմի թեման միշտ չէ, որ առկա է իմ գործերում։ Լինում են նաև հոգեբանական աշխատանքներ, որոնք գալիս են շատ խորը անգիտակցականից, ես փորձում եմ դա ցույց տալ։
– Անընդհատ շարժման պատկերումը շարժվելու, առաջ նայելու հե՞տ է կապված։
– Դեպի առաջ նայելու` ոչ, բայց շարժվելու` այո։ Ոչինչ կանգնած չէ, եթե ապրում ես, բնականաբար, շարժում կա։ Ինչ վերաբերում է առաջ նայելուն, ասեմ, որ ես մի աշխատանք ունեի, որում առաջ նայելու մտքին մի փոքր ցինիզմով էի նայում։ Դրա մեջ սովետական ինչ-որ բան կա, որ պետք է առաջ շարժվենք, ինչ-որ բաներ հաղթահարենք։ Ես հաճախ գնահատում եմ նաև թույլ լինելը։ Երբեմն գործ ես նայում և մտածում, թե հետո ի՞նչ կլինի, որտե՞ղ ես այն ցուցադրելու, ի՞նչ արձագանք կունենա, և այլն։ Ես նախընտրում եմ բավականություն ստանալ գործ անելու փաստից։ Ինձ թվում է՝ ձեռքի և կտավի հաղորդակցությունն ավելի կարևոր է, մնացածն ինձ չի վերաբերում։
– Ինչպե՞ս կբնութագրեք այսօրվա ժամանակակից արվեստը։
– Կարծում եմ` երիտասարդները շատ լավն են, պոտենցիալ ունեն, բայց այն, ինչ կատարվում է իրենցից դուրս, այն չէ։ Շատերը չգիտեն, թե ի՞նչ է ժամանակակից արվեստը։ Մի խումբ մարդիկ կան, ովքեր գալիս են, տեսնում, բայց այն իրենցից դուրս չի գալիս։ Հանդիսատեսի, գնահատողի խնդիր կա, ինչը կապված է կրթության պակասի հետ։ Շատ լավ արվեստագետներ ունենք, որոնց դրսում ճանաչում են, գնահատում, իսկ այստեղ, չգիտես՝ ինչո՞ւ, վիճակն այլ է։ Մեզանում նկարչությունը, ընդհանրապես մշակույթը, երկրորդական ինչ-որ բան է համարվում։
– Պատճառն այն է, որ չե՞ն հասկանում մշակույթի դերն ու ազդեցությունը, թե՞ չեն ցանկանում գիտակցել։
– Ինձ թվում է` չեն հասկանում, որ մշակույթն է ստեղծում պետություն, հասարակություն, ազգային արժեք։ Ազգային արժեք ասելով` մենք նկատի ունենք Մասիս, դրոշ, գերբ, բայց ոչ երբեք՝ մշակույթ։ Մեզանում հայրենասիրական երգ սովորելը շատ ավելի կարևոր է, քան Արշիլ Գորկու աբստրակցիան նայելը։
– Արվեստը Ձեզ համար որպես ի՞նչ գործիք է ծառայում։
– Արվեստը, իհարկե, կարող է լինել քաղաքական, սոցիալական պայքարի ձև, բայց իմ կարծիքով՝ այն անհատի դրսևորումն է, իսկ անհատն ավելի շատ կազմված է ներքին մտածմունքներից։ Արվեստն ինձ համար նաև հոգեթերապևտիկ դեր է խաղում, այն ինքնարտահայտվելու միջոց է։ Հաճախ փորձում եմ ստեղծագործությունը խաղի հանգեցնել։ Երեխաները միշտ խաղում են, իրենք գործ չեն անում, բայց հաճույք են ստանում իրենց զբաղմունքից։ Ես կարծում եմ, որ արվեստն ավելի շատ հաճույքի դասին է պատկանում, քան աշխատանքի։
– Իսկ այդ հաճույքի մեջ ի՞նչ դեր ունի երաժշտությունը։
– Մեծ։ Ես կարծում եմ, որ բոլոր արվեստների մեջ ամենաազդեցիկն ու մասսայականը երաժշտությունն է։ Այն միշտ պետք է հնչի։
– Ձեր սիրելի երգիչը…
– Լեոնարդ Կոհենն է։ Նա սկսել է պոեզիայից, ավելի ուշ` երգել։ Նա ինձ համար ամենամեծերից է, շատ հանգստացնող պոետ է։
– Իսկ ովքե՞ր են այն նկարչուհիները, ովքեր Ձեզ վրա ազդեցություն են թողել։
– Իհարկե, սիրելի նկարիչներ էլ կան, բայց ես կուզենայի մի քանի նկարչուհիների առանձնացնել, որոնք ինձ շատ սիրելի են։ Դրանք են` Ջենի Հոլցերը, Բարբարա Կրուգերը, որոնք ավելի շատ աշխատում են տեքստի հետ, Կուզենամ նշել նաև Պիպիլիտո Րիստի անունը, ով վիդեո-արտով է զբաղվում։ Մի պահ իմ աշխատանքների մեջ տեքստ մտավ, երևի դա հենց վերոնշյալ երկու հեղինակների ազդեցությունից էր, իսկ Պիպիլիտո Րիստի աշխատանքների մեջ ինձ ամենաշատը դուր է գալիս այն, որ նա խաղի պես է իր գործերին վերաբերվում։
– Ձեր աշխատանքներում էլ նկատելի է տեքստը։ Ձեզ համար խոսքն ի՞նչ նշանակություն ունի։
– Երբեմն մարդիկ իրենց աշխատանքներին վերնագրեր են դնում, երբեմն էլ վերնագիրը հայտնվում է հենց աշխատանքի վրա ու դրանով ավելի սուր message՝ ուղերձ է պարունակում։ Ես տեքստերն օգտագործել եմ որոշ ժամանակ` կտավների և լուսանկարների դեպքում, իսկ հոլովակների դեպքում դա սկսեցի օգտագործել վերջին աշխատանքի մեջ, որը 2012 թվականին արեցի։ Ինչ վերաբերում է խոսքի նշանակությանը, կարծում եմ՝ պատկերն ավելի կարևոր ու ազդեցիկ է։ Հաճախ խոսքն էլ է դառնում պատկեր։
– Լինո՞ւմ են պահեր, երբ ստեղծագործական իմաստով փակուղում եք հայտնվում։
– Այո, ինձ մոտ եղել է։ 2006-2011 թվականների ընթացքում ես գրեթե ոչինչ չեմ արել։ Գուցե մեկի մոտ այդ վիճակը մեկ ամիս է տևում, մյուսի մոտ` տարիներ, բայց ինչ-որ պահ է գալիս, երբ ցանկանում ես հասկանալ, թե մինչև այդ պահն ի՞նչ ես արել, ի՞նչ է դա քեզ տվել, և ի՞նչ ես ուզում անել հետագայում, ի՞նչ ես ուզում փոխել։ Ինձ մոտ ոճն ինչ-որ չափով փոխվեց։
– Հիմա ի՞նչ նկարի վրա եք աշխատում։
– Այս պահին զուգահեռ երեք նկար և մեկ վիդեո եմ անում։ Եթե ես նկարում եմ, ապա սիրում եմ մի քանիսը միաժամանակ նկարել (ժպտում է.- Գ.Ա.)։