Բաժիններ՝

Կառավարությունում «լրիվ ոնց որ խառնել են սաղ»

Այսօր տեղի է ունեցել ՀՀ Կառավարության հերթական նիստը։ Կառավարության պաշտոնական կայքում նիստերից 1-2 ժամ անց տրվում է ամփոփ տեղեկատվություն՝ քննարկված հարցերի և ընդունված որոշումների մասին։ Կառավարության լրատվական ծառայությունը, խոստովանենք,  բավականին օպերատիվ է աշխատում։ Իսկ ընթերցողների գործը հեշտացնելու համար ծավալուն նյութը բաժանում են ենթավերնագրերի, որպեսզի նյութն ընկալելն ավելի հեշտ և հարմար լինի։

Այդուհանդերձ, երբեմն լինում են դեպքեր, երբ կառավարության մամուլի պատասխանատուները փորձում են գերարժևորել ոչ այնքան կարևոր, շարքային նախաձեռնությունները՝ տեղադրելով հնարավորինս «ճոռոմ» վերնագրեր ու ենթավերնագրեր։ Ավելին, երբեմն այդ վերնագրերը սխալ են արտահայտում որոշման կամ նախաձեռնության իմաստը։

Օրինակ, այսօրվա հաղորդագրության վերջին պարբերությունը վերնագրված է այսպես.

«Կմեծանա արտահանմանն աջակցող կազմակերպությունների կարողությունը»

Կարդացեք նաև

Իսկ հետո շարունակվում է այս տեքստը. «ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու օրենքի նախագծին, որով առաջարկվում է օրենսդրորեն սահմանել ՀՀ մասնակցությունն արտահանման վարկի ապահովագրությամբ զբաղվող ապահովագրական ընկերությունում»։

Այս անհասկանալի նախադասությունը պարզելու համար ծանոթացանք հենց օրենքի նախագծին։ Դրանով նախատեսվում է «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մաuին» Հայաuտանի Հանրապետության 2007 թվականի ապրիլի 9-ի ՀO-177 oրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասում լրացնել նոր պարբերություն հետևյալ բովանդակությամբ.

«Հայաստանի Հանրապետությունը կարող է հիմնադրել արտահանման ֆինանսավորման ապահովագրությամբ զբաղվող ապահովագրական ընկերություն: Ընկերությունը սույն օրենքով նախատեսված համապատասխան լիցենզիայի (լիցենզիաների) հիման վրա իրավասու է իրականացնել միայն արտահանման վարկի ենթադասով, արտահանման ֆինանսավորման հետ կապված երաշխիքի տրամադրման և ֆինանսական վնասների դասերով (ներառյալ ենթադասերով) ապահովագրություն»։

Հիմնավորման մեջ նշվում է, որ ՀՀ կառավարությունը նախաձեռնել է Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ Արտահանման ֆինանսավորման ապահովագրական կազմակերպություն ՓԲԸ-ի ստեղծումը (ԱՖԱԿ), որով և պայմանավորված է սույն օրենքում լրացումներ կատարելու անհրաժեշտությունը:

Այսինքն՝ խոսքը վերաբերում է ոչ թե մի քանի կազմակերպություններին և նրանց հնարավորություններին, այլ պետական մասնակցությամբ մեկ կազմակերպության, որը դեռ պետք է ստեղծվի։

Թե այդ կազմակերպությունը երբ կստեղծվի, ինչ արդյունավետությամբ կգործի և ընդհանրապես արտահանմանն ինչ օգուտ կտա (խոսքը ոչ թե վարկավորման, այլ վարկավորման մասնակի ապահովագրության մասին է), հեռավոր ապագայի հարց է։

Կարևորը՝ վերնագիրը խոսուն է, «bold» արած և առանց փոփոխության հայտնվում է հայրենի ԶԼՄ-ների էջերին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս