Բաժիններ՝

ԱՆԻ՞, թե՞ AMI. որտեղ են սկսվում և ավարտվում հնարամտության սահմանները

«Երևանի կոնյակի գործարան» ՓԲ ընկերությունը դատարան է ներկայացրել հայցադիմում, որով խնդրել է ամբողջությամբ վերացնել ՀՀ էկոնոմիկայի նախարարության Մտավոր սեփականության գործակալության կողմից ընդունված «Ami» ապրանքային նշանի թիվ 16251 գրանցման վերաբերյալ 02.12.2010 թվականի վարչական ակտը։ Ըստ Կոնյակի գործարանի՝ Գործակալության կողմից Ami նշանին իրավական պահպանություն տրամադրելը ոչ իրավաչափ է:

Հայցվորը հանդիսանում է ապրանքների և ծառայությունների միջազգային դասակարգման 33 դասում գրանցված ԱՆԻ բառային ապրանքային նշանի, АРАРАТ АНИ ԱՆԻ համակցված ապրանքային նշանի, АRАRАТ АNI ԱՆԻ համակցված ապրանքային նշանի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության արտոնագրային վարչության բողոքարկման խորհրդի 12.03.2001 թվականի թիվ 1-128/7 որոշմամբ Հայաստանի Հանրապետությունում «Երևանի կոնյակի գործարան» ՓԲ ընկերության անունով 33-րդ դասում հայկական կոնյակի համար հանրահայտ ճանաչված Անի ապրանքային նշանի սեփականատերը։ Անի նշանը Հայցվորի անունով հանրահայտ է ճանաչվել սկսած 1978 թվականից։

04.11.2009 թվականին «Մանչո Գրուպ» ՍՊ ընկերությունը ՀՀ էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալությանն է ներկայացրել հայտ` «Ami» բառային ապրանքային նշանի գրանցման համար։

Ami նշանը շփոթելու աստիճան նման է Հայցվորի Նշաններին։ Տվյալ դեպքում Ami նշանը զուգորդվում է Հայցվորի Նշանների հետ` հաշվի առնելով, որ տեսնելով Ami նշանը, սպառողի մոտ անպայման կառաջանա Հայցվորի Նշանների մտապատկերը։ Վերոնշյալը հատկապես ակնհայտ է, եթե հաշվի առնվի Անի ապրանքային նշանի հանրահայտ լինելու փաստը։

Ինչ վերաբերում է Պիտակների և Ami նշանի նմանության հարցին, ապա համակցված ապրանքային նշանների նմանությունը որոշելիս հաշվի է առնվում դրանց մեջ առկա բառային տարրերի նմանության հարցն առանձին վերցված, եթե դրանց մեջ տվյալ տարրերը հանդիսանում են հիմնական ընկալման տարրեր կամ տվյալ նշանների` այսպես կոչված «առաջնային ընկալման» տարրեր կամ «անվանումներ»։ Ակնհայտ է, որ տվյալ դեպքում Պիտակներում ANI-ն առաջնային ընկալման անվանում է, իսկ Ami նշանում միակ առաջնային ընկալման տարրը /անվանումը հենց Ami բառն է/։
Համեմատելով Ami նշանը Անի նշանի և պիտակների ANI բառային տարրի հետ՝ պարզվում է, որ Ami նշանը տարբերվում է միայն «m» հնչյունով, մասնավորապես` այդ միակ չհամընկնող «m» հնչյունը /տառը/, կարելի է ասել, իր տեղի առումով «փոխարինում է» «ANI»-ի «n» տառին /հնչյունին/։

«Մանչո Գրուպ» ՍՊ ընկերության դիրքորոշմամբ՝ «ԱՆԻ»-ն դա Հայաստանի մայրաքաղաքներից մեկի անվանումն է, որը հանրահայտ է յուրաքանչյուր հայի համար։
Միևնույն ժամանակ «Ami»-ն ֆրանսերենից թարգմանաբար նշանակում է «ընկեր»։ Բացի այդ, այն հայ սպառողը, որը տեղյակ չէ նշված բառի ֆրանսերեն լեզվով իմաստին, կարող է ընկալել «Ամի» բառը, որպես բարբառային բառ, որն «Ապի» բառի հետ մեկտեղ, ունի «հորեղբայր» իմաստը։ Հետևաբար, որևէ հիմք չկա, որ իմաստային առումով հակադրված և գրանցված ապրանքային նշանները կարող են ընկալվել միևնույն կերպ։

Սույն գործով դատարանը վճռեց հայցը բավարարել. անվավեր ճանաչել ապրանքների միջազգային դասակարգման 33 դասի համար «Մանչո Գրուպ» ՍՊ ընկերության անվամբ 02.12.2010 թվականին կատարված «Ami» ապրանքային նշանի գրանցումը (վկայագիր N 16251)։

Սույն գործի քննությունը շարունակվում է ՀՀ վերաքննիչ վարչական դատարանում։

Իրավաբան.net

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս