Ավարտվեց. և դարձյալ՝ ամենահետաքրքիր մասում
Պետք է արժանին մատուցել գործող նախագահի քարոզարշավի կազմակերպիչներին: Ամեն ինչ արված է ժանրի կանոններով: Ինչպես բուլվարային սիրավեպերում` ընտրությունների արդյունքներն ամփոփելիս կպարզվի, որ վեպի ավարտին աղջկա (ընտրողների) հակակրանքը վեր է ածվում անկրկնելի սիրո: Իշխանության թեկնածուն այս անգամ էլ կհաղթի: Ոչ ոք չի կասկածում: Եվ ոչ մի անհարմարության զգացողություն, որ բոլորը գիտեն իրականությունը: Ուսուցիչներին, աշակերտներին, անգամ մանկապարտեզների դաստիարակներին բռնի քշում են հանրահավաքի նախագահի հետ, հետո ասում` ձեր ծառայությունն արջի է, մեզ հարկավոր չէ: Եվ դեռ նկատողություն են հայտարարում:
Երկրի նախագահն ու նրա մերձավորագույն շրջապատն ակնհայտորեն վստահ են` 60 տոկոսից ավելի «խփելը» խնդրի լավագույն լուծումն է: Այս ժողովրդին դեռ վաղ է ընտրելու իրավունք շնորհելը: Ժողովրդի ընտրությունը միշտ պետք է վերահսկվի: Հակառակ դեպքում, հիշո՞ւմ եք՝ ինչ եղավ 2003-ի նախագահի ընտրություններից հետո:
Եթե չխմբագրվեին ընտրությունների արդյունքները, նախագահ կդառնար Ստեփան Դեմիրճյանը: Դրանից առաջ Ռոբերտ Քոչարյանին հաղթել էր Կարեն Դեմիրճյանը: Այդ ժամանակ մարդիկ պատրաստ էին տեր կանգնել իրենց ընտրությանը, եթե հաղթած թեկնածուն դա ցանկանար: Նման ցանկություն չեղավ: 2008թ. անսպասելիորեն ձայների մեծ տոկոս ստացավ Լևոն Տեր-Պետրոսյանը:
Այս անգամ ևս ժողովրդական ալիքը պատրաստ էր տեր կանգնել իր ձայնին: Սակայն այս անգամ էլ դա չկամեցավ Տեր-Պետրոսյանը: Հետաքրքիր օրինաչափությամբ` բոլոր նման իրավիճակներում հաղթած թեկնածուն նախընտրում է գործ ունենալ ոչ թե ընտրողների հետ, այլ համաձայնության գալ իշխանությունների հետ: Այս անգամ թեկնածուների ցանկում չկա այնպիսի մեկը, որին ընտրելու համար մարդիկ պատրաստ կլինեն գնալ մինչև վերջ:
Այս կամ այն թեկնածուի անվան առաջ նշան դրվելու է, որովհետև այդ թեկնածուն պակաս հակակրելի է, քան մյուսները: Այնպես որ՝ Ս. Սարգսյանի մտերիմները կարող են րոպե առաջ շնորհավորել նրան, քանի մյուսները գլխի չեն ընկել դա առաջինն անել:
Նախընտրական շրջանը թեև երկար չէր, սակայն թույլ տվեց թեկնածուների մասին որոշ եզրակացություններ անել: Նախ` այլևս անհերքելի է. երկրի նախագահն այսուհետ պետք է շարունակի մարդկանց հետ շփվել նախապես պատրաստված տեքստով, և ոչ մի ինքնագործունեություն: Հակառակ դեպքում` աչքդ կտրում ես թղթից, ասում ես արտահայտություններ, որոնք երկրի նախագահի բառամթերքում և ոչ մի պարագայում չպետք է լինեն: Մյուս եզրակացությունն արդեն ընտրողների մասին է. նրանք ևս պետք է երկրի ղեկավարության հետ շփվեն նախապես գրված տեքստի շրջանակում: Հակառակ դեպքում` սկսում են խոսել ադրբեջաներեն: Կամ, որ ավելի վատ է, սկսում են լաց լինել: Արցունքներ թափել հիմա պետք չէ. դրա համար կա մի ամբողջ հինգ տարի:
Ընտրողների համար, թերևս, երբեք այսքան բարդ չի եղել ընտրություն անել: Ո՞ւմ ընտրել: ՀՅԴ-ի կոչից հետո` անպատճառ մասնակցել ընտրությունների և չքվեարկել իշխանության թեկնածուի օգտին, լարվածությունն ավելացավ. գուցե, այնուամենայնիվ, չմասնակցե՞լ:
Նախընտրական դեբատները գուցե տային որոշ հարցերի պատասխաններ, հստակեցնեին թեկնածուների ծրագրերը: Սակայն, ստացվում է, բոլոր թեկնածուներն ասելիք ունեն միմիայն ընտրողներին. միմյանց պատրաստ են տեսնել կա՛մ հիվանդանոցային պայմաններում, բժիշկների հսկողությամբ, կա՛մ պաստառներին, ինչը ևս անվտանգ է:
Ի՞նչ պատկեր ունի ընտրողը. Րաֆֆի Հովհաննիսյանին նախընտրական բանավեճի հրավիրեց Վարդան Սեդրակյանը` նրան անվանելով «մասոն»: Ր. Հովհաննիսյանը չի ցանկանում տեսնել էպոսագետի երեսը, բայց ցանկանում է բանավիճել Ս. Սարգսյանի հետ, քանի որ վերջինիս է միայն համարում իրեն մրցակից: Ս. Սարգսյանը ոչ մեկին, այդ թվում և` Ր. Հովհաննիսյանին, մրցակից չի համարում, հետևաբար` որևէ մեկի հետ բանավիճելու անհրաժեշտություն չի տեսնում:
Պարույր Հայրիկյանի մահափորձից հետո նախաքննությունը գնում է այն տրամաբանությամբ, որ կասկածյալներից մեկը նախագահի թեկնածու Վ. Սեդրակյանն է: Նա ժխտում է և մատը բարձրացնում վերև, ուր, ինչպես իրավացիորեն նկատել է, Աստված կա: Պ. Հայրիկյանն, իր հերթին, թեկնածուներին համախմբման և միասնական թեկնածուով հանդես գալու կոչ արեց: Սակայն, պարզվեց, բոլորն այնքան զբաղված են եղել, անգամ Հայրիկյանի հեռախոսազանգին պատասխանելու ժամանակ չեն ունեցել: Հետո սկսվեցին փոխադարձ մեղադրանքները. բոլորը` բոլորին:
Թեկնածուներից մեկը` Արման Մելիքյանը, հանեց իր թեկնածությունը: Նրանից առաջ դա արել էր մեկ այլ թեկնածու` Արամ Հարությունյանը: Մինչ այդ նա հայտարարեց հացադուլ, թեև նախապես, ինչպես ասաց լրագրողներին, տանը հաց և պանիր էր կերել` գլխացավից խուսափելու համար: Հացադուլի ավարտին դարձյալ անկեղծացավ թեկնածուն, տանը նրան համեղ ճաշով սպասելու են ընտանիքի անդամները: Ի տարբերություն Անդրիաս Ղուկասյանի, որն իրեն սովի է մատնել մինչև փետրվարի 18-ը` ներառյալ:
Այս տեսարանների հաջորդականությանը պակասում է միայն Բրեգովիչի երաժշտությունըգ
Այդուհանդերձ, ի՞նչ անել: Ֆեյսբուքում տարածվել էր հումոր` «ընտրողների մի խումբ» դիմել էր ԿԸՀ` խնդրանքով` տրամադրել նախագահի թեկնածուների ֆիզիկական տվյալները` քաշը, հասակը և այլն, որպեսզի գոնե ընտրեն Չարյաց Փոքրագույնին: «Մի խումբ ընտրողները», թերևս, չեն էլ կասկածում, որ այդ թեկնածուին «արջի ծառայություն» են մատուցում…
Այդ առումով, կարծես, ամեն ինչ առանց նրանց էլ որոշված է:
Հ.Գ. Փոքրիկ լիրիկական շեղում` «չարյաց փոքրագույնի» թեմայով: Բանաստեղծ Հովհաննես Հովհաննիսյանը (1864-1929), որը շատ բարձրահասակ էր ու թիկնեղ, պատրաստվում էր ամուսնանալ փոքրամարմին մի աղջկա հետ: Հարսնացուին տանում է` ներկայացնելու Խրիմյան Հայրիկին: Կաթողիկոսը նայում է աղջկան ու ասում.«Հովհաննե՛ս, լավ է` գոնե ընտրել ես չարյաց փոքրագույնին»: