Վարդան Սեդրակյան. «Մտածում եք` Ձեր առջև 5-րդ դասարանի կրթությամբ մարդ ա՞ կանգնած»
168.am-ի հարցին՝ արդյոք լուրջ մեղադրանք չէ՞ «Ժառանգություն» կուսակցության նախագահ, ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի մասին արված այն հայտարարությունը, թե նա մասոնական օթյակի անդամ է, իրեն էպոսագետ հռչակած, ՀՀ նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանը պատասխանեց.
– Մեղադրանք՝ ի՞նչ առումով: Հայաստանի Հանրապետության Քրեական օրենսգրքով՝ մասոնությունը քրեական հոդվածների մեջ չկա: Ես իրեն ինչո՞ւմ եմ մեղադրել` հանցագործության մե՞ջ եմ մեղադրել: Դա Հայաստանի Հանրապետության օրենսգրքով քրեական հանցագործություն չէ:
– Դուք Ձեր այդ հայտարարության համար հիմքեր, հիմնավորումներ ունե՞ք:
– Մի րոպե. երբ ես իմ մամուլի ասուլիսին դա ասել եմ, ես դիմել եմ բոլոր լրատվամիջոցներին, որ գա բանավեճի, և հեռուստատեսությամբ էլ այդ հատվածը ցույց են տվել: Հիմա, եթե ես իրեն անձնական վիրավորանք եմ հասցրել, միգուցե իր համար մասոնության մեջ լինելն անձնական վիրավորանք է, նորից եմ կրկնում` դա քրեորեն պատժելի չի: Ես չեմ ասել` ինքը մարդասպան ա, զենքի առևտրով է զբաղվում, և այլն, և այլն: Ես իրեն ասել եմ այն, ինչ որ ասել եմ: Հիմա տեսեք` եթե ես դա ասելուց հետո բոլորին ասում եմ, մինչև այսօր երեք անգամ իրեն հրավիրել եմ բանավեճի. մեկ անգամ՝ Պարույր Հայրիկյանի վրա կրակոցից առաջ, մեկ անգամ` էդ կրակոցից հետո, և մեկ անգամ էլ` վերջին անգամ, որ էդ հայտարարությունն արել եմ, եթե ինքը գտնում է, որ ես վիրավորել եմ իրեն, թող գա՝ խոսենք բանավեճի ժամանակ: Դատախազությունն իրենից նույնիսկ դիմում չի վերցնում. երկու քաղաքական գործիչ քարոզարշավի ժամանակ մեկը մյուսին մի բան է ասել, որը Քրեական օրենսգրքի սահմանների մեջ չի մտնում: Որպես ի՞նչ` անձնական վիրավորանք:
– Պարոն Սեդրակյան, Դուք ունե՞ք հիմնավորումներ, որ Րաֆֆի Հովհաննիսյանը մասոնական օթյակի անդամ է:
– Դա Ձեր ի՞նչ գործն է, ես դա չեմ քննարկում, թող գար մարդը, կտեսնեինք:
– Այսինքն՝ դա… (չի լսում հարցի շարունակությունը.- Մ.Մ.):
– Մի րոպե, այսինքն`հայերեն չեմ ասո՞ւմ, այսինքնը ո՞րն ա: Ունե՞մ հիմքեր, թե՞ չունեմ, մարդուն վիրավորե՞լ եմ, թե՞ չեմ վիրավորել. թող ինքը գա՝ բանավեճի ժամին կպարզենք, ուրիշ ի՞նչ` այսինքն:
– Ձեր նպատակն ուլտիմատումներով բանավեճ հրահրե՞լն է:
– Երբ հարցը տալիս եք` մտածում եք՝ Ձեր առջև հինգերորդ դասարանի կրթությամբ մա՞րդ ա կանգնած: Ես թեկնածու եմ, մյուս թեկնածուին հրավիրում եմ բանավեճի: Հիմա, երբ որ Րաֆֆի Հովհաննիսյանը մերժում է, որը մերժում է բոլորին… Նույնիսկ Բագրատյանն էլ ասաց, որ պտտեցրեց, ու տենց էլ չեղավ էդ բանավեճը: Երեկ էր ասում Բագրատյանը հեռուստատեսությամբ, ես դա չեմ հնարում: «Ես միայն կբանավիճեմ Սերժ Սարգսյանի հետ»՝ ասե՞լ ա Րաֆֆի Հովհաննիսյանը: Այդպիսի բան ասե՞լ է, թե՞ ոչ:
– Ինչո՞ւ եք ինձ հարցնում:
– Չէ, ինքը նման բան ա ասել: Ես էլ երկու անգամ դիմել եմ լրատվամիջոցների օգնությամբ, մամուլի ակումբներն են դիմել, ինքը նույն պատասխանն ա տվել: Հիմա Ձեր ասածի տրամաբանությամբ` ինքը հրահրո՞ւմ է Սերժ Սարգսյանին, ուլտիմատո՞ւմ է ներկայացնում:
– Պարոն Սեդրակյան, Դուք նշում եք, թե իմ առջև հինգերորդ դասարանի կրթությամբ աշակերտ չէ, բայց ինձ հետ խոսում է ՀՀ նախագահի թեկնածուն, էպոսագետը, ում չհիմնավորված հայտարարություններն անլուրջ են ընդունվում հանրության մեջ:
– Ո՞վ ասաց, թե չեմ հիմնավորում: Ես ասե՞լ եմ մարդու մասին նման բան, ասուլիսը նորից նայեք. ես ասել եմ՝ եթե ինքն իմ հայտարարության հետ կապված հարցեր ունի և ցանկանում է քննարկել այդ հարցը, թող գա բանավեճի: Ես չեմ ասում, թե չունեմ հիմնավորումներ, ես ուղղակի ասում եմ` եթե մարդը չի գալիս բանավեճի, ի՞նչ հիմնավորեմ: Ինձ անձամբ չի դիմում, չի ասում` գիտե՞ք` ինչ, Դուք իմ մասին էսպիսի բան եք ասել, եկեք պարզենք, թող լրատվամիջոցներն էլ նստեն, նկարահանեն, լուսաբանեն` ի՞նչը հիմնավորեմ: Ուրեմն` ունեմ, չէ՞, հիմնավորումներ, որ մարդը խուսափում ա: Ինչի՞ մասին ա խոսքը: Եվ հետո, որ ասում եք` հայտարարություններ եք անում, որ չեմ հիմնավորում… էդ հոգնակի թվով, որ ասում եք՝ ի՞նչ հայտարարություն եմ արել, որ մինչև հիմա չեմ հիմնավորել:
– Պարոն Սեդրակյան, այսօր մամուլի ասուլիսին Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց, որ Դուք հանդիպել եք 2002թվին… (չի թույլատրում շարունակել հարցը.- Մ.Մ.):
– Ես նորից եմ կրկնում` եկեք սրանով սահմանափակվենք: Ես ինչ որ ասել եմ, ասել եմ` թող գա քննարկենք հարցերը. Ո՞վ է կազմակերպել էդ հանդիպումները, ովքե՞ր են եղել էդ հանդիպմանը, ի՞նչ թեմաներ են քննարկվել… Հիմա ինքը գտել է ձևը` առանձին ասուլիս է տալիս, և ես իր ասածները պետք է ուրիշ լրատվամիջոցների՞ պատասխանեմ, այսինքն` հեռակա կարգով բանավե՞ճ գնա: