Որո՞նք են Հայաստանի ամենաճանաչված բանկերը
Մարքեթինգի Հայկական Ասոցիացիայի «Բանկորոշիչ» սոցիոլոգիական հետազոտության տվյալներով, ՀՀ ամենաճանաչված բանկերն են ՎՏԲ բանկը` 38%, ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկը` 36% և Արդշինինվեստբանկը` 34%:
Ինչպես տեղեկացնում Մեդիամաքսը, «ՀՀ-ում գործող ի՞նչ բանկեր գիտեք» հարցին ի պատասխան հարցվածները հաճախ նշել են նաև Էյչ Էս Բի Սի Հայաստան բանկը (30%), Արարատբանկը (29%), Յունիբանկը(28%), Ինեկոբանկը (25%) և Հայէկոնոմբանկը (24%):
Հարցվածների կողմից ամենաքիչն են նշվել Մելլաթ, Արմսվիս և ԲՏԱ բանկերը:
Բանկերը թվարկելիս հարցվողները առաջինը մտաբերել են ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ (14%), ՎՏԲ (11%), Արդշինինվեստբանկ (9%) և Էյչ Էս Բի Սի Հայաստան (9%) բանկերը:
Բանկային ծառայություններից օգտվող ռեսպոնդենտների 72%-ը կարծում է, որ Հայաստանի բանկային համակարգը զարգացած է: Այն վստահելի է` 74%-ի կարծիքով:
Բանկային համակարգի ամենամեծ թերությունը, ըստ բանկային ծառայությունները սպառողների, վարկավորման բարձր տոկոսադրույքներն են (20%): Որպես թերություններ հարցվածները նշել են նաև սպասարկման ցածր որակը (12%), հերթերի առկայությունը (8%), թղթարարությունը (3%), ծառայությունների թանկությունը (2%), վարկերի ձևակերպման դժվարությունները (2%) և այլն:
Այս տվյալները ստացվել են «Բանկորոշիչ» մոնիթորինգային ծրագրի վեցերորդ հետազոտության արդյունքներով, որն իրականացվել է 2012թ. հոկտեմբերին հեռախոսային հարցումների միջոցով: Հարցմանը մասնակցել է 800 մարդ:
Ծրագիրը հնարավորություն է տալիս բացահայտել բանկերի վարկանիշները, բանկային համակարգի ընկալումները և գնահատել բանկային ծառայությունները: