Կառավարությունը շահագրգռված է Carrefour-ի մուտքով
Ֆրանսիական Carrefour սուպերմարկետների ցանցի շուրջ խոսակցությունները Հայաստանում չեն դադարում։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Carrefour-ի թեմային անդրադարձել է էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը։
Նա նշել է, որ կառավարությունը փորձում է հնարավորություններ գտնել, որպեսզի ներգրավեն ինչպես Carrefour-ի, այնպես էլ բոլոր անդրազգային ընկերությունների մուտքը հայաստանյան շուկա։ Ավելին, ըստ նախարարի, այդ նպատակով կառավարությունը նաև 40 միլիոն դրամ է հատկացրել՝ անդրազգային ընկերությունների ներգրավման բանակցությունների համար;
Կոնկրետ Carrefour-ի մուտքին Տ. Դավթյանը դրական է վերաբերվում։ Նախարարը համոզված է, որ ընկերության մուտքով կուժեղանա մրցակցությունը, իսկ մի շարք ապրանքներ և ծառայություններ ավելի մատչելի կդառնան բնակչության համար:
Նշենք, որ Carrefour-ի առաջին սուպերմարկետը նախատեսվում էր բացել «Դալմա Գարդեն Մոլլում», որտեղ այդ նպատակով հատկացված էր բավականին մեծ մակերեսով տարածք (մոտալուտ բացումն ազդարարող պաստառները դեռ փակցված են առևտրի կենտրոնում)։
Սակայն Carrefour-ի բացումը ձգձգվեց, և մամուլում տեղեկություններ հայտնվեցին այն մասին, որ սուպերմարկետը չի բացվելու։ Տ. Դավթյանը լրագրողներին տեղեկացրել է, որ Carrefour-ի մուտքը հայկական շուկա ուշանում է բացառապես այլ մասնավոր սուբյեկտի հետ ծագած խնդիրների պատճառով: Միևնույն ժամանակ, նախարարն անհանգստանալու պատճառ չի տեսնում, քանի որ նման խնդիրների ի հայտ գալը սովորական երևույթ է բիզնեսի ոլորտում: