Արձագանք. Ծրագիրն ուղղված է միայն ասպիրանտներին աջակցմանը
Ի պատասխան 168.am կայքում 2013 թվականի փետրվարի 7-ին հրապարակված «Ասպիրանտների հետազոտությունների աջակցության ծրագիրը չի աջակցում երիտասարդ գիտնականներին» վերնագրով բաց նամակի.
Մինչ նամակում առաջ քաշված հարցերին և առաջարկություններին անդրադառնալը ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեն ողջունում է Երիտասարդ կենսաբանների ասոցիացիայի նախաձեռնությունը, այն է հանդես գալ և մասնակցություն ցուցաբերել երկրի համար կարևորագույն ոլորտներից մեկի գիտական և գիտատեխնիկական գործունեության ոլորտին առնչվող հարցերի քննարկմանը:
Մենք էլ ենք համաձայն, որ համակարգը նոր է, սակայն պետք է հաշվի առնել, որ կոմիտեն առաջին իսկ օրերից հանձն է առել ստեղծել միջազգային չափանիշներին համապատասխան համակարգ. մշակվել են 30-ավելի իրավական ակտեր, գործընթացներում ներգրավված են բարձր վարկանիշ ունեցող մասնագետներ: Եվ, այնուամենայնիվ, ներդրված համակարգը զարգացող է և մշտապես պետք է ենթարկվի կատարելագործման:
Նամակում առաջ քաշված որոշ արտահայտություններ և եզրակացություններ, մեղմ ասած, չեն համապատասխանում իրականությանը: Այսպես, «մեխանիզմների անկատար լինելու» վերաբերյալ անհիմն դատողությունը ամբողջովին չի համապատասխանում մեր գործունեության արդյունքում ստացված տվյալներին: Մշակված նոր մեխանիզմների միջոցով ներկայումս պետական բյուջեից ֆինանսավորվում են 220 գիտական ծրագրեր, որոնցից 32-ը զուտ երիտասարդական ծրագրեր են: Երիտասարդական ծրագրերից բացի, կոմիտեի կողմից կազմակերպվող բոլոր գիտական մրցույթներում որպես պարտադիր պայման ներկայացված է առնվազն 1 երիտասարդի մասնակցություն: Ընդհանուր առմամբ, տարեկան շուրջ 300 մլն դրամ ծախսվում է երիտասարդական ծրագրերի վրա՝ գիտական հայտեր ֆինանսավորելու, ամառային դպրոցներ և գիտական գործուղումներ կազմակերպելու միջոցով:
Ուզում ենք մատնանշել, որ նամակում նշված «թյուրիմացությունը, որը կոչվում է եռակողմ պայմանագիր» արտահայտությունը ևս իրական չէ: Դրամաշնորհ տրամադրելու գործընթացում գոյություն ունեն երկու երկկողմ պայմանագրեր, որոնցից մեկը կնքվում է ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահի և դրամաշնորհի շահառուի միջև, իսկ երկրորդը՝ դրամաշնորհի շահառուն կնքում է գիտական կազմակերպության, որտեղ իրականացվելու է դրամաշնորհը, ղեկավարի հետ, որով կազմակերպության ղեկավարը պարտավորվում է ապահովել գիտական թեմայի իրականացման համար անհրաժեշտ պայմաններ, որի համար էլ դրամաշնորհին հատկացված գումարի մի մասը, որպես վերադիր ծախս` «overhead» պայմանագրով հատկացվում է կազմակերպությանը:
Ինչ վերաբերվում է գիտական հետազոտությունների համար աշխատանքի վարձատրության հարկմանը. համաձայն «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի` ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորվող և աշխատանքի վարձատրության ձևով ֆիզիկական անձանց տրամադրվող բոլոր եկամուտներից, բացառությամբ՝ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի իսկական և թղթակից անդամներին հատկացվող պատվովճարներից, պահվում է եկամտային հարկ:
Այժմ անդրադառնանք բուն առաջարկություններին՝ ըստ կարևորության.
1. Հրապարակել ծրագրերի փորձագետների գնահատականները.
Ցանկացած դրամաշնորհի մասնակիցների հայտերի փորձագիտական գնահատականները հանրությանը ներկայացնելը հակասում է գիտության ոլորտում ձևավորված և միջազգային պրակտիկայում կիրառվող ավանդույթին, այն է` հայտատուին ներկայացնել միայն իր հայտի գնահատականը, փորձագիտական եզրակացությունը և մրցույթի անցողիկ գնահատականի արժեքը, և խախտում է գիտական էթիկայի չափանիշները («Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» ՀՀ օրենքով 5-րդ հոդվածի 2-րդ մասին բ) կետ), որոնք, մեր համոզմամբ, պետք է վերաբերեն ոչ միայն գիտնականներին ու գիտական աշխատողներին, այլև՝ տվյալ գործընթացում ընգրկված բոլոր կողմերին:
2. Երիտասարդ գիտնականին ներկայացնել իր ծրագրի թերությունները, բացթողումներն ու առաջարկները՝ տվյալ ծրագրի բարելավման նպատակով.
Մրցույթում հաղթող չճանաչված հայտերի հեղինակների ծրագրերի թերությունների և բացթողումների մասին նշվում են բարձրակարգ մասնագետների կողմից տրվող գիտական փորձաքննության եզրակացություններում, որոնք ինքնին կարող են օգտակար լինել ապագայում կազմվող նախագծերի համար: Կոմիտեի մասնակցությունը այս հարցում պետք է լինի նվազագույն, քանի որ լինելով պետական կառավարման մարմին՝ կոմիտեն օժտված չէ նման լիազորություններով: Չնայած կոմիտեի ֆինանսական աջակցությամբ իրականացվում են աշխատանքային խորհրդակցություններ, որտեղ բարձր մասնագիտական որակավորում ունեցող և հանրապետական ու միջազգային դրամաշնորների մրցույթներում հաղթող գիտաշխատողները մանրամասն ներկայացնում են դրամաշնորհի հայտ ձևակերպելու հմտությունները:
3. Հայցորդների մասնակցությունը կոնկրետ այս ծրագրում.
Հայցորդները կարող են մասնակցել բազմաթիվ այլ դրամաշնորհային մրցույթների՝ «Երիտասարդ գիտաշխատողների հետազոտությունների աջակցության» ծրագրեր, գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման շրջանակներում իրականացվող մրցույթներ և այլն: Կոնկրետ այս մրցույթն անցկացվում է երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի շրջանակներում, իսկ հայցորդության հիման վրա թեկնածուական ատենախոսություն են պաշտպանում հիմնականում 35-ից բարձր տարիքում:
4. Իրականացված ծրագրերի գիտական և ֆինանսական հաշվետվությունները կոմիտեի կայքում հրապարակելու վերաբերյալ.
կայքում տեղադրված է տեղեկատվություն նախորդ մրցույթի իրականացման արդյունքների վերաբերյալ, իսկ կոնկրետ ծրագրերի մասով հնարավոր է տեղադրել միայն հաշվետվության անոտացիան, որպեսզի չխախտվեն հեղինակների հեղինակային իրավունքները:
Եվ վերջում ուզում ենք նշել, որ ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեն միշտ բաց և հասանելի է հանրության համար, ավելին՝ կոմիտեի կողմից պարբերաբար կազմակերպվում են քննարկումներ, սեմինարներ, այդ թվում՝ ուսուցողական, կլոր սեղաններ տարբեր իրավական և գիտական թեմաների շուրջ, որոնք նոր ստեղծվող համակարգերի վերաբերյալ վերլուծություններ կատարելու համար ապահովում են գիտական հանրությանը համապատասխան գիտաչափական տեղեկատվությամբ:
ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտե