Սիրիան բալիստիկ հրթիռները շրջել է Թել Ավիվի ուղղությամբ
Ռուսական Интерфакс լրատվական գործակալությունը, վկայակոչելով իրանական ԶԼՄ-ները, հայտնում է, որ սիրիացի զինվորականները «Սկադ» տիպի չորս բալիստիկ հրթիռ է շրջել դեպի Թել Ավիվի կողմ:
Դա տեղի է ունեցել այն բանից հետո, ինչ իսրայելական ավիացիան նախորդ շաբաթ հարված հասցրեց Դամասկոսից ոչ հեռու ընկած ռազմական հետազոտության կենտրոնին: Որոշ տվյալներով՝ իսրայելական ավիացիան նաև հարվածել է մի ավտոշարասյան, որը ենթադրաբար Սիրիայից զենք էր տեղափոխում Լիբանան՝ «Հըզբոլլահ» շարժմանը:
Դամասկոսը խոստացել է, որ իսրայելական այդ ակցիան չի մնա անպատիժ: Լիբանանում Սիրիայի դեսպան Ալի Աբդել Քարիմը հայտարարել է, որ Դամասկոսը դիտարկում է այնպիսի տարբերակ, որը հանկարծակիի կբերի Իսրայելին: Նա հավելել է, որ պատասխան ակցիան պատրաստելու են համապատասխան մարմինները:
Նշվում է, որ Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Սայիդ Ջալիլին Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ հանդիպումից հետո խոստացել է իրանական կողմի օգնությունը, եթե Դամասկոսը որոշի պատասխանել իսրայելական հարվածին: