Որակյալ ու անորակ կասկածներ

Նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ նախօրեին կատարված մահափորձը կարող է արմատապես փոխել քաղաքական իրավիճակը։ Ոչ միայն Հայաստանում, այլ նաև՝ այսպես ասած, Հայաստանի շուրջ։ «Ո՞ւմ էր ձեռնտու» հարցն արդեն հնչել է հարյուրավոր անգամներ և այդ հարցին տասնյակ հնարավոր պատասխաններ են տրվել։ Թեական այդ պատասխանները, վարկածները կշարունակեն հնչել այնքան ժամանակ, քանի դեռ Պարույր Հայրիկյանին կրակած հանցագործ(ներ)ը չեն բացահայտվել։Սակայն դատելով առնվազն մինչև երեկ տեղի ունեցած մի քանի կարևոր իրադարձություններից, դրանք ամենայն հավանականությամբ չեն էլ բացահայտվի։ Առանձնացնենք դրանցից մի քանիսը. Պարույր Հայրիկյանն անձամբ գրեթե ուղիղ տեքստով հայտարարեց, որ մահափորձն իրականացնելու մեջ կասկածում է Ռուսաստանին։ Բնականաբար, Պ. Հայրիկյանը դա ասաց իրեն բնորոշ ոճով, որից, սակայն, խնդրի էությունը չի փոխվում։ «Ես, առաջին հերթին, ամենայն անկեղծությամբ ասեմ՝ կասկածում եմ օտար պետության՝ ինձ երկար տարիներ հետապնդած գաղտնի ծառայության, ոչ այս Ռուսաստանի, այլ՝ նախկին, ես կասկածում եմ նրանց գործելակերպի վրա։ Որովհետև ես բավական շեշտակի դրեցի, որ մենք այլընտրանք չունենք, գնալու ենք Եվրոպա, և չբացառեցի, որ նույն դաշինքում մենք երազում ենք տեսնել նաև Ռուսաստանին»,- հայտարարել է նա։ Հասկանալի է, որ «նախկին ծառայությունները» հենց այնպես, ապրիորի չեն գործում, և եթե գործում են, ապա՝ Խորհրդային Միության իրավահաջորդ Ռուսաստանի շահերի սպասարկման համար։ Ուշագրավ է, որ այս հայտարարությունից կարճ ժամանակ անց վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել էր, որ կատարվածի առնչությամբ որևէ վարկած, այդ թվում՝ արտաքին ուժերի հնարավոր մասնակցության վերաբերյալ, չի բացառվում։ Իսկ այս երկու հայտարարություններին նախորդել էր մեկ այլ, շատ ավելի պարզորոշ հայտարարություն։ Մասնավորապես, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան Հայրիկյանի հետ կատարվածը որակել էր՝ «շատ լուրջ միջադեպ»՝ միաժամանակ շեշտելով. «Ես այն որպես մահափորձ չէի որակի, կարծում եմ՝ նախ հարկավոր է քննել մանրամասներ»։ Սա ավելին է, քան այլ՝ ինքնիշխան երկրի ներքին գործերին միջամտության ակնհայտ դրսևորում։ Բորդյուժան ուղղակիորեն հայտարարել է, որ Ռուսաստանը պաշտոնապես Հայրիկյանի հետ կատարվածը մահափորձ չի համարում։ Այսինքն՝ ռուսները նույնիսկ ձևականությունները չպահպանելով՝ ակնարկում են, որ կատարվածը պետք է այլ որակում ստանա՝ դրանից բխող հետևանքներով, ավելի ճիշտ՝ հետևանքների բացակայությամբ։ Ուշագրավ է, որ Բորդյուժայի հայտարարությունից հետո այս օրերին, թերևս, ամենաառանցքային դերում հայտնված պաշտոնյան՝ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը, Հայրիկյանի հետ կատարվածի մասին պաշտոնական դիրքորոշում ներկայացնելիս, այն որակում է՝ որպես «զինված հարձակում»։ Մի խոսքով, Պարույր Հայրիկյանի դեմ իրականացված մահափորձում արտաքին շատ որոշակի հետքն ակնհայտ է։ Բարեբախտաբար, կատարվածից հետո Հայրիկյանի կյանքին վտանգ չի սպառնում, և հույս ունենք, նա հնարավորինս արագ կկազդուրվի՝ մասնակցելով ընտրություններին (հետաձգված կամ ոչ)։

Ի դեպ, Պ. Հայրիկյանի դեմ կատարված մահափորձի վերաբերյալ համացանցում շրջանառվում են ամենատարբեր վարկածներ՝ հիմնավոր ու անհեթեթ։ Մյուս վարկածը կապված է ներքին խաղացողների հետ, նախագահական ընտրությունների այս կամ այն սցենարով անցկացումից դժգոհ շրջանակների հետ։ Քննարկվում է անգամ այն վարկածը, թե կատարվածի «ռեժիսորը և սցենարիստը» ինքը՝ Պարույր Հայրիկյանն է։ Նշյալ բոլոր վարկածներում կարող են լինել ինչպես՝ իրականությանը մոտ, այնպես էլ՝ աբսուրդ դատողություններ։ Ու որքան երկարաձգվի մահափորձն իրականացնողի և/կամ նրա պատվիրատուի բացահայտումը, այդքան ավելի անառողջ են դառնալու այս գործի վերաբերյալ շրջանառվող կարծիքներն ու վարկածները։

Տեսանյութեր

Լրահոս