Հայաստանում ինտերնետի սահմանափակման խնդրով պետք է զբաղվի Կառավարությունը. փորձագետ
Թեև ՀՀ օրենսդրությունը չի նախատեսում ինտերնետ գրաքննություն, սակայնՀայաստանի ինտերնետ միջավայրը ռուսաստանյան գրաքննության տակ է: Ինչպես տեղեկացրել էինք ավելի վաղ, այդ մասին գրել էր ռուսական «Իզվեստիա» պարբերականը: Ըստ այդմ, թեև Հայաստանն ընդհանուր սահմաններ չունի Ռուսաստանի հետ, սակայն գործնականում ամբողջովին կախված է Ռուսաստանից՝ ինտերնետի և միջազգային հեռախոսակապի հարցում: Ըստ աղբյուրի՝ Հայաստանի համար կապի միակ միջոցը մալուխն է, որն անցնում է Վրաստանի տարածքով և միանում է Ռուսաստանին, իսկ այնտեղից թրաֆիկն արդեն շարունակում է ուղին:
Այդպիսով, Հայաստանի ինտերնետ օգտագործողները հայտնվել են ռուսաստանյան օրենքների և կանոնների գործողության դաշտում միայն այն պատճառով, որ մեր ամբողջ ինտերնետ-թրաֆիկն անցնում է Ռուսաստանի տարածքով: Այսկերպ ՀՀ քաղաքացիներն ակամայից ռուսաստանյան գրաքննության զոհ են դառնում: Եվ, եթե Ռուսաստանը որևէ ինտերնետային ռեսուրս ներառում է սև ցուցակում ու արգելափակում ՌԴ ինտերնետ օգտագործողների մուտքը դեպի այդ կայքը, ապա ինքնաբերաբար այն արգելափակվում է նաև Հայաստանի քաղաքացիների համար։
Հայաստանն ունի Իրանի տարածքով միացում, որտեղ ինտերնետը չափազանց խիստ գրաքննության տակ է, սակայն, ինչպես ավելի վաղ մեզ հետ զրույցում նշել էր «Ինտերնետ հանրություն» հ/կ փոխնախագահ Գրիգոր Սաղյանը՝ Իրանի կողմից որևէ արգելափակում չկա: Այսինքն` իրանական օգտվողների համար կա, իսկ այլ երկրների կողմից Իրանի տարածքով անցնող տարանցիկ միացումների նկատմամբ՝ չկա: Մինչդեռ Ռուսաստանի հետ նման խնդիր կա:
Թեմայի շուրջ 168.am-ը զրուցեց Տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանի հետ: Նրա խոսքով՝ վերոնշյալ խնդիրը բավական լուրջ է: Հայաստանը որպես ինտերնետի ստացման աղբյուր՝ օգտվում է մի կողմից` Իրանից, մյուս կողմից` Ռուսաստանից:
Ըստ նրա՝ Իրանը երկիր է, որը ներկայումս քայլեր է անում ինտերնետից ընդհանրապես դուրս գալու համար: Նրանք փորձում են ընդհանրապես կտրվել համաշխարհային ցանցից և այս տարի ցանկանում են իրենց ներքին ցանցը ստեղծել: Մյուս կողմից` Ռուսաստանն է, որը որոշակի սահմանափակումներ է մտցրել արդեն օրենսդրորեն: «Ստացվում է, որ մենք երկու կողմից ելք ունենք երկու երկրների միջոցով, որոնք ինտերնետը սահմանափակելու մոտեցումներ ունեն: Փաստացի, այդ ամենից կախված՝ մենք՝ Հայաստանի օգտատերերս, սահմանափակման տակ ենք ընկնում»,- ասաց Ս. Մարտիրոսյանը՝ նշելով, որ, բնականաբար, մենք փաստացի շարունակելու ենք օգտվել այդ երկրների տարածքից, սակայն պետք է տեխնիկական միջոցներ գտնվեն, որպեսզի այդ երկրների տարածքը միայն զուտ որպես տարանցիկ ճանապարհ դիտվի, իսկ նրանց ազդեցությունը մեզ վրա լինի զրոյական:
«Շրջանցման ուղիներ պետք է գտնվեն, և դա պետք է լինի գլոբալ որոշում, ոչ թե ինչ-որ մասնավոր դեպք: Այս պահին փաստացի՝ պրովայդերները խնդրի լուծումը տալիս են լոկալ ձևով, այսինքն՝ տեղեկանում են, թե կոնկրետ որ կայքերն են արգելափակված, և միջոցներ են ձեռնարկում, որպեսզի դրանք բաց լինեն Հայաստանում: Բայց պետք է ինչ-որ գլոբալ լուծման գալ»,- ասաց փորձագետը:
Հարցին, թե ինչպե՞ս պետք է դա արվի՝ ՀՀ իշխանությունները պետք է դիմե՞ն Ռուսաստանին, թե՞ այլ կերպ պետք է լուծել խնդիրը, Ս. Մարտիրոսյանը պատասխանեց. «Կարծում եմ, սա հարց է, որը պետք է Կառավարության մակարդակով որոշվի, որովհետև իսկապես լուրջ խնդիր է ծագում, որովհետև ուրիշ երկրի օրենսդրությունը սկսում է գործել Հայաստանի տարածքում, թեկուզ խոսքը կիբեռ տարածքին է վերաբերում: Այսինքն` դա ինքնիշխանության` սուվերենության խնդիր է, իսկ նման հարցերով զբաղվում է Կառավարությունը»,- ասաց փորձագետը՝ նշելով, որ հանրությունը կարող է այդ հարցը բարձրացնել, պրովայդերները խնդիրի լուծման ինչ-որ ձևեր կարող են գտնել, սակայն խնդիրն ամբողջությամբ գլոբալ առումով կարող է լուծվել միայն Կառավարական մակարդակով: