Ռուսաստանը սահմանափակում է ՀՀ-ի ինքնիշխանությունը նաև վիրտուալ տարածությունում (տեսանյութ)

«Հայաստանի օրենսդրությունը չի նախատեսում ինտերնետ գրաքննություն, հատկապես ընտրություններից առաջ այդ ամենը պարզապես անընդունելի է»,- 168.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Ինտերնետ հանրություն» հ/կ փոխնախագահ Գրիգոր Սաղյանը՝ մեկնաբանելով այն տեղեկությունը, որ Հայաստանի ինտերնետ միջավայրը ռուսաստանյան գրաքննության տակ է:

Հիշեցնենք, որ ռուսական «Իզվեստիա» պարբերականը գրել էր այն մասին, որ թեև Հայաստանն ընդհանուր սահմաններ չունի Ռուսաստանի հետ, սակայն գործնականում ամբողջովին կախված է Ռուսաստանից՝ ինտերնետի և միջազգային հեռախոսակապի հարցում: Ըստ աղբյուրի՝ Հայաստանի համար կապի միակ միջոցը մալուխն է, որն անցնում է Վրաստանի տարածքով և միանում է Ռուսաստանին, իսկ այնտեղից թրաֆիկն արդեն շարունակում է ուղին: Այդպիսով, Հայաստանի ինտերնետ օգտագործողները հայտնվել են ռուսաստանյան օրենքների և կանոնների գործողության դաշտում միայն այն պարզ պատճառով, որ մեր, այսպես ասած, ամբողջ ինտերնետ-թրաֆիկն անցնում է Ռուսաստանի տարածքով: Այսկերպ ՀՀ քաղաքացիներն ակամայից ռուսաստանյան գրաքննության զոհ են դառնում:

Եվ, եթե Ռուսաստանը որևէ ինտերնետային ռեսուրս ներառում է սև ցուցակում և արգելափակում ՌԴ ինտերնետ օգտագործողների մուտքը դեպի այդ կայքը, ապա ավտոմատ այն արգելափակվում է նաև Հայաստանի քաղաքացիների համար։ Ըստ Գրիգոր Սաղյանի, այս խնդիրը վերաբերում է, մասամբ «ԱրմենՏել» ընկերությանը, իսկ «Օրանժ Արմենիան» և «Վիվա Սել-ՄՏՍ»-ը նման խնդիրների առջև չեն կանգնեցնում իրենց օգտատերերին:

Գ. Սաղյանի խոսքով՝ «Բիլայնը» ՌԴ-ում իր տրամադրության տակ ունի «սև ցուցակները», հետևաբար՝ հայկական օգտատերերին խնդիրներից զերծ պահելու համար  պետք չէ սպասել բաժանորդների բողոքներին, առավել ևս, որ ՌԴ-ում սահմանափակումների մասին օրենքը գործում է 2012-ի նոյեմբերից:

«Քանի որ «ԱրմենՏելն» ունի հնարավորություն՝ չարգելափակել, ապա վաղուց պետք է այդ սև ցուցակների հիման վրա ապահովեր ՀՀ-ի օգտվողների համար ազատ հասանելիություն»,- ասաց Գ. Սաղյանը՝ նշելով, որ ՀՀ օրենսդրությունն ինտերնետի արգելափակում չի նախատեսում: Ըստ Գ. Սաղյանի Հայաստանն ունի Իրանի տարածքով միացում, որտեղ ինտերնետը չափազանց խիստ գրաքննության տակ է, սակայն Իրանի կողմից որևէ արգելափակում չկա: Այսինքն` իրանական օգտվողների համար կա, իսկ այլ երկրների կողմից Իրանի տարածքով անցնող տարանցիկ միացումների նկատմամբ՝ չկա:
Այս առումով հետաքրքիր է «Ռոսսվյազնադզորի»խորհուրդը, որպեսզի հայկական «կոլեգաները» դիմեն իրենց, եթե հարցը չլուծվի ՀՀ և ՌԴ օպերատորների բանակցությունների արդյունքում: Բանն այն է, որ «Ռոսսվյազնադզորը» ՀՀ-ում գործընկեր կառույցներ չունի` Հայաստանում նման գրաքննող մարմնի բացակայության պատճառով:

Խնդրի առնչությամբ մի քանի գրառում է կատարել նաև բլոգեր Սամվել Մարտիրոսյանը: Ըստ նրա, հետաքրքիր բաներ են տեղի ունենում, օրինակ, եթե մենք փորձենք Հայաստանից, օգտագործելով հայկական «Beeline»-ի ինտերնետը, մուտք գործել չեչեն անջատողականների «Кавказцентр» կայքը,  գրություն է հայտնվում, որ տվյալ կայքը արգելափակվել է պետական կառավարման մարմինների կողմից:
«Ուշադրություն, կայքը Հայաստանում սահմանափակվում է Ռուսաստանի պետական կառավարման մարմինների կողմից, ոչ հայաստանյան,- գրել է բլոգերը` ավելացնելով,-Երկու տարի առաջ նկատեցի, որ չեչեն անջատողականների kavkazcenter.com կայքը Հայաստանի տարածքից չի բացվում, չնայած՝ պրոքսի սերվերների օգնությամբ կայքը հնարավոր էր դիտել»։

Ըստ բլոգերի՝ որոշ ժամանակ անց իր բլոգում հայտնվել է մեկնաբանություն, որից պարզ էր, որ կայքը կրկին արգելափակված է։ «Մի քանի վայրկյանը հերիք էր՝ համոզվելու, որ իսկապես կայքը արգելափակված է։ Կայքի հասցեն հավաքելիս, բերում է Ռուսաստանի Corbina Telecom պրովայդերի էջը, ուր հղում է տրվում ՌԴ իշխանությունների որոշման վրա, ըստ որի կայքը արգելափակված է – «Ресурс по данному IP-адресу заблокирован по решению органов государственной власти»։

Անդրադառնալով այս խնդրին՝ «ԱրմենՏել» ընկերության հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Անուշ Բեղլոյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ «ԱրմենՏելը» գործում է միայն ՀՀ օրենսդրության ներքո, ու որևէ գրաքննություն կամ կայքերի արգելափակում չի կատարվում: «Գրաքննությունը տեղի է ունենում միայն Ռուսաստանում, դա նշանակում է, որ տեխնիկապես, եթե Հայաստանի օգտատերը ցանկանում է այդ կայքին դիմել, ապա ռուսական սերվերը, անկախ նրանից՝ Հայաստանի՞ց է այդ օգտատերը դիմել, թե՞ այլ երկրից, ինքը, միևնույն է, ուղղակի փակում է տվյալ կայքը:

Այդ ամենը Հայաստանի պրովայդերի հետ որևէ կապ չունի, Հայաստանի պրովայդերները չեն կարող դա որևէ ձևով վերահսկել»,- ասաց Ա. Բեղլոյանը՝ նշելով, որ հասկանալի է` Հայաստանը չի կարող իր թրաֆիկը, օրինակ՝ Թուրքիայով կամ Ադրբեջանով թողնել:
Ըստ Ա. Բեղլոյանի՝ «ԱրմենՏելը» ներկայումս քննարկում է խնդիրը ռուսական գործընկերների հետ, որպեսզի արգելափակված կայքերի այդ ցանկը որոշակի հաճախականությամբ ստանա, իր օգտատերերին անհարմարություններից զերծ պահելու և այդ կայքերի համար առանձին ծառայություն մատուցելու համար: ««ԱրմենՏելը» չի արգելափակում որևէ կայք: Այդ խնդիրն առաջացել է 1-2 ամիս առաջ: Այդ ամենը  սկսվեց նրանից, որ մեր օգտատերերը 2 կայքի մուտք չեն ունեցել շատ կարճ ժամանակահատվածում՝ 30 րոպեից՝ 1 ժամ, որից հետո խնդիրը հարթվել է:

Այդ երկու դեպքը եղել է ընդամենը տեխնիկական բնույթի»,- ասաց Ա. Բեղլոյանը՝ նշելով, որ այդ խնդիրներն առաջացել են Ռուսաստանում նշված օրենքի ընդունումից հետո, որը ինտերնետ տարածքում որոշակի սահմանափակումներ է նախատեսում: Ըստ նրա,  թեև օրենքն արդեն գործում է, սակայն այդ  «ցանկը» դեռ ձևավորված չէ, և ավելի վաղ  հնարավոր չէր այն ստանալ: Բացի այդ, Ռուսաստանում արգելափակված կայքերի ռեեստրն անընդհատ թարմացվում է:

«Մենք պարբերաբար մոնիտորինգ ենք անում և չենք ցանկանում, որ մեր օգտատերերն անհարմարություններ ունենան: Կաշխատենք, որպեսզի շատ կարճ ժամանակում, մի քանի ժամվա ընթացքում մենք ստանանք փոփոխված ցուցակները և կապահովենք դրանց հասանելիությունը, որպեսզի լինի ռուսական սերվերների շրջանցումով»,- ասաց Ա. Բեղլոյանը:

Ստացվում է, որ Հայաստանն ինտերնետ ստանալու համար օգտվում է ՌԴ տարածքից և ստիպողաբար ենթարկվում է համացանցային գրաքննության, ինչը հակասում է անգամ ՀՀ սահմանադրությանը։

Նշենք, սակայն, որ 2012թ.-ի դեկտեմբերի վերջին Դուբայում Էլեկտրակապի միջազգային միությունն (ITU) աշխարհը բաժանեց երկու մասի. երկրներ, ովքեր կողմ էին գրաքննությանը, և երկրներ, որոնք դեմ էին այդ ամենին: Գրաքննությանը կողմ էին քվեարկել Չինաստանը, Ռուսաստանը, Իրանը և մի շարք այլ երկրներ: Այսպիսով, փաստաթուղթը ստորագրեցին 89 երկիր, իսկ 55 երկրիր հրաժարվել են ստորագրել այն: Նախկին Խորհրդային Միության երկրներից այդ փաստաթուղթը չեն ստորագրել Հայաստանը, Բելառուսը, Վրաստանը, Մոլդովան և Բալթյան երկրները:

Տեսանյութեր

Լրահոս