ԵԱՀԿ Մինսկի խումբը Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հետ քննարկել է Ստեփանակերտի օդանավակայանի հարցը
ԵԱՀԿ պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ժակ Ֆորը (Ֆրանսիա) և Յան Կելին (ԱՄՆ) այսօր Փարիզում համատեղ հանդիպում են ունեցել Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշչիկը:
Հանդիպումից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի տարածած հայտարարության մեջ նշված է, որ համանախագահները շարունակում են արտգործնախարարների հետ քննարկել խաղաղության գործընթացում առաջընթաց գրանցելու վերաբերյալ առաջարկները, որոնք կողմերին ներկայացվել են 2012 թվականի հոկտեմբերին:
Նրանք նաև քննարկել են վստահության ամրագրման հնարավոր միջոցները: Համանախագահները հենվել են 2011 թվականի ապրիլի 14-ին և 2012 թվականի հուլիսի 13-ին իրենց արած հայտարարությունների վրա և արտգործնախարարների հետ քննարկել են Լեռնային Ղարաբաղի օդանավակայանից քաղաքացիական թռիչքների իրականացմանն առնչվող հարցեր:
Արտգործնախարարներն ու համանախագհներն ընդգծել են ԵԱՀԿ Մինսկի խմբի կարևորությունը որպես հիմք՝ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ բանակցությունների շարունակման համար: Արտգործնախարարները հաստատել են իրենց աջակցությունը խաղաղ կարգավորման հանդեպ և բանակցությունները շարունակելու իրենց վճռականությունը: Արտգործնախարարներն ու համանախագահները համաձայնել են մոտակա շաբաթներին բանակցային գործընթացի հետագա քննարկմանը: