
Դերասանների միությունը հանձնեց մրցանակները (լուսանկարներ)

Ավարտվեց Օսկարի գլխավոր «փորձերից» մեկը՝ ԱՄՆ Դերասանների միության մրցանակաբաշխությունը:
Բեն Աֆլեկի «Արգո» դրաման կրկին արժանացավ գլխավոր մրցանակին՝ հաղթելով «Լավագույն դերասանական կազմ» անվանակարգում:
Ստիվեն Սփիլբերգի «Լինքոլն» դրամայի գլխավոր դերակատար Դենիել Դեյ-Լյուիսն ու երկրորդ պլանի դերակատար Թոմի Լի Ջոնսը ճանաչվեցին լավագույնը՝ ԱՄՆ 16-րդ նախագահին և նրա տեղակալին մարմնավորելու համար:
«Լավագույն դերասանուհի» անվանակարգում հաղթող ճանաչվեց երիտասարդ Ջենիֆեր Լոուրենսը՝ «Իմ տղամարդը խելագար է» կատակերգությունում ոչ պակաս խելագար կնոջ մարմնավորելու համար: Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի դարձավ Էն Հեթուեյը՝ Վիկտոր Հյուգոյի համանուն վեպի հիման վրա նկարահանված «Թշվառները» մյուզիքլում դերակատարման համար:
ԱՄՆ Դերասանների միության մրցանակակիրները սովորաբար արժանանում են նաև Օսկարի, որն այս տարի տեղի է ունենալու փետրվարի 24-ին: