Էրդողանի կառավարությունում իրականացվել են կադրային փոփոխություններ
Թուրքական Hürriyet թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի գլխավորած կառավարությունում իրականացվել են կադրային փոփոխություններ: Էրդողանի որոշմամբ՝ ներքին գործերի նախարար է նշանակվել Ստամբուլի քաղաքապետ Մուամեր Գյուլերը, ով այդ պաշտոնում փոխարինել է շարունակ սկանդալային հայտարարություններով հանդես եկող Իդրիս Նաիմ Շահինին:
Թուրքիայի մշակույթի ու զբոսաշրջության նախարար Էրթուղրուլ Գյունային փոխարինել է իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցության (ԱԶԿ) փոխնախագահ Օմեր Չելիքը: Առողջապահության նախարար Ռեջեփ Աքդաղն իր պաշտոնը զիջել է Էդիռնեից ընտրված պատգամավոր Մեհմեթ Մուեզզինօղլուին, իսկ Էսքիշեհիրից ընտրված պատգամավոր Նաբի Ավջըն Կրթության նախարարի պաշտոնում փոխարինել է Օմեր Դինչերին:
Իրենց պաշտոններին հրաժեշտ տված չորս նախարարները նախապես հանդիպել են երկրի նախագահ Աբդուլլահ Գյուլի և վարչապետ Էրդողանի հետ: