Բաժիններ՝

Դպրոցականները չեն հետաքրքրվում հայ եկեղեցու պատմությամբ

Հայ եկեղեցու պատմություն առարկան դպրոցահասակ երեխաներին հետաքրքիր չէ: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղի միջնակարգ դպրոցի մանկավարժ, Հայ եկեղեցու պատմություն առարկայի ուսուցիչ, 2004թ. լավագույն ուսուցչի կոչում ստացած Արմենակ Ավետիսյանը:

Վերջինիս խոսքով՝ խնդիրները բազմազան են. թե՛ տեղեկատվական դաշտի ազատությունը (որն, ըստ նրա՝ այս պարագայում երեխային առավել խանգարում է), թե՛ ծնողների անտարբերությունը, թե՛ շատ գյուղական համայնքներում եկեղեցու և քահանայի խոսքի բացակայությունը:

«Քահանաների թիվը բոլոր գյուղական համայնքներին չի բավարարում, ունենք մի եկեղեցական հեռուստաալիք, որն առանձնապես երեխաների հետաքրքրությունը չի առաջացնում: Տեխնիկան զարգացած է, երեխաները հեռախոսներով են դասերին նստում: Այն, ինչ հետաքրքրում է նրանց, ինտերնետում և իրենց հեռախոսների մեջ կա՝ եկեղեցով հետաքրքրվելու «ժամանակ» չունեն»,- ասաց Ա. Ավետիսյանը:

168.am-ն արդեն անդրադարձել էր հայ հասարակության՝ եկեղեցական տոները ճանաչելու խնդրին: Մեզ հետ զրույցի ընթացքում Սուրբ Սարգիս առաջնորդանիստ եկեղեցու սպասավոր, Վահրամ սարկավագ Կարապետյանը նշել էր, որ այսօր հայ հասարակության՝ դեպի եկեղեցի հոսքը  գնալով շատանում է: Մեծ թիվ են կազմում այն երիտասարդները, ովքեր ճանաչում և հետևում են եկեղեցական տոների ճիշտ կանոնացույցին:

Կարդացեք նաև

Օրերս համացանցում եկեղեցական տոներից սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնի ստույգ ժամանակացույցի վերաբերյալ քննարկում էր ծավալվել: Քննարկմանը մասնակցում էին դպրոցահասակ երեխաներ: 12-րդ դասարանի աշակերտները քննարկում էին սպասվելիք տոնի ստույգ օրը. ոմանք կարծում էին, թե տոնը նշվելու է հունվարի 26-ին, ոմանք փետրվար ամիսն էին հիշատակում:

Հարցին՝ ինչո՞ւ չեն դիմում իրենց դպրոցի Հայ եկեղեցու պատմություն առարկայի ուսուցչին կամ քահանաներին՝ պատասխան ստանալու համար, քննարկման մասնակիցներից ոչ մեկը չպատասխանեց: «Երեխաները հարցեր չեն տալիս եկեղեցու պատմությունից: Այսօր այնքան ծանր ու խիտ է կրթական ծրագիրը, որ եկեղեցու պատմության մասին երեխաները մտածելու ժամանակ չունեն: Ավելի շատ նրանց հետաքրքրում է ընդունվելն ու մասնագիտություն ստանալը»,- 168.am-ի՝ արդյո՞ք երեխաները հետաքրքրվում են Հայ եկեղեցու պատմություն առարկայով, և ինչո՞ւ չգիտեն եկեղեցական տոներն ու դրանց ստույգ ժամանակացույցը, հարցին պատասխանեց 12-րդ դասարանի աշակերտի մայր Աննա Թովմասյանը:

Ուսուցիչ Ա. Ավետիսյանը մեզ հետ զրույցում ևս նշել էր դասագրքերի խտության, քննական ծրագրերի անընդմեջ փոփոխության և, միևնույն ժամանակ, նույնը մնացող դասագրքերի մասին: «Քննական ծրագրերը փոխվում են, բայց դասագրքերը նույնն են մնում: Աշակերտից տեղեկատվություն ստանալը և սովորելը կրկնակի աշխատանք է պահանջում: Կոնկրետ իմ առարկայի դասագիրքը 2004թ. հրատարակության է: Մաշված, պոկված գրքեր են, որոնցով երեխաները չեն ցանկանում սովորել: Բացի դա էլ, եկեղեցու պատմության բոլոր դասագրքերում, բացի եկեղեցու մասին ստույգ տեղեկատվությունից, կա նաև այլ առարկաներին վերաբերող տեղեկություն, օրինակ, փիլիսոփայությունն ու պատմությունը: Եթե երեխան այդ գիտելիքն այլ առարկաներից ևս կարող է ստանալ, բնական է, որ Եկեղեցու պատմություն առարկայի գիրքը չի ցանկանա բացել»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արմենակ Ավետիսյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս