«Մենք ուզում ենք, որ մարդիկ մեր կենտրոնից դուրս գան և աշխարհն ավելի լավը դարձնեն». Քրիսթին Քրոսբի

168.am-ի բացառիկ հարցազրույցը Կանադայի Օնտարիո նահանգի Գիտությունների կենտրոնի ներկայացուցիչ Քրիսթին Քրոսբիի հետ

«Երկու բան անսահման են. դրանք են՝ Տիեզերքը և մարդկային հիմարությունը, և ես վստահ չեմ վերջինիս վերաբերյալ»
Ալբերտ Էյնշտեյն

Կարծիք կա, որ գիտությունն ավելի արագ է նոր սահմաններ գրավում, քան հասարակությունը՝ իմաստնություն: Մարդիկ նորանոր հաջողությունների են հասնում՝ հայտնաբերելով նոր մոլորակներ, բայց դեռևս շարունակում են պատերազմել և սպանել միմյանց: Մենք մեր երեխաներին սովորեցնում ենք մեր տունը մաքուր պահել, բայց մենք ինքներս ենք մեր միջավայրն աղտոտում: Օնտարիոյի Գիտությունների կենտրոնում իմ անցկացրած մեկ օրը տվեց ինձ հուզող շատ հարցերի պատասխանները: Գիտությունների կենտրոնից դուրս գալիս՝ հիմնական հարցը, որ ինձ հետաքրքրում էր՝  այն էր, թե ինչպիսի՞ն կլիներ աշխարհը, եթե բոլոր գիտական բացահայտումներն օգտագործվեին բացառապես բարի նպատակներով և աշխարհն ավելի լավը դարձնելու համար:

Գիտությունների կենտրոնն առաջարկում է տարբեր ցուցահանդեսներ և գիտական թեմաներով ներկայացումներ՝ բոլոր տարիքային խմբերի համար: Երեխաներն այստեղ կարող են գիտական խաղեր խաղալ՝ մոտիկից ծանոթանալով աերոդինամիկայի նրբություններին, նյութերի ֆիզիկական բաղադրիչներին, գիտության տարբեր գործընթացներին: Նրանք կարող են մոտիկից լսել գիտնականի կողմից ներկայացվող տեսությունն էլեկտրական լիցքերի վերաբերյալ և մասնակցել ցուցադրական գիտափորձերին:

Կարդացեք նաև

OSC_daypanorama-small

Նրանք կարող են դիտել, թե կտորից և բույսերից պատրաստված փափուկ զանգվածն ինչպե՞ս է վերածվում թղթի, և նույնիսկ անձամբ մասնակցել թղթի պատրաստման գործընթացին: Մեծահասակները կարող են ավելի մոտիկից ծանոթանալ աստղագիտության և Տիեզերքի ուսումնասիրությանը, տեսնել ռոբոտների մոդելներ և մոլորակային հետախուզության մեքենաների մոդելներ, տարբեր գիտական խաղերի միջոցով ուղեղի վարժանք կատարել և նույնիսկ՝ մեկ կոճակի սեղմումով շնչել լուսնի հոտը:

WP_000845

TELUSCAPE-Funtain 01-sm

Գիտությունների կենտրոնն ունի պլանետարիում, որտեղ այցելուները կարող են տեղավորվել բարձերի վրա և իրենց վերևում տեղակայված գմբեթաձև էկրանի վրա դիտել գիշերային երկինքը և նույնիսկ՝ ճանապարհորդել Տիեզերքով: Պլանետարիումի ներկայացուցիչը ցույց է տալիս տվյալ օրվա երեկոյան երկինքը, թե ի՞նչ դիրքով են երևում աստղերը և համաստեղությունները, և այդ ամենը դուք տեսնում եք շատ մոտիկից, պարզ՝ գմբեթաձև էկրանի վրա եռաչափ ցուցադրությամբ: Աստղերն էկրանի վրա հայտնվում են հենց նույն դիրքով, ինչպես որ նրանց դուք կարող եք տեսնել հենց նույն օրը երեկոյան՝  նշված ժամին: Պլանետարիումի ներկայացուցիչը ներկայացնում է համաստեղությունները և ցույց է տալիս Երկիր մոլորակը Տիեզերքից: Երկիր մոլորակը տեսնելով՝  հասկանում ես, թե որքան մեծ է և գեղեցիկ, և, թե որքան փոքր ենք մենք՝ բոլորս, այս աշխարհում: Այնուհետև դուք ճանապարհորդում եք Հարդագողի Ճանապարհով և նույնիսկ՝ դրանից այն կողմ գտնվող համաստեղություններով: Այդ ժամանակ հասկանում եք, թե որքան փոքր է հենց ինքը՝ աշխարհը, և նաև՝ մենք բոլորս:

star chart-Megha

WP_000846

WP_001034

Science Centre 6-10-06-007817-Maze

Օնտարիոյի Գիտությունների կենտրոնը նախագծվել է Ռայմոնդ Մորիամայի կողմից՝ 1969թ., և մինչ օրս այն բավական ժամանակակից տեսք ունի, անընդմեջ նորություններ է առաջարկում: Մինչ օրս կենտրոնի այցելուների թիվն անցնում է 46 միլիոնը: Ներկայացնում ենք «168 Ժամի» հարցազրույցը Օնտարիոյի Գիտությունների կենտրոնի՝ մամուլի հարցերով պատասխանատու Քրիսթին Քրոսբիի հետ, ով պատմում է կենտրոնի ներկայիս ծրագրերի և ցուցահանդեսների մասին:

–  Ինչպիսի՞ քաղաքականություն է Օնտարիոյի Գիտությունների կենտրոնը վարում մարդկանց ներգրավելու և նրանց մեջ հետաքրքրություն առաջացնելու համար: Ինչպե՞ս եք ուսուցողական ծրագրեր կազմակերպում:

– Կենտրոնն Օնտարիոյի կառավարության գործակալություններից մեկն է: Ֆինանսավորման գրեթե կեսը գոյանում է այցելուների կողմից կատարված վճարումներից, ինչպես նաև՝ նվիրատուների և անդամների կողմից կատարվող փոխանցումներից: Մենք պետք է շատ աշխատենք, որպեսզի մարդիկ հետաքրքրված լինեն և այցելեն Գիտությունների կենտրոն: Նաև ժամանակ առ ժամանակ մեր ցուցասրահները վարձով ենք տրամադրում և ցուցադրություններ ենք հյուրընկալում դրսից:

Գիտությունների կենտրոնը ոչ միայն թանգարան է, այլև դասասենյակ: Յուրաքանչյուր դպրոցական տարի կենտրոնը կանադական ուսումնական հաստատությունների համար թանգարանում կրթական ծրագիր է առաջարկում, որը ներառում է նաև ավելի քան 40 առանձին գիտական ուսուցողական ծրագրեր: Մեր յուրահատուկ Գիտությունների դպրոցն Օնտարիոյի տարբեր մասերից 12-րդ դասարանցիների է ներգրավում, ովքեր մի ամբողջ կիսամյակ մեզ մոտ են անցկացնում՝ գիտության տարբեր ճյուղերի և տեխնոլոգիաների վերաբերյալ ձեռք բերելով խորը գիտելիքներ և փորձ:

– Ինչպե՞ս է Գիտությունների կենտրոնը հետաքրքրություն առաջացնում դպրոցականների, ուսանողների և երիտասարդ գիտնականների շրջանում՝  իր ցուցադրությունների և գիտության նկատմամբ:  

– Մեր այցելուների զգալի մասն ուսանողներ են: Մենք նաև մի ծրագիր ունենք, որը կոչվում է՝ «հովանավորված դասընթացներ»: Այս ծրագրի շրջանակներում մասնավոր ընկերություները որոշակի գումար են հատկացնում, որն օգտագործվում է ուսանողների մուտքի և տրանսպորտային ծախսերը հոգալու համար, որպեսզի նրանք կարողանան գալ Գիտությունների կենտրոն: Նաև  համայնքային ծրագրեր ունենք, որոնց շրջանակներում տոմսեր ենք տալիս նոր կանադացիներին, որպեսզի նրանք կարողանան այցելել Գիտությունների կենտրոն և այլ թանգարաններ:

Մենք նաև զեղչեր ենք տրամադրում համայնքային կազմակերպություններին և հաշմանդամներին: Այնպես ենք աշխատում, որպեսզի բոլորի համար հնարավորություն ստեղծենք օգտվել Գիտությունների կենտրոնից: Ունենք կրթության հարցերով զբաղվող բաժին, որն աշխատում է Օնտարիոյի դպրոցների ղեկավարության հետ՝ նրանց համար պատրաստելով գիտակրթական ծրագրեր, որոնք համապատասխանում են տարբեր դասարանների երեխաների ուսումնական ծրագրերին: Կախված երեխաների տարիքից և դասարանից՝  օգնում ենք կազմել կենսաբանության, ֆիզիկայի, մաթեմատիկայի և այլ առարկաների վերաբերյալ տարբեր ծրագրեր:

RocketChair3

Նրանք գալիս են Կենտրոն՝ իրենց ուսուցիչների հետ, և մեր դասավանդողների հետ համատեղ՝ մասնակցում են տարբեր գիտակրթական միջոցառումներին: Կենտրոնը նաև դպրոց ունի, որն ընտրյալ 12-րդ դասարանի աշակերտների համար է նախատեսված, ովքեր դիմում են և ընտրվում են՝ որպես ծրագրի շահառուներ: Մենք միայն խելացի երեխաներ չենք ընտրում, այլ հիմնականում փորձում ենք ներգրավել այնպիսի երեխաների, ովքեր բարձր մտքի թռիչք ունեն և իսկապես հետաքրքրված են տարբեր գիտություններով: Դիմորդների հետ հարցազրույց ենք անցկացնում, նրանք նաև շարադրություն են գրում:

Այդ երեխաներից ոմանք հեռվից են գալիս, ուստի նրանք ապրում են տեղացի ընտանիքների հետ և հենց Գիտությունների կենտրոնում են ստանում որոշ առարկաների համար իրենց գնահատականները: Կենտրոնում իրենց ուսուցողական ծրագրի ընթացքում նրանք նաև ընկերանում են մեր աշխատակիցների հետ և նաև օգնում են նրանց՝ ցուցադրություններ և գիտափորձեր կազմակերպելու ժամանակ: Սա հիանալի հնարավորություն է նրանց համար՝ ոչ միայն տեսական գիտելիքներ ստանալու, այլև բուն աշխատանքային գործընթացի մեջ ներգրավված լինելու  և պրակտիկ հմտություններ ձեռք բերելու համար:

– Գիտությունների կենտրոնը տարբեր ցուցադրություններ և գիտափորձեր է առաջարկում և՛ երեխաների, և՛ մեծահասակների համար, որպեսզի նրանց մեջ հետաքրքրություն առաջանա գիտության հանդեպ: Երեխաները խաղերի միջոցով են սովորում, իսկ մեծահասակներն ավելի խորը գիտելիքներ են ստանում: Ինչպե՞ս է Կենտրոնը կարողանում անընդհատ ունենալ նորագույն գիտական զարգացումների վերաբերյալ տվյալներ և ծրագրեր:

– Կան տարբեր ասոցիացիաներ: Գիտությունների և տեխնոլոգիայի կենտրոնների ասոցիացիան դրանցից մեկն է: Այն ամբողջ աշխարհից ներկայացված գիտությունների կենտրոնների մի խումբ է, որտեղ մասնագետները պարբերաբար հավաքվում են և քննարկում են գիտությունների կենտրոնների ապագան և, թե ի՞նչ ծրագրեր պետք է իրականացվեն: Այն ավելի շատ կենտրոնանում է այն միջավայրի և աշխատանքի վրա, որը մենք պետք է ապահովենք, որպեսզի մարդկանց հետաքրքրությունը գիտության հանդեպ միշտ բարձր լինի,  և, որպեսզի մարդկանց համար ամեն ինչ ավելի հասկանալի և մատչելի լինի: Մեր աշխատանքի նպատակն է՝ ուսուցանել մարդկանց, որպեսզի նրանք մեզ մոտից դուրս գալուց հետո աշխարհն ավելի լավը դարձնեն: Նրանք այնուհետև կարող են աշխարհում այնպիսի վայրերում հայտնվել, որտեղ ռեսուրսները սուղ են, կամ էլ ամեն ինչ առատ է, ուստի մենք մարդկանց շահագրգռում ենք աշխարհն ավելի լավը դարձնել, որտեղ էլ որ նրանք լինեն:

– Գիտությունների կենտրոնը նաև կազմակերպում է ցուցահանդեսներ: Ինչպիսի՞ գիտական ցուցահանդեսներ եք բերում Կենտրոն: Կենտրոնն այլ երկրներում կազմակերպո՞ւմ է ցուցահանդեսներ:

– Այո: Մենք համագործակցում ենք տարբեր ասոցիացիաների և աշխարհի մի շարք լավագույն թանգարանների հետ, որոնցից են Ազգային ապտմության ամերիկյան թանգարանը, Լոնդոնի Բերմինգհեմի թանգարանը, և այլ գիտությունների կենտրոնների հետ: Մենք միմյանց հետ փոխանակվում ենք նոր կազմակերպվող ցուցահանդեսների վերաբերյալ տեղեկատվությամբ: Փորձում ենք մեզ մոտ բերել լավագույն որակի ցուցահանդեսները և գիտության մասին նոր տեղեկատվությունը: Մեր Կենտրոնն ունի միջազգային տնտեսական բաժին, որը ցուցահանդեսներ է կազմակերպում աշխարհի այլ վայրերում և ներկայացնում է մեր հավաքածուները գիտական աշխարհի տարբեր կենտրոններում: Այս համագործակցությունն անընդհատ շարունակվում է և մեզ թույլ է տալիս նոր տեղեկետվություն ստանալ, փոխանակել մեր ունեցած նորությունները և նոր ցուցադրություններով հանդես գալ:

Feb2008 - DSC_0221-02-sm

– Որքանո՞վ եք կարևորում ուսանողներին պրակտիկ հմտությունների հաղորդումը: Շատերն ասում են, որ ինտերնետը հարուստ է տեղեկատվությամբ, և ուսանողները կարող են այնտեղ կարդալ իրենց հետաքրքրող ցանկացած նյութի մասին:

– Շատ դեպքերում մարդն ամեն ինչ ավելի լավ է ընկալում, երբ ինքն է դա անում: Միայն լսելով և կարդալով չէ, որ ընկալվում է նյութի էությունը, այլև պրակտիկ աշխատանք և փորձ է պետք: Երբ դուք ինչ-որ մի բան ինքներդ եք անում՝  ֆիզիկապես հպվելով, բոլորովին այլ զգացում է: Օրինակ, երբ դուք ձեր ձեռքն եք վերցնում աշխարհի ամենածանր փայտի և ամենաթեթև փայտի կտորները, զգում եք ծանրությունը, դա ավելի լավ է տպավորվում: Երեխաներն այստեղ իրենց համար հատկացված հատվածներում խաղերի միջոցով շատ երևույթներ ավելի լավ են ընկալում: Օրինակ, բոլորովին այլ զգացողություն եք ունենում, երբ կանգնում եք հատուկ կշեռքի վրա և ձեր կողքին տեղակայված մեծ սրվակի մեջ տեսնում եք, թե որքան ջուր կա ձեր մարմնում: Պրակտիկ աշխատանքը լրացնում է տեսական գիտելիքների պաշարը:

– Գիտությունների կենտրոնի պլանետարիումը մեծ չէ: Որքա՞ն այցելուի համար է նախատեսված, և ի՞նչ ցուցադրություններ եք կազմակերպում:

– Մեր պլանետարիումը փոքր է և կարող է տեղավորել շուրջ 50 այցելուի: Ծրագիրը ներկայացնողները երիտասարդ գիտնականներ են, և նրանք կենդանի ցուցադրմամբ են ներկայացնում ծրագիրը: Ներկաները ներգրավված են ծրագրի մեջ, ակտիվ մասնակցում են և կարող են հարցեր տալ: Օգտագործվող համակարգչային ծրագիրը թույլ է տալիս գմբեթաձև էկրանի վրա ցույց տալ Տիեզերքում մարմինների և մոլորակների դիրքերը տվյալ պահին: Ծրագիրը թույլ է տալիս թռիչք կատարել Տիեզերքում և տեսնել մոլորակների և աստղերի դիրքերը: Կենդանի ներկայացումներն ավելի հստակ պատկերացում են տալիս այդ ամենի մասին: Աստղագիտության մասին շատ թեմաներ կան, որոնց վերաբերյալ մենք կարող ենք ցուցադրություններ կազմակերպել:

Այս ծրագրի նպատակը միայն աստղերի էությանը ծանոթացնելը չէ, այն նաև հրաշալի միջոց է սոցիալական և մշակութային շատ երևույթներ ուսումնասիրելու համար: Ներկայացումն ինտերակտիվ է, և մարդիկ կարող են իրենց ցանկությունը հայտնել, թե ո՞ր մոլորակի վրա են ցանկանում վայրէջք կատարել: Նրանք կարող են ներկայացնողին խնդրել, որպեսզի վայրէջք կատարի Լուսնի վրա, կամ՝ թռիչք կատարի դեպի Տիեզերքի ցանկացած կետ: Մենք միշտ փոփոխություններ ենք մտցնում մեր աշխատանքում, մեր ծրագրերում նորություններ ենք մտցնում, որպեսզի մարդկանց հետաքրքրությունը չմարի, և շարունակեն հաճախել Գիտությունների կենտրոն:

Տորոնտոյի բնակիչները մեզ մոտ են գալիս դեռևս իրենց մանուկ հասակից, և այժմ իրենք այցելում են իրենց ընտանիքների և երեխաների հետ միասին, ուստի ամեն անգամ ինչ-որ մի նորություն պետք է առաջարկենք: Այժմ մենք նախապատրաստական աշխատանքներ ենք կատարում մի մեծ ցուցահանդես կազմակերպելու համար, որում կցուցադրենք մարդկային մարմնի հնարավորությունները: Նաև պլանավորում ենք մեր ցուցահանդեսները տանել աշխարհի տարբեր երկրներ և զուգահեռ աշխատում ենք, որպեսզի մարդիկ հետաքրքրված լինեն մեր ծրագրերով և այցելեն Օնտարոյի Գիտությունների կենտրոն:

Կամո Մայիլյան
Տորոնտո-Երևան
Հատուկ 168.am-ի համար

Տեսանյութեր

Լրահոս