Բաժիններ՝

«Խուժանական ասվածը դիտարկվում է՝ որպես բարձր գրական-գեղարվեստական արժեքի բնորոշում»

«Գրանիշ» գրական ակումբը ներկայացնում է իր նոր՝ «Գրանիշ խուժանական» համարը: Որպես կանոն, «Գրանիշ» գրական ակումբն ունենում է թեմատիկ համարներ: Այս համարը ևս թեմատիկ է:

«Այս համարը կոչեցինք ԽՈՒԺԱՆԱԿԱՆ, և փորձեցինք գրականության պատմության օրինակների, տարբեր հոդվածների ու թարգմանությունների, ժամանակակից գրականության դրսևորումների օրինակով ցույց տալ խնդրի էությունը, այն է, որ կարևորը գրականությունն է, անկախ այն հանգամանքից՝ դրանում կա՞ն «խուժանական» կոչվող տարրեր, թե՞ ոչ: Ցավալի է, իհարկե, որ այդ գիտակցությունը մեր հասարակության մեջ դեռևս գերիշխում է, դեռ շարունակում են գրականությունը դատել միայն ըստ նյութի՝ զանց առնելով նույն այդ նյութի ստեղծաբանական հաղթահարման, մատուցման, պատկերման և բազմաթիվ այլ դիտանկյուններ:

Մենք ուզում ենք, որ այն համահարթեցումը, որ կա մեր հասարակության մեջ, երբ հաշվի չառնելով գեղագիտական, ստեղծագործական մի շարք գործոններ, ամեն մի էրոտիկ կամ պոռնոգրաֆիկ բնույթ ունեցող տեքստերի նույն՝ «խուժանական» բնորոշումն են տալիս, հաղթահարվի: Թե չէ ստացվում է, որ ինչ-որ մի գրչակի պոռնոգրաֆիկ մտավարժանքներն ու պաթոլոգիկ սևեռումները, այդ տրամաբանությամբ, դրվում են համաշխարհային գրականության գլուխգործոցների կողքին և պիտակվում նույն կերպ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Անտարես» հրատարակչության գլխավոր խմբագիր, գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը: Վերջինիս խոսքով,  «Գրանիշի» այս համարի թեմատիկ շրջանակում ԽՈՒԺԱՆԱԿԱՆ ասվածը դիտարկվում է՝ որպես բարձր գրական-գեղարվեստական արժեքի բնորոշում, որի հակադրությունը «խուժանությունն» է:

«Ասում ենք՝ ամեն մի խուժանություն դեռևս խուժանական չէ, այսինքն՝ ամեն մեկի սեռական մտասևեռումները դեռևս գրականություն չեն:
Ցավոք, հայ հասարակությունն ունի այստեսակ ուղղորդման կարիք: Վերջին մի քանի ամիսներին դրանում բազմիցս համոզվել ենք: Իսկ թե ճիշտ հանրությունն այն կհասկանա՞, թե՞ ոչ, չեմ կարող ասել, համենայն դեպս՝ ամեն ինչ արել ենք, որ ճիշտ հասկանա»,- ասաց Ա. Նիկողոսյանը:

Կարդացեք նաև

Գիրքը դեռ մեծ վաճառքի չի դրվել, չնայած, ըստ Արքմենիկ Նիկողոսյանի, անգամ գրքի մեծ քանակի վաճառքը չի կարող ցույց տալ՝ արդյոք ասելիքը հասե՞լ է տեղ, թե՞ ոչ:

«Մեր հասարակության մեջ մի գարշելի պարադոքս կա՝ բացահայտ կամ թաքուն բոլորն էլ սիրում են գնել ու կարդալ պոռնոամսագրեր կամ էրոտիկ բովանդակություն ունեցող գրքեր: Բայց երբ գալիս է դրանց մասին խոսելու հերթը, բոլորը դառնում են բարոյախոսներ ու ազգային արժեքների ու ավանդույթների իբր պահապաններ: Մեզ՝ «Գրանիշ» հանդեսի խմբագրակազմի համար լավագույնն այն կլինի, որ մոտ ապագայում այս տեսակ համարներ տպագրելու առիթ ու անհրաժեշտություն չունենանք: Այդ ժամանակ կարող ենք ասել, որ մեր նպատակին հասել ենք, հասարակությունն ընկալել ու հասկացել է »,- ասաց Ա. Նիկողոսյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս