«Մարդկանց հավատը տարիներով գողացվել է»
Ասում է Ռազմավարական ազգային հետազոտությունների կենտրոնի փորձագետ, հոգեբան Արմինե Ղազարյանը
– ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «Մեդիամաքսին» տված հարցազրույցում նշել էր, որ նախագահական ընտրություններին իր չմասնակցելու հիմնական գործոններից մեկը պայմանավորված է ղարաբաղցի լինելով, և, որ ինքը չի ուզում երկու ղարաբաղցիների միջև պայքար լինի: Նախ` ինչպե՞ս կմեկնաբանեք նրա այս հիմնավորումը:
– Այն, որ պատահական չի հնչեցրել, կամ սխալ մտածված արտահայտություն է, կարծում եմ` հասկանում ենք, որ այդպես չէ: Իսկ ինչո՞ւ է այդպես ասել, որը նախագահին հարիր ոճ և ասելիք չէ, և որտեղ դիվանագիտական եզրեր չկան, ապա` առաջին. երկրորդ նախագահի բնույթին է հարիր` կիսաշանտաժային և կիսաքննադատական երանգներով փոքր-ինչ ագրեսիվ ուղերձներով ժամանակ առ ժամանակ իր մասին հիշեցնելը: Երկրորդ. իմ կարծիքով` իրենց ներքին խոհանոցից, պայմանավորվածություններից դուրս մեկ անգամ էլ բոլորիս վկա է «վերցնում» իր պայմանավորվածությունը հաստատելու համար, իսկ դա արդեն հայտնի է միայն գործող նախագահին: Իսկ կոնկրետ արտահայտության կամ մոտեցման «անընդունելիությունը», կարծում եմ, բոլորս ենք գիտակցում, որ դա հատուկ կարծրատիպի ամրապնդում է, որը տարիներ շարունակ հասարակությունն իր ուժերով քանդել է:
– «Հատուկ կարծրատիպ» ասելով` ի՞նչ նկատի ունեք` ղարաբաղցիների և հայաստանցիների տարբերակո՞ւմը:
– Իհարկե, հայաստանցի-ղարաբաղցի տարբերակման մասին է խոսքը, քանի որ «ղարաբաղցին» որպես բացասական կարծրատիպ էր նստած հասարակության մեջ, որն արդեն, կարծեմ թե, միայն անեկդոտներում է պատմվում, իսկ հասարակության մեջ դա արդեն գրեթե չկա:
– Այսինքն` Ռ. Քոչարյանի հայացքներն արդեն ադեկվատ չե՞ն այսօրվա քաղաքական իրականության հետ:
– Ռոբերտ Քոչարյանի հայացքներին ու ծրագրերին ծանոթ չեմ, թե որքանո՞վ ադեկվատ են այսօրվա քաղաքական իրողության հետ, որքանո՞վ` ոչ: Բայց որ ինքը, իր անձը հասարակության, հասարակական-քաղաքական իրողության հետ ադեկվատ չէ, դա իր խոսքերն են ապացուցում, անգամ իսկ չանցնելով հարցազրույցի մյուս մասերի քննարկմանը:
– Նշեցիք, որ այսօր ղարաբաղցի-հայաստանցի տարբերակումը գրեթե չկա հասարակության մեջ: Փաստորեն, Ռ. Քոչարյանը կրկին ընդգծե՞ց, որ այդ տարբերակումը միշտ արդիական է: Ի դեպ, Ըստ Ձեզ` արդյո՞ք ՀՀ գործող նախագահի լռությունն այդ հայտարարությունից հետո` ենթադրում է, որ Քոչարյանն իրավացի է:
– Իհարկե, արդեն ասացի, և դրանով իսկ նա ադեկվատ չէ, քանի որ կարծրատիպի ոչնչացումը զարգացման նշան է: Իսկ մարդիկ, հասարակությունը չեն կարող թույլ տալ, որ նա «արդիականացնի» այն, դա առնվազն դիտարկենք որոշակի ագրեսիվ ուղերձ: Չեմ կարծում` գործող նախագահը պատասխան տալու կարիք ունի, կամ էլ երկրորդ նախագահը սպասում էր պատասխանի: Իսկ գուցեև այլ ձևով, այլ ուղերձով տրվել է պատասխան: Ժողովրդի խնդիրներով, տնտեսության աճով հետաքրքրվածությունն այստեղ ոչ մի նշանակություն չունի իրենց անձնական ուղերձներում: Այլ բան է, որ հասարակության համար Քոչարյանի կերպարը դաշտից չի կարող հեռանալ, քանի դեռ մարդիկ ունեն «կիսատի զգացում», նա կրում է պատասխանատվության բեռ, որը հասարակությունը դեռ հիշում է ու սպասում է պատասխանների:
– Ռ. Քոչարյանի` քաղաքականություն վերադարձն ի՞նչ կարող է փոխել քաղաքական դաշտում: Օրինակ, ի՞նչ տեղաշարժեր կլինեն:
– Չգիտեմ` կոնկրետ ի՞նչ փոփոխություններ կլինեն, բայց նման տեքստ տարածած անձը` նախագահ. դա սարսափելի է: Տարեցտարի հասարակությունն ինչ-որ չափով հասունանում է, թոթափում որոշակի բարդույթներ, մտածողության սահմանափակումից դուրս է գալիս, սկսում է պատասխանատվություն վերցնել իր վրա, ազատվել խանգարող սահմաններից ու կարծրատիպերից, և հանկարծ գալիս է մեկը և ասում` դուք, որ բազմապատկման աղյուսակը գրեթե սերտել եք, բայց ես նպատակ եմ դնում ձեզ գումարում-հանում սովորեցնել: Նա իր ասելիքն իր ժամանակահատվածում տվել- գնացել է, այս` լավ, վատ, թե ավելի վատ հնգամյակում առաջընթաց կա` թեկուզ այն իմաստով, որ իր ասած խոսքերն արդեն մարդիկ կուլ չեն տալիս, քննարկում են, հասկանում, աճել են: Ես սա նմանեցնում եմ շատ պարզ դպրոցական մեխանիզմի. ուսուցիչ, որը դասավանդել է առաջին չորս տարում, և մեկ էլ 8-րդ դասարանում է գալիս, հանդիպում` նա ադեկվատ չէ:
– Իսկ այդ դեպքում նախընտրական ուղերձները կամ կարգախոսները որքանո՞վ են ակտուալ. և արդյոք ընկալվո՞ւմ են հասարակության կողմից:
– Առհասարակ նախընտրական կարգախոսները շատ կարևոր են, դրանք պետք է սեղմ լինեն և շատ էներգետիկ, մեծ տեղեկատվություն պարունակեն իրենց մեջ և հասկանալի կապ ստեղծեն թեկնածուի և ընտրողի միջև: Ինչպես արդեն ասել եմ, ՀՀ-ում դա ավելի շատ ուղղակի կարգախոս, մի կարևոր ատրիբուտ ունենալու համար է: Թեկուզև հիմա շատերն են կարևոր համարում կարգախոսով ներկայանալ, որքան հնարավոր է գրագետ և ազդեցիկ ստեղծել: Բայց երբ կարգախոսը չի «աշխատում», խնդիրը ոչ թե կարգախոսի մեջ է, այլ ներկայացնողի, որը տարիներ շարունակ կերտել է իր իմիջը և կարիք չունի ներկայանալու: Իսկ եթե անգամ «ներկայանում է», ապա գոնե պետք է զավեշտ չստացվի, իր իմիջին մոտ կարգախոս լինի:
Ամեն դեպքում` օրինաչափություն կա. երբ քաղաքական դաշտում նոր ուժ է առաջ գալիս, նոր գործիչ կամ նոր թեկնածու, կարգախոսը շատ ավելի մեծ կարևորություն է ստանում, մարդիկ հիշում են կարգախոսը և ուշադրության արժանացնում, քան քաղաքական դաշտում գործող և կռահելի ուժերի և կուսակցությունների կարգախոսը: Պատճառը պարզ է, մարդիկ փորձում են ծանոթանալ, հասկանալ ներկայացված նոր ուժին, թեկնածուին` ըստ այդ փոքր տեղեկատվության, հատկապես, որ հիմնականում թեկնածուի ծրագիրը չեն էլ կարդում:
– Իսկ այսօր արդյոք մեր հասարակությունը կարևորո՞ւմ է թեկնածուի անձը, խոստումը, ուղերձը:
– Իհա՛րկե կարևորում է: Այն, որ պապիկներն էլ նստած քննարկում են ու ասում, որ «ամեն ոք նույնն» է, կամ` «ամեն ինչ սուտ է», բայց քննարկում են, չէ՞, այն էլ` մանրակրկիտ: Հասարակությունը տարաշերտ է, և յուրաքանչյուր շերտ յուրովի է կարևորում. հետաքրքրվում են, կարդում, լսում, քննարկում, ընկալում կամ` ոչ, քննադատում, գովաբանում: Սակայն այլ բան է, որ կա հիասթափություն, ապատիա և քաղաքական պասիվ վարք: Յուրաքանչյուր հասարակական շերտ կարևորում է` ըստ իր պահանջների և պահանջմունքների:
– Եթե այսօր հասարակության մեջ ապատիկ վիճակ է, քաղաքական պասիվ վարքի դրսևորում, ապա հետընտրական փուլում ի՞նչ է սպասվում: Տեսակետ կա, որ ընտրություններից հետո սպասվում է քաղաքական վակուում:
– Քաղաքական վակուումն արդեն սովորական է դառնում: Դժվար է մարդկանց հավատը ետ բերելը, քանի որ դա տարիներով է գողացվել:
Մարդիկ կորցրել են անգամ չափանիշները` այս կամ այն թեկնածուին գերադասելու, հավանելու, քանի որ ամեն պահ վախ կա հիասթափված լինելու, իր սպասումները կտրուկ շրջելու: Ազնիվ քաղաքականություն է պետք երկար տարիներ, որ մարդկանց առանցքի բերի, վստահության և իրենց վերաբերմունքում համոզվածության: Անվստահության մթնոլորտը կոտրում է քաղաքական-քաղաքացիական ակտիվությունը: Հիմա այս վիճակն է, ընտրություններից հետո, չեմ կարծում` մարդիկ չսպասված դեպրեսիայի մեջ ընկնեն, կանխատեսելի է, իհարկե:
– Իսկ որպես հոգեբան` ի՞նչ կառաջարկեք մեր հասարակությանը: Կա՞ ինչ-որ այլընտրանքային լուծում:
– Միշտ կա լուծում: Դեղատոմս չկա: Հասարակությունը բազմաշերտ է, ամեն շերտ իր որակական կողմը պետք է պահի, ազատվի կարծրատիպերից և աննկատ դարձած վատ սովորույթներից, բարդույթներից: Իսկ երբ ազատագրվի այդ բարդույթներից` նաև պահանջատեր լինելու մասին կմտածի, ինքնուրույն կմտածի, կհասունանա և կգա այդ գիտակցության, որ պետք է մասնակից լինել սեփական ճակատագրի կայացմանը: Այդ ժամանակ քաղաքական ընտրարշավի գովազդներն էլ, կարգախոսներն էլ, մարդիկ էլ կհետաքրքրեն իրենց ոչ թե` որպես անհեթեթ տեղեկատվություն, այլ` որպես մասնակից և որոշում ընդունող:
«168 ԺԱՄ»